Հենրիխ Մխիթարյանը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում (Տեանյութ)


Հենրիխ Մխիթարյանը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում (Տեանյութ)

  • 09-11-2016 17:48:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը
 
ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներ, լրագրողներ:
 Մխիթարյանը կօժանդակի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կրթություն ստանալու՝ երեխաների իրավունքն առաջ քաշելու գործում, կբարձրաձայնի Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առիթով է, որը նշվում է այս տարի դեկտեմբերին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին Մխիթարյանը կխրախուսի հայ ընտանիքներին՝ակտիվ քայլեր ձեռնարկել՝ փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը:
«Ցավալի է գիտակցել, որ ո´չ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է զարգացման իրենց ողջ ներուժը դրսևորելու և հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան», - նշեց Մխիթարյանը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ գործի դնել այս հնարավորությունը՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝Հայաստանում խթանել յուրաքանչյուր, հատկապես՝ամենախոցելի երեխաների կրթության իրավունքը»,-ավելացրեցՄխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը նաև պատասխանեց լրագրողների հարցերին.
-Դուք Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն եք և հիմա մարզվում եք երկրորդ լավագույն ռմբարկուի գլխավորությամբ. ի՞նչ կասեք այդ մասին:
 -Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին նոր բան տալ:
-Ցանկանում ենք իմանալ, թե ի՞նչ մարզավիճակում եք: Եւ ի՞նչ կասեք Չեռնոգորիայի հավաքականի մասին:
-Ճիշտ է` վերջին հանդիպումն անցկացրել եմ մոտ 1 շաբաթ առաջ, խաղացել եմ 30 րոպե, սակայն դա խոչընդոտ հանդիսանալ չի կարող: Կարևորը ցանկությունն է, մարզավիճակը գնում է 2-րդ պլան: Գիտեմ, որ սպասելիքները մեծ են:
-Ֆուտբոլիստները ՅՈւՆԻՍԵՖ-ին մեծ օգնություն են ցուցաբերում. օրինակ, Լիոնել Մեսսին Արգենտինայի կազմակերպությանը ֆինանսական մեծ օգնություն է տրամադրում: Դու այդպիսի նպատակ ունե՞ս:
 - Նշանակվել եմ բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանամ օգնել: Ճիշտ է` Մեսսիի չափ գուցե չկարողանամ օգնել, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել:
- Ինչպե՞ս եք պատրաստվում ժամանակ տրամադրել բարի կամքի դեսպան լինելուն:
 - Ըստ նախնական պայմանավորվածության` միջոցառումները կազմակերպվելու են այն ժամանակ, երբ լինեմ արձակուրդում: Երբ լինեմ Հայաստանում, կլինեմ տրամադրության տակ: 
 - Ինչպե՞ս է անցնում կյանքն Անգլիայում և «Մանչեսթեր Յունայթեդում»:
 - Ամեն ինչ շատ լավ է: Ճիշտ է` քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չի: Երկար ճանապարհ եմ անցել այնտեղ հասնելու համար. ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ իմ ուզածին հասնելու համար:
 
 
 
 
    
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն