Առանց հասարակական լայն քննարկումների առկա մտահոգությունները հնարավոր չէ փարատել. ՄԻՊ


Առանց հասարակական լայն քննարկումների առկա մտահոգությունները հնարավոր չէ փարատել. ՄԻՊ

  • 14-11-2016 19:42:55   | Հայաստան  |  Իրավունք

 
Արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նախագիծը՝ կապված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման հետ:
 
Այսպիսի նախագծի վերաբերյալ բարձր ակտիվությամբ հանրային քննարկումները բնական են՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է երկրի պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանը և, հետևաբար, նրանց սոցիալական պաշտպանվածությանը: Այդ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են վեր հանելու ոլորտին առնչվող մտահոգություններն ու խնդիրները:
 
Զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն առկա է հատուցման նախատեսվող համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու խնդիր: Առաջարկվող համակարգի գործունեության նկատմամբ վստահությունը նախագծի քննարկման այս փուլում ունի կարևորագույն նշանակություն՝ այդ համակարգի հանրային լեգիտիմության ու հետագա գործադրման տեսանկյունից: Առաջ են քաշվում նաև հարցեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից գումարների ծախսմանը, այդ գումարների գոյացման աղբյուրներին, հիմնադրամի կառավարման արդյունավետությանը և այլն:
 
      Հնչող մտահոգություններն ու առաջ քաշվող խնդիրները պահանջում են հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը՝
 
1. պետք է հասարակության հնարավորինս լայն շրջանակների, այդ թվում՝ լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ կազմակերպել քննարկումներ և մանրամասն ուսումնասիրել հնչող բոլոր մտահոգությունները:  Ակնհայտ է, որ առանց նման քննարկումների այդ մտահոգությունները հնարավոր չի լինի փարատել.
 
2.  պետք է ապահովել հիմնադրամի աշխատանքների առավելագույն թափանցիկություն՝ որպես նախատեսվող հատուցման համակարգի նկատմամբ վստահության կարևորագույն գրավական.
 
3.   հիմնադրամը պետք է գործի նաև առավելագույն հաշվետվողականության պայմաններում: Դա կարելի է ապահովել, օրինակ, հատուցման գումարների գոյացման, դրանց չափի ու ծախսման, ինչպես նաև հիմնադրամի գործունեության մյուս ուղղությունների վերաբերյալ հանրային հաշվետություններ կամ զեկույցներ պարբերաբար հրապարակելու ձևով.
 
4. անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ վերահսկողությունը հիմնադրամի աշխատանքների նկատմամբ, այդ թվում՝ հիմնադրամի կառավարմանը նրա նեկայացուցիչների անմիջական մասնակցության ձևով: Դրան պետք է անմիջական մասնակից դարձվեն նաև լրատվության միջոցների ներկայացուցիչները: 
 
Այս ամենը պետք է ստանա նաև հստակ օրենսդրական ամրագրում:
 
 
 
ՄԻՊ աշխատակազմ  
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play