Բյուջեն ծակ է, և ես չեմ բացառում, որ վաղը հավաքված 1000 դրամները կուղղվեն այլ խնդիրների լուծմանը. Անահիտ Բախշյան (տեսանյութ)


Բյուջեն ծակ է, և ես չեմ բացառում, որ վաղը հավաքված 1000 դրամները կուղղվեն այլ խնդիրների լուծմանը. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

  • 17-11-2016 18:31:46   | Հայաստան  |  Հասարակություն



«Բյուջեն ծակ է, և ես չեմ բացառում, որ վաղը հավաքված 1000 դրամներն օրենքի մեկ այլ նախագծով ուղղվեն այլ խնդիրների լուծմանը»,- իր մտավախությունն է հայտնում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով ««1000 դրամի» մասին նախագծին: 
 
Ըստ նրա` ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից Ազգային ժողովում քննարկման ներկայացված վերոնշյալ նախագծով հերթական անգամ հասարակության համբերությունը փորձության է ենթարկվում: 
Ա. Բախշյանի խոսքերով` դրամահավաքների նկատմամբ հասարակության վստահության կորուստը մեծապես պայմանավորված է նախկին փորձով: 
Նա բերում է «Հայաստան» և 2002 թվականին ստեղծված «Մարտիկ»   հիմնադրամների օրինակը, երբ հավաքված գումարները ոչ միայն չեն ծառայել նպատակին, այլև փոշիացվել են: 
«Մենք ունենք մի իրականություն, երբ «Մարտիկ» հիմնադրամի կայքի տվյալներով 12404 անձիք ցուցակագրված են որպես 100-ական դոլար ներդրում կատարողներ. այդ գումարը փաստորեն կա բանկում, ասում են այն անձեռնմխելի է, բայց այդ գումարի վրա ամեն տարի եկող տոկոսները հայտնի չեն, թե ինչպես են ծախսվում մինչ օրս»,- ասաց Ա. Բախշյանը` հավելելով, որ հաշվետվության մեջ գրված է, թե տոկոսները ծախսվել են կանոնադրային ծրագրերի համար, սակայն այդ ծրագրերն էլ անհայտ:  
Բանախոսի գնահատմամբ` որոշ պաշտոնյաների կողմից արված այն արտահայտությունները, թե 1000 դրամներին դեմ արտահայտվողները հայրենասերներ չեն կամ ով այդ գումարները գողանա, «շան տղա» է, ստվերում են հասարակության համբերությունը և հասարակությանը տարբեր բևեռների բաժանում: 
Ա. Բախշյանը վստահ է, որ Հայաստանում բնակվող թեկուզ ամենաաղքատ ընտանիքը չի զլանա և կվճարի 1000 դրամ, եթե վստահ լինի, որ այդ գումարներն ուղղվելու են հենց զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: 
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ շտապում է տեղեկացնել, որ «1000 դրամի» մասին նախագիծը մինչև վերջնական քվերակություն և ԱԺ ընթերցում դեռ որոշակի փոփոխությունների է ենթարկվելու: 
Նրա կարծիքով` նախագծի փոփոխությունների ենթարկվելն օրինաչափ է, քանի որ այն անդրադառնում է շատ կարևոր շերտերի ու հարցերի, հետևաբար լայն հասարակության տեսակետները և կարծիքները չեն կարող հաշվի չառնվել:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն