Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)


Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

  • 22-11-2016 12:12:39   | Հայաստան  |  Հասարակություն



Այսօր Ացրախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրնն է.  Լրացավ նրա 74 տարին։ 
 
«Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի». — ասում էր Լեոնիդ Ազգալդյանը:
 
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս:
 
Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ 
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևան
ի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
 
Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
 
Զինվորների համար Լեոնիդը հեղինակություն էր և յուրօրինակ հրամանատար, ով միշտ կանգնած էր իր ջոկատի կողքին ու ոգևորում էր տղաներին: Նրա համար ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է, որից ավելի մեծ արժեք երկիրը չունի:
 
Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Այդ ընթացքում վեց մարդ է միայն զոհվել, յոթերորդն ինքն էր: Մահվանից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը՝ Վլադիմիր Բալայանը: Այդ օրը ջոկատի տղաները հրամանատարի աչքերում առաջին անգամ արցունքներ տեսան: Բալայանի մահվան լուրն առնելով՝ Ազգալդյանն ասել էր՝ գնալու է միանալու Վլադիմիրին՝ հավանաբար կանխազգալով, որ հաջորդ թիրախն ինքն է:
 
Լեոնիդը զոհվեց 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ թշնամու դավադիր կրակոցներից::
 
Նրա մարմինն ամփոփված է Երևանի Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախի գերեզմանոց)` իր հոր և մոր կողքին:
 
Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
 
Տեսանյութը՝ SamvelArmenia-ի
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play