Ինովացիոն միջավայրի ձևավորման առումով Հայաստանի հաջողված մոդելն այսօր արտահանվում է տարբեր երկրներ. Բագրատ Ենգիբարյան (տեսանյութ)


Ինովացիոն միջավայրի ձևավորման առումով Հայաստանի հաջողված մոդելն այսօր արտահանվում է տարբեր երկրներ. Բագրատ Ենգիբարյան (տեսանյութ)

  • 07-11-2016 15:40:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Ինովացիոն միջավայրի ձևավորման առումով Հայաստանը դարձել է հաջողված մոդել, որն այսօր արտահանվում է շատ երկրներ»,- փաստում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` անդրադառնալով Հայաստանը որպես տեխնոլոգիական և ինովացիոն երկիր լինելու, ՏՏ ներուժի և ոլորտի վերջին զարգացումների թեմային: 
Ըստ նրա` Հայաստանում տեխնոլոգիական զարգացման գործընթացի սկիզբը դրվել է 2002 թվականին, երբ փորձ է արվել երկրի տնտեսությունը զարգացնել գիտելիքային ուղղությամբ: 
 
«Այդ ժամանակ ստեղծվեց ՁԻՀ-ը, ընտրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և հաջորդ տասը տարիների ընթացքում կառավարության դոնորների ու մասնավոր կազմակերպությունների աջակացությամբ Հայաստանը դրվեց քարտեզի վրա` որպես ինովացիոն երկիր»,- ասաց Բ. Ենգիբարյանը` ընդգծելով, որ հաջորդ խնդիրը մասշտաբային էֆեկտ ստանալն է եղել: 
Նրա խոսքերով` Հայաստանում մասշտաբային արդյունքների հասնելու համար երկար քննարկումներից հետո որոշվել է ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև մարզերում ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ, լաբորատորիաներ ու ինկուբատորներ: 
ՁԻՀ տնօրենի գնահատմամբ` ՏՏ ոլորտում մինչ օրս արձանագրված լուրջ հաջողություն է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որի հաջողված օրինակով մշակվել և իրականացվում է օրերս Վանաձորում բացված տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը, Կապանում հիմնվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում` ՏՏ կենտրոն:  
«Ներկայումս Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, որոնցից 2-ը` ամերիկյան, 1-ը` ֆրանսիական, 1-ը` թայվանական և 18 Երևանից, իսկ կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը` ստացել է նաև հետագա ֆինանսավորում»,- նշեց Բ. Ենգիբարյանը: 
Վերջինիս փոխանցմամբ` Վանաձորում բացված տեխնոլոգիական կենտրոնը հագեցած է գերժամանակակից և ինժեներական սարքավորումներով: Այստեղ նախատեսվում է առաջիկա 2-3 տարիների ընթացքում վերապատրաստել առնվազն 4000 մասնագետ, կստեղծվի 900 աշխատատեղ, կներկայացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր, կձևավորվի ճարտարագիտական կլաստեր: 
Բ. Ենգիբարյանի համոզմամբ` նմանատիպ կենտրոնները դառձել են մարզի և քաղաքի կարևոր տնտեսական բաղադրիչ` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, պատրաստելով ու վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդներին ու ընկերություններին կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարները: 
Բանախոսի կարծիքով` տեխնոլոգիական կենտրոնները ոչ միայն զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ, ներդրումների խթանմամբ և նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլև նպաստում են ներգաղթին, կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ, կատարում ուղղորդիչ դեր և, ամենակարևորը, իրենց շուրջ ձևավորում են երիտասարդության համար գրավիչ և ուրույն միջավայր: 
«Եթե մարզրում մենք կարողանում ենք ապահովել նմանատիպ ինովացիոն միջավայրեր, ապա մասնագետները տեղափոխվում են այնտեղ. Վանաձորում արդեն կան շատ մասնագետներ, ովքեր Վանաձոր են տեղափոխվել ոչ միայն մայրաքաղաքից, այլև տարբեր զարգացած երկրներից»,- ընդգծեց ՁԻՀ տնօրենը: 
Նա անդրադառնալով հետագա ծրագրերին` տեղեկացրեց, որ նոյեմբերի 10-ին կրկին ԵՊՀ տարածքում պաշտոնապես բացվելու է նաև ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիանրի կենտրոնը: 
Մյուս մանրամասները` տեսանյութում 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play