Մեղադրանք է առաջադրվել՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու համար


Մեղադրանք է առաջադրվել՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու համար

  • 11-11-2016 20:00:49   | Շիրակի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շիրակի մարզի բնակչի կողմից ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
 
2016 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 03:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը Շիրակի մարզի 38-ամյա բնակիչը վիճաբանել է ծնողների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տղամարդու մայրը տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն»:
 
«Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացած տեղեկանքի համաձայն՝ կնոջ մոտ ախտորոշվել է «փակ գանգուղեղային տրավմա՝ սուբդուրալ հեմատոմայի ձևավորումով, աջակողմյան հեմիպարեզ, ուղեղի այտուց, կոմա, գլխի ձախ գագաթաքունքային շրջանի ենթամաշկային հեմատոմա»:
 
Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը ծնողների հետ վիճաբանել ու նրանց նկատմամբ բռնություն է գործադրել հորեղբոր տանը։ Ծնողները տուժող են ճանաչվել, իսկ որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից,  հրաժարվել է ցուցմունք տալ։
 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը որոշ խնդիրներ ունի՝ հոգեկան առողջության հետ կապված և նախկինում բուժում է ստացել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հայաստանում։
 
Քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Նշանակվել են նաև դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատահետքաբանական փորձաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play