ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի մայորը ձերբակալվել է`կաշառք ստանալու կասկածանքով


ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի մայորը ձերբակալվել է`կաշառք ստանալու կասկածանքով

  • 11-11-2016 16:43:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Գումար է պահանջել՝ նոր զինվորական գրքույկը տրամադրելու համար. մայորը ձերբակալվել է
ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով։
 
2016 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի սկզբին դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա. Մարգարյանին: Ըստ քաղաքացու՝ Ա.Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով 1 շաբաթ շարունակ հրաժարվել է վերականգնել իր զինվորական գրքույկը, որից հետո՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել՝ նոր զինվորական գրքույկը տրամադրելու համար։
 
Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ա.Մարգարյանը ձերբակալվել է։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։
 
Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։
 
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play