Ամերիկան վաստակել է հայ ժողովրդի հարգանքն ակնկալելու եւ չնսեմացվելու իրավունքը. Մեկնաբան


Ամերիկան վաստակել է հայ ժողովրդի հարգանքն ակնկալելու եւ չնսեմացվելու իրավունքը. Մեկնաբան

  • 09-11-2016 17:11:11   | Հայաստան  |  Վերլուծություն

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունը ցնցել է գրեթե բոլորին, այդ թվում Հայաստանում կամ հատկապես Հայաստանում: Մասշտաբներն այնպիսին են, որ չցնցվելը նույնիսկ թվում է հիմարության նշան: Առավել եւս, որ Պուտինն էլ շնորհավորել է Թրամփին: Ավելին, ամիսներ շարունակ համառ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թրամփին ԱՄՆ նախագահ է դարձնում հենց Պուտինը, որն այժմ քաղում է իր խորամանկության, հնարամտության պտուղները:
Դե, եթե Բաղրամյան 26-ը չէ, ուրեմն Պուտինն է: Կա՞ Հայաստանի լայն հանրության համար որեւէ այլ` երրորդ տարբերակ: Եթե լիներ երրորդ տարբերակ, գուցե երրորդ հանրապետությունը ներկայում չլիներ այն վիճակում, որում որ է:
Պուտինն է, թե Պուտինը չէ, այդուամենայնիվ, ի վերջո:
Մի բան հստակ է` Ամերիկան: Դա Ամերիկան է` Միացյալ Նահանգները, համաշխարհային գերտերությունը` իր բոլոր թերություններով եւ առավելություններով, իր խնդիրներով եւ ձեռքբերումներով հանդերձ, իր բոլոր շերտերով, գույներով եւ աստղերով հանդերձ:
Ինչ խոսք, ընտրության արդյունքից բխող հեռանկարը բավական անորոշ է, միաժամանակ խիստ հետաքրքրական` անակնկալ արդյունքի համեմատ սպասման տեսանկյունից:
Բայց, ինչ է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ինչու է այն լինելով թերեւս ամենաերիտասարդ պետությունը համաշխարհային «ակումբում», արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում այդ ակումբի դե ֆակտո առաջնորդն ու գերիշխող բեւեռը:
Ասել, թե ինչ է Ամերիկան, կրկին բարդ է, քանի որ ԱՄՆ չափազանց բազմաշերտ երեւույթ է, միաժամանակ խորքային անընդհատ փոփոխություններով, ներքին մեծ շարժով՝ բառի ֆիզիկական եւ պատկերավոր իմաստով: Ամերիկացիները ժամանակի ու տարածության մեջ անընդհատ շարժվում են, անընդհատ փոխվում, եւ դա է նաեւ առանցքային գրավականներից մեկը, որ նրանք շարունակում են մնալ համաշխարհային դե ֆակտո առաջատար: Նրանք անընդհատ շարժվում ու փոխվում են իրենց առանցքի` ամերիկյան պետականության արժեքների եւ ինստիտուտների շուրջ:
Դրանք են ամերիկյան հասարակության «հեղինակությունները», որոնք թույլ են տվել այդ հասարակությանը հասնել ահռելի ձեռքբերումների եւ միջազգային հարաբերություններում գերակա դիրքի: Նրանք միշտ ունեցել են երրորդ տարբերակը, եւ Դոնալդ Թրամփը ամերիկացիների, ամերիկյան հասարակության իրականում երրորդ տարբերակն է, ոչ թե երկրորդ թեկնածուն կամ 45-րդ նախագահը:
Բացառված չէ, որ ամերիկացիները սխալվել են այդ տարբերակում: Բայց առանցքայինը տվյալ դեպքում այն է, որ նրանք ընտրել են երրորդ տարբերակը, այսինքն դուրս են եկել երկու տարբերակների շրջանակից: Եվ չնայած ամերիկացիների «ուղղագիծ» լինելու մասին խորհրդա-ռուսական տարածված միֆերին ու կարծրատիպերին, որ շարունակում են զգալի տարածված լինել նաեւ Բաղրամյան 26-ի եւ «Պուտինի» երկու տարբերակների միջեւ ծվարած հայաստանյան հասարակության շրջանում, ԱՄՆ էֆեկտիվության կարեւոր գրավականներից մեկն այն է, որ հանրությունը չի վախենում դուրս գալ շրջանակներից` պարզապես ոչ թե օրենքի, այլ մտածողության շրջանակներից:
Մի բան, որն օրինակ խորհրդա-ռուսական կամ եվրասիա-ռուսական համակարգերում լիովին հակառակն է` բոլորը ծնվում են օրենքի շրջանակից դուրս գալու գենետիկ ադապտացվածությամբ, բայց մտածողության կաղապարների մեջ մնալու տիեզերական հավերժությամբ:
Ահա այդ «երկու քարի» արանքում էլ Հայաստանի հասարակության շրջանակում ձեւավորվում է վերաբերմունքը շրջապատում տեղի ունեցող իրողությունների հանդեպ:
Բայց գոնե ԱՄՆ հանդեպ հարգանքը թերեւս պետք է պահել, եւ չցնցվել ու չընկնել վախճանաբանական տեսությունների գիրկը, որքան էլ անսպասելի կամ անցանկալի լինի այդ երկրի նախագահի ընտրության քվեարկության արդյունքը:
ԱՄՆ իր պատմության ընթացքով ու ներկայով իհարկե չի գերազանցել այն մի քանի հազար տարիները, որոնց ընթացքում աշխարհում իր գոյությունն ապահովել եւ մեր ժամանակներին փաստորեն ամենահին տրեխներն է փոխանցել հայ ժողովուրդը, բայց պետականության որակի առումով Ամերիկան թերեւս լիուլի վաստակել է հայ ժողովրդի հարգանքն ակնկալելու եւ չնսեմացվելու իրավունքը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն