Ու՞մ համար է փոխվում Արցախի Սահմանադրությունը


Ու՞մ համար է փոխվում Արցախի Սահմանադրությունը

  • 16-11-2016 19:16:44   | Հայաստան  |  Վերլուծություն

Արցախում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկում է տեղի ունենում, որը հանրային եւ քաղաքական շրջանակներում ամենեւին էլ միանշանակ չի գնահատվում:
 
Բարեփոխումների նախապատրաստման գործընթացը շատերին ստիպում է եզրակացնել, որ դրանք անց են կացվում գործող նախագահ Բակո Սահակյանին նորից առաջադրվելու հնարավորություն տալու համար:
Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Հայաստանը հանրաքվե էր անցկացնում նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցնելու վերաբերյալ, նմանատիպ գործընթաց սկսվեց նաեւ Արցախում: Այն ժամանակ Ստեփանակերտում հայտարարում էին, որ Հայաստանն ու Արցախը նույն իրավաքաղաքական տարածությունում են, եւ Արցախը նույնպես պետք է խորհրդարանական հանրապետություն դառնա:
Այս միտումը շարունակվում էր մինչեւ ապրիլյան պատերազմը, որից հետո Արցախը հանկարծ որոշեց, որ պետք է ոչ թե խորհրդարանական, այլ ուժեղ նախագահական իշխանություն: Այն ժամանակ շատերին թվում էր, որ Ստեփանակերտը պարզապես սահմանադրական փոփոխություններ չի անի եւ ոչինչ չի փոխվի: Սակայն այդ դեպքում գործող նախագահ Բակո Սահակյանը չէր կարողանա նորից առաջադրվել, իսկ նա, ըստ երեւույթին, ցանկանում է առաջադրվել: Ամեն դեպքում, Բակո Սահակյանը հրապարակային չի հայտարարել, որ սահմանադրական հանրաքվեի քվեարկության ցանկացած ելքի դեպքում իր թեկնածությունը չի առաջադրելու:
Այս ամենը, բնականաբար, հիմնավորված դատողություններ է ծնել, որ Սահմանադրությունը փոխում են Բակո Սահակյանի վերարտադրության համար:
 
Ռազմավարական առումով, սակայն, Սահմանադրության փոփոխությունը չի կարող չարտացոլել ավելի լայն գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանն ու տարածաշրջանի ապագային:
2006 թվականին ընդունված գործող Սահմանադրությունում վերջին անցումային դրույթն ասում է, որ ԼՂՀ իշխանությունը տարածվում է մինչեւ ղարաբաղյան հակամարտության հարցում համաձայնության հասնելը փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա: Նոր Սահմանադրության նախագծով 173-րդ հոդվածը ԼՂՀ իշխանությունը տարածում է դե ֆակտո վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա՝ առանց կապելու կարգավորման հետ:
Դա, անշուշտ, ավելի առաջադեմ քայլ է, սակայն ձեւակերպումը շատ ամորֆ է, եւ հասկանալի չէ, սակայն, «փաստացի վերահսկողությունը» որ պահի համար է նշված: Սահմանադրության ընդունման պահի՞, 1994 թվականի մայիսի՞, 2016 թվականի ապրիլի 1-ի, թե՞ ապրիլի 5-ի համար:
Այս ձեւակերպումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, սակայն դրանք անխուսափելի են ներկայիս պայմաններում, երբ Ղարաբաղի ճակատագրում հայտնի է միայն մեկ բան՝ Արցախը պաշտպանելու եւ այնտեղ ապրելու ժողովրդի մտադրությունն ու վճռականությունը:
Մնացածը պարզ չէ: Օրինակ, ո՞վ է բանակցելու ղարաբաղյան հարցով, երբ 2018 թվականին Հայաստանի նախագահը լքի պաշտոնը: Ո՞վ է լինելու զինված ուժերի հրամանատարը, ինչպե՞ս է Արցախի հայերի համար լուծվելու  քաղաքացիության, անձնագրերի հարցը, Արցախի անկախությունը պահպանվելու՞ է, թե գնալու է միավորման ճանապարհով:
Այս հարցերը պատասխան չունեն, այդ պատճառով Սահմանադրությունում ձեւակերպումը հազիվ թե ավելի ճշգրիտ լիներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն