«Նաիիրտ»-ի նոր տնօրենը տեղյակ լինելով «փողերի լվացման» գործարքներին` գործարանի վերագործարկմամբ շահագրգռված անձ չէ. նաիրիտցիներ


«Նաիիրտ»-ի նոր տնօրենը տեղյակ լինելով «փողերի լվացման» գործարքներին` գործարանի վերագործարկմամբ շահագրգռված անձ չէ. նաիրիտցիներ

  • 09-11-2016 15:42:58   | Հայաստան  |  Հասարակություն



«Նաիրիտ» գործարանի նորանշանակ տնօրեն Ռաֆիկ Սանդոյանը քաջատեղյակ լինելով «փողերի լվացման» բոլոր գործարքներին` չի կարող լինել «Նաիրիտ»-ի համար սրտացավ և գործարանի վերագործարկմամբ շահագրգռված անձ: Նման դիրքորոշում ունեն Նաիրիտի համակարգող խմբի անդամները:
 
Նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նաիրիտի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանն իրենց դիրքորոշումը նորնաշնակ տնօրենի նկատմամբ հիմնավորեց հետևյալ կերպ. «Դեռևս 2002 թվականին այժմյան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի իրավանախորդ «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի և «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերության միջև կնքվել է կաուչուկի մատակարարման պայմանագիր, համաձայն որի` «Նաիրիտը» պարտավորվել է գնորդի ներկայացրած պատվերով որոշված խմբաքանակով մինչև 2700 տոննա քլորոպրենային կաուչուկ մատակարարել` 1տ-1500 դոլարի համարժեք դրամով: 3 ամիս անց` 2003-ի հունվարին նույն ընկերությունները կնքել են համաձայնագիր, որով արձանագրել են, որ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իրականացրել է ցուցահանդեսներում «Նաիրիտի» ապրանքների գովազդի հետ կապված աշխատանքներ: 
Կատարած աշխատանքների գինը, ըստ համաձայնագրի, կազմել է 882 մլն դրամ, որը համարվել է որպես մատակարարվող ապրանքների դիմաց արված կանխավճար, և «Նաիրիտը» պարտավորվել է պարսկական ընկերությանը մատակարարել 1000 տոննա քլորոպրենային կաուչուկ համաձայնագրի կնքման պահից 60 օրվա ընթացքում: Սակայն ընկերությունը փոխադրամիջոց չի ուղարկել Նաիրիտ գործարանի տարածք, հետևաբար՝ ապրանքի մատակարարում տեղի չի ունեցել։ Այդ ընթացքում պարսկական ընկերության կողմից որևէ պահանջ չի ներկայացրել: Տարիներ անց` 2008-ին, «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը, որը և դիմել է դատարան` նշելով, որ «Նաիրիտը» չի կատարել իր պարտավորությունները և պետք է վերադարձնի 882 մլն դրամը և տոկոսները: Իսկ դա կազմում է շուրջ 5 մլրդ դրամ, որից 882 մլն դրամը որպես պայմանագրով կատարված աշխատանքների գումար, իսկ ավելի քան 4 մլրդը` որպես պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած տույժի գումար»:
Կ. Շահվերդյանի խոսքերով`  վերոնշյալ դատական գործընթացներին տեղյակ լինելով` այն ժամանակ «Նաիրիտ»-ի գլխավոր տնօրենի իրավական հարցերով խորհրդական աշխատող Ռաֆիկ Սանդոյանն իր վերադասի գլխավորությամբ ոչինչ չի արել այդ ամենը կանխելու ուղղությամբ, արդյունքում «Նաիրիտ»-ն ընկել է մեծ պարտքերի տակ: 
«Նաիրիտ» գործարանի արհմության նախագահ Հրաչ Թադևոսյանի կարծիքով` այդքան էլ տեղին չէ նորանշանակ տնօրենին մեղադրել նախկինում կատարված գործարքների համար, քանի որ Ռաֆիկ Սանդոյանը եղել է ընդամենը խորհրդական, իսկ «Նաիրիտ»-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնայանն ունեցել է տասից ավելի խորհրդականներ: 
Նրա փոխանցմամբ` «Նաիրիտ»-ի աղմկահարույց գործարքների մասով առանձին ուսումնասիրություններ են անցկացրել ՀՀ Գլխավոր դատախազությունը, Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը և Ազգային անվտանգությունը: «Դրանք բոլորը միաժամանակ կոպիտ ասած ձայնը տվել են «Նաիրիտ»-ին, այսինքն` որոշել են, որ «Նաիրիտ»-ը ոչ մի գումար էլ պարտավոր չէ վճարել պարսկական ընկերությանը»,- ասաց Հ. Թադևոսյանը` հավելելով, որ իր համար բացարձակապես տարբերություն չկա, թե ով է աշխատում տնօրենի պաշտոնում, այլ կարևոր է, որպեսզի ընկերությունը վերագործարկվի: 
Նաիրիտի համակարգող խմբի մեկ այլ անդամ Անահիտ Մանուկյանի համոզմամբ` այսօր «Նաիրիտ»-ի տնօրենի պաշտոնում է նշանակվել մի մարդ, ով գործարանն ամբողջությամբ տանելու է դեպի կործանում: 
«Անկախ նրանից, որ մենք դեմ ենք պարոն Սանդոյանի նշանակմանը, համակարգող խմբի պնդումներից մեկն էլ այն է, որ «Նաիրիտ» գործարանի մասնագետները ներկայացրել են ծրագիր. Ուսումնասիրեք այդ ծրագիրը, կան ներդրողներ, որոնք ցանկանում են գործարանը վերագործարկել, թույլ տվեք այդ մադիկ գան, բանակցեք նրանց հետ, ի վերջո « Նաիրիտ»-ի վերագործարկումը կարող է լուծել բազմաթիվ աշխատատեղերի հարց և զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- եզրափակեց Ա. Մանուկյանը` կոչ անելով վարչապետ Կարեն Կարապետյանին լսել իրենց, գոնե մեկ անգամ հանդիպել և քննարկել իրենց կողմից բարձրաձայնվող բոլոր հարցերը:  
 
Մանրամասները` տեսանյութում
Նոյյան տապան  -   Հասարակություն