Իրանը մոտ է նավթի արդյունահանման նախապատժամիջոցային ցուցանիշներին


Իրանը մոտ է նավթի արդյունահանման նախապատժամիջոցային ցուցանիշներին

  • 10-11-2016 13:53:45   | Հայաստան  |  Վերլուծություն

  
Չնայած Իրանի արտաքին քաղաքականության ղեկավարներն ամբողջապես բավարարված չեն միջուկային համաձայնագրի հակառակ բևեռում կանգնած երկրների՝ դրա պահանջների կատարումից, ակնհայտ է, որ երկրի տնտեսական կապերը մեծ առաջընթաց են գրանցել:
 
Միջուկային համաձայնագրի առաջին դրական արդյունքներն արդեն հաշվվել են եվրոպացիների կողմից. Իրանի և Եվրոպական միության միջև առևտրաշրջանառության ծավալները գրեթե կիսով չափ ավելացել են և 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում հասել $5,1 մլրդ-ի՝ 43%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սակայն այս թվերը չեն կարող բավարարել իրանական կողմին, քանի որ նշված ցուցանիշներն ապահովվել են դեպի Եվրոպա նավթի արտահանման ծավալների մեծացման շնորհիվ, մինչդեռ տնտեսության մյուս ճյուղերում առաջընթացը խիստ դանդաղում է: Եվրոպական երկրներից Շվեդիան, Ալբանիան և Հունաստանը կդառնան իրանական նավթի նոր գնորդները, իսկ Նիդերլանդներն առաջին գործուն քայլերն է անում Իրանի հետ բանկային ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում են իրանական պաշտոնական աղբյուրները, երկիրը մոտ է նավթի արդյունահանման նախապատժամիջոցային ցուցանիշներին: Այդ ցուցանիշները հնարավոր կդառնա ապահովել նաև իրանական նավթի հիմնական գնորդների՝ Չինաստանի և Հնդկաստանի շնորհիվ, որոնք նաև պատրաստվում են ներդրումներ կատարել իրանական նավթարդյունաբերության ոլորտում:
 
Իրան-Արևմուտք. Արևմուտքի հետ երկխոսության հիմնական թեման շարունակում է մնալ միջուկային համաձայնագրի կատարման հարցը: Պաշտոնական Թեհրանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կատարում է համաձայնագրով նախատեսված պարտավորությունները, սակայն համաձայնագրի մյուս կողմում կանգնած երկրները կամ դանդաղում են, կամ էլ չեն կատարում իրենց պարտավորությունները: Սեպտեմբերի 14-ին եռօրյա պաշտոնական այցով Բրյուսել ժամանեց Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին: Իրանցի պաշտոնյան հանդիպել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Կողմերը քննարկել են ինչպես միջուկային համաձայնագրերի կատարմանը, այնպես էլ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
 
Բավական դիտարժան զարգացումներ գրանցվեցին Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններում: Ամսվա մեկնարկին Միացյալ Թագավորությունը մեղադրանքներ հնչեցրեց իրանական կողմի՝ Մերձավոր Արևելքում վարվող քաղաքականության հասցեին, ինչին ի պատասխան իսլամական հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան պետք է ավելի սթափ գնահատի տարածաշրջանային իրավիճակը և ճիշտ գնահատականներ տա: Այս միջադեպից ընդամենը չորս օր անց երկու երկրները բարձրացրին դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ գործերի ժամանակավոր հավատարմատարից մինչև արտակարգ և լիազոր դեսպան:
 
Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանեց Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակ Կլոդ Բարտոլոն: Վերջինս հանդիպումներ ունեցավ իրանցի գործընկերոջ, Իրանի նախագահի, Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ այդ ուղղությամբ ամենակարևոր քայլը կլինի առկա պայմանագրերը գործի մեջ դնելը: Բարտոլոն նաև շեշտել է Իրանի բարձր դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման հարցում:
 
Ավելի ուշ Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին այցելել է Բեռլին, որտեղ գերմանացի գործընկերների հետ քննարկել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են միասնական ջանքեր գործադրել ահաբեկչական խմբավորումների հայտնաբերման գործում: Սակայն, միևնույն ժամանակ, կարելի է փաստել, որ Գերմանիայի հետ քաղաքական հարաբերությունները դեռևս չեն կարգավորվում, ինչը պայմանավորվում է իսրայելական գործոնով. Գերմանիան նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմանը վերջինիս կողմից Իսրայելի ճանաչումն է: Առաջիկա ամսում նախատեսվում է արդեն երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների հանդիպում:
 
Կարևոր իրադարձություններից մեկը Նյու Յորքում անցկացված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանն էր: Այն բավական արդյունավետ ստացվեց իրանական դիվանագիտության համար, քանի որ հնարավորություն ստեղծվեց ամենաբարձր հարթակից խոսել իսլամական հանրապետության հիմնական մտահոգությունների մասին: Իր ելույթում նախագահ Ռոհանին մեղադրել է մեծ պետություններին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համար՝ այն անվանելով սխալ քաղաքական կառավարման հետևանք: Ռոհանին հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Ճապոնիայի նախագահների հետ: Քննարկումների հիմնական թեմաներն են եղել երկկողմ փախհարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը: Իրանի նախագահը հանդիպում է ունեցել նաև միջուկային համաձայնագիրը ստորագրած վեցնյակի երկրների հետ: Հանդիպման ընթացքում Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Իրանն ու վեցնյակի երկրները լիովին կատարում են իրենց պարտավորությունները, ինչի մասին են վկայում ԱԷՄԳ երեք զեկույցները: Ինչ վերաբերում է Իրանի հրթիռային փորձարկումներին, ԵՄ արտաքին հարցերով պատասխանատուն ասել է, որ դրանք չեն խախտում միջուկային համաձայնագիրը, սակայն, միևնույն ժամանակ, չեն բխում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու հրամայականից և խախտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշ բանաձևեր:
 
Չնայած այս ամենին, Միացյալ Նահանգներում ավելի մեծ թափ են առնում խոսակցությունները միջուկային համաձայնագրի չեղարկման վերաբերյալ: ԱՄՆ-ում գտնվելու ժամանակահատվածում Ռոհանին հարցազրույց է տվել ԱՄՆ կենտրոնական հեռուստաալիքին: Վերջինս նշել է, որ ով էլ փոխարինի Բարաք Օբամային ԱՄՆ նախագահի պաշտոնում, չի կարող վերանայել միջուկային համաձայնագիրը: Իրանական թեման շարունակում է անմասն չմնալ ԱՄՆ նախագահի համար ընտրապայքարի քարոզչությունից: Եթե Դոնալդ Թրամփը մեղադրում է Օբամային Իրանի նկատմամբ մեղմ քաղաքականության մեջ, ապա Հիլարի Քլինթոնը ոչ միայն սատարում է Իրանի հետ հարաբերությունների վերականգնման գաղափարը, այլ նաև հավանության է արժանացնում միջուկային համաձայնագիրը: Ավելին, նախագահների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի ժամանակ դեմոկրատ թեկնածուն հպարտացել է, որ այդ համաձայնագրի կայացման գործում կա նաև իր ներդրումը, ինչպես նաև զգուշացրել է Թրամփին, որ Իրանի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը կարող է հանգեցնել նոր պատերազմի տարածաշրջանում:
 
Սեպտեմբերի կեսերին ԱՄՆ ավիացիան հարվածներ հասցրեց Սիրիայի կառավարական ուժերին, իսկ հետո Պետդեպը հայտարարեց, որ դրանք սխալմամբ են եղել: Պաշտոնական Թեհրանն այս առնչությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ը դիտավորյալ է այդ հարվածները հասցրել, իսկ երկրի հոգևոր առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ը մոտ է Մերձավոր Արևելքում վերջնական ձախողմանը:
 
Իրան-տարածաշրջան. Շարունակվում է Իրան-Սաուդյան Արաբիա հեռակա հակամարտությունը, որն ընդգրկում է երեք հիմնական հարց՝ Մերձավոր Արևելքում և մահմեդական աշխարհում տարվող քաղաքականություն, նավթի արդյունահանման ծավալների վերահսկում և գների կայունացում, Սաուդյան Արաբիայում ուխտագնացության կազմակերպման հարցեր: Ինչ վերաբերում է առաջին խնդրին, Իրանը շարունակում է մեղադրել Սաուդյան Արաբիային Իրաքում, Սիրիայում և Բահրեյնում իրավիճակի ապակայունացման մեջ՝ կոչ անելով Արաբական երկրների լիգային զբաղվել նրանով: Նավթի միջազգային գների կայունացման նպատակով Սաուդյան Արաբիան պահանջում է Իրանից նավթի արդյունահանման ամենօրյա ծավալները նվազեցնել մինչև 3,2 մլն բարելի, մինչդեռ Իրանն իր հերթին պահանջում է Սաուդյան Արաբիայից կատարել առաջին քայլն այդ ուղղությամբ՝ արդյունահանվող նավթի ծավալները նվազեցնելով մինչև 5 մլն բարելի, ներկայիս գրեթե 11 մլն-ի փոխարեն: Կողմերը դեռևս ընդհանուր հայտարարի չեն գալիս նաև Սաուդյան Արաբիայում իրանցիների ուխտագնացության կազմակերպման հարցում: 2015թ. գրանցված հրմշտոցի արդյունքում զոհվածների, այդ թվում՝ 464 իրանցու մահվան մեջ Թեհրանը մեղադրում է Էր Ռիադին, մինչդեռ վերջինս ոչ միայն չի ընդունում իր մեղքը, այլ նաև հրաժարվում է ուժեղացնել անվտանգության միջոցառումները:
 
Իրանին հաջողվում է զարգացնել քաղաքական համագործակցությունը տարածաշրջանի մեկ այլ պետության՝ Թուրքիայի հետ: Նյու Յորքում Ռոհանին հանդիպել է թուրք գործընկերոջ հետ։ Էրդողանը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանի երկու տերությունները պետք է միասին կարգավորեն առկա հիմնական խնդիրները, վերականգնեն կայունությունը տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Իրաքում: ՄԱԿ ԳԱ 71-րդ նստաշրջանից հետո Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջավադ Զարիֆը չպլանավորված այց է կատարել Անկարա: Այստեղ նա փակ դռների հետևում հանդիպում է ունեցել թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ: Զարիֆը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի վարչապես Բինալի Յըլդըրըմի հետ: Ինչպես հաղորդում են իրանական պաշտոնական աղբյուրները, հանդիպման գլխավոր արդյունքը եղել է այն, որ կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիային տրամադրելիք հումանիտար օգնության շուրջ:
 
Սեպտեմբերի 26-ին պաշտոնական այցով Թեհրան է ժամանել Սիրիայի խորհրդարանի ղեկավար Հադիյա Աբասը: Վերջինս հանդիպումներ է ունեցել Իրանի գործընկեր Ալի Լարիջանիի, նախագահ Ռոհանիի և Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայեթիի հետ: Կողմերի քննարկման հիմնական թեման, բնականաբար, եղել են Սիրիայի իրավիճակն ու դրա կարգավորման ուղղությամբ կատարելիք քայլերը: Սիրիայի խորհրդարանի ղեկավարը մեղադրել է Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Կատարին ստեղծված իրավիճակի մեջ՝ հորդորելով հեռու մնալ Սիրիայից:
 
Իրան-Հայաստան. Սեպտեմբերի 19-ին պաշտոնական այցով Իրան է մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր էներգետիկ, տրանսպորտային և տարանցման ոլորտներում: Քննարկվել է նաև դեպի Հայաստան իրանական գազի արտահանման ծավալների մեծացման հարցը: Կողմերը հայտնել են, որ ծրագրվում է ամենօրյա գազի մատակարարումները դեպի Հայաստան հասցնել մինչև 6 մլն մ3-ի: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսական պալատի նախագահ Հոսեյն Շաֆեիի հետ: Կողմերը քննարկել են բանկային, ապահովագրության ոլորտներում համագործակցության զարգացման, մաքսային, հարկային և առևտրային ռեժիմներին առնչվող հարցեր: Շաֆեին կարևորել է Հայաստանի դերը Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում:
 
Իրանի արտաքին քաղաքականության օրակարգային այլ ուղղություններ. Որոշ ակտիվություն գրանցվեց Իրան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններում: Կողմերը քննարկել են Վոլգա գետով իրանական նավերի տարանցման հարցը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրոպայի հետ Իրանի տնտեսական կապերի զարգացման գործում: Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են բանկային ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագրեր: Կողմերը պայմանավորվել են նաև միմյանց միջև առևտրաշրջանառությունն իրականացնել ազգային արժույթներով: Հարկ է նշել նաև, որ երկու երկրները նման պայմանավորվածություն ձեռք էին բերել դեռևս 2013թ., սակայն այս ուղղությամբ առաջընթաց մինչ այժմ չի գրանցվել:
 
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելուց առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ: Առաջին կանգառը Վենեսուելան էր, որտեղ սեպտեմբերի 17-18-ը կայացել է Չմիացման երկրների շարժման ղեկավարների տարեկան գագաթաժողովը: Ռոհանին հանդիպում է ունեցել Վենեսուելայի գործընկեր Նիկոլաս Մադուրոյի հետ: Նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական, հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: Կողմերը պայմանավորվել են համատեղել ջանքերը Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունում և նավթի միջազգային գների կայունացման հարցում: Ռոհանիի հաջորդ կանգառը Կուբայում էր, որտեղ նախագահը հանդիպումներ է ունեցել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի և Ֆիդել Կաստրոյի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ (մասնավորապես առողջապահության ոլորտում) համագործակցության վերաբերյալ հարցեր:
 
Սակայն Իրանի նախագահի լատինամերիկյան շրջայցը դուր չի եկել Վաշինգտոնին: Ամերիկյան «Ֆորին Ըֆեյըրս» հեղինակավոր պարբերականը գրում է, որ Իրանը նպատակ ունի ամրապնդվելու ԱՄՆ թիկունքում և առաջարկում է Սպիտակ տանը կանխարգելել Իրանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ շրջայց էր կատարել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
 
Դրական զարգացման որևէ եզր դեռևս չի գտնվում Իրան-Իսրայել հարաբերություններում: Միջուկային ծրագրերի կրճատումից և ռազմական ծրագրերի սառեցումից հետո Իրանն ինտենսիվորեն աշխատում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ուսումնասիրման դաշտ բերել Իսրայելին: ԱԷՄԳ 60-րդ տարեկան գագաթաժողովի ժամանակ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին իր ելույթում նշել է, որ կազմակերպությունը պետք է մոնիթորինգի ենթարկի Իսրայելի միջուկային ծրագրերը:
 
Ռոման Կարապետյան 
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play