Դոնալդ Թրամփի հաղթանակը համաշխարհային առողջացման հնարավորություն է. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)
09-11-2016 17:22:04 | Հայաստան | Հասարակություն
ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը հնարավորություն է համաշխարհային առողջացման: Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա` մինչ օրս աշխարհը կառավարվում է մի կետից, որտեղ կենտրոնացված է մոլորակի ողջ հարստությունը և իշխանությունը, իսկ այդ համակարգի ձեռքին ԱՄՆ-ն ընդամենը գործիք է:
Ա. Մանուչարյանի խոսքերով, թե ԱՄՆ-ի, թե աշխարհի տարբեր երկրների ընտրանիները ծառայում են այդ փողի համակարգին, որի գագաթնակետը դեռևս պարզ չէ, սակայն նրա գոյության մասին բոլորը գիտեն:
«Այս փողի համակարգն էր, որ Հիլարի Քլինթոնին առաջ էր տանում որպես իր ներկայացուցիչ. ԱՄՆ-ն այս համակարգի համար մեկ գործիքն էր»,- ասաց նա` հավելելով, որ ԱՄՆ-ն հասցվել է հզորության մի աստիճանի, երբ հասարակ ժողովուրդը զգում է, որ ինքը չի տնօրինում սեփական երկրի ճակատագիրը:
Ա. Մանուչարյանի փոխանցմամբ` բացի Հ. Քլինթոնից, ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուները, այդ թվում նաև Դ. Թրամփը, բարձրաձայնում էին, որ Ամերիկայի «իսթեմբլիշմենթը» չի ծառայում ամերիկացի ժողովրդին:
Բանախոսի կանխատեսմամբ` նման պայմաններում Դ. Թրամփի հաղթանակն ունենալու է գլոբալ հետևանքներ, որոնց կոնտեքստում աշխարհաքաղաքական խնդիրները մանր հարցեր են. «Այստեղ խնդիրը հետևյալն է, կարծես թե մի շատ վատ համակարգից մենք հրաժարվում ենք, որը ստեղծել էր այս բոլոր պատերազմները, միգրանտների մեծաթիվ հոսքը եվրոպական երկրներ և այլն»:
Ա. Մանուչարյանը կարծում է, որ եթե մինչև Թրամփի հաղթանակը, նրա դեմ աշխատում էին ինֆորմացիոն, անալիտիկ և քաղաքական մեքենաները, ապա այսուհետ դրանց կավելանան նաև ֆինանսաբանկային և այլ տնտեսական համակարգերը:
«Անկասկած, Դ. Թրամփը միամիտ և միայնակ տղա չէ, և նրա հետևում ևս կան որոշակի ուժեր կանգնած. Նախընտրական քարոզարշավների ընթացքում նրա կողմից արված հայտարարություններում շատ դրական բաներ կային, և եթե իր ասածները կատարի, ապա կունենանք նոր որակի Ամերիկա, որը իր հետևից կտանի ամբողջ մարդկությանը` վերջինիս հանելով այս ճգնաժամային իրավիճակից»,- նշեց նա` հավելելով, որ մինչ Դ. Թրամփի պաշտոնավարման մեկնարկը, սուր պայքար է մղվելու վերոնշյալ փողի համակարգի և ԱՄՆ նոր նախագահի բերած համակարգի միջև: