«Մոսկվան կորցրել է իրականության զգացումը».Նարինե Մկրտչյան


«Մոսկվան կորցրել է իրականության զգացումը».Նարինե Մկրտչյան

  • 23-11-2016 16:35:17   | Հայաստան  |  Վերլուծություն
hraparak.am.Ամեն անգամ, երբ Մոսկվան Երեւանին կանգնեցնում է այս կամ այն կատարված փաստի առջեւ՝ Հայաստանի ինքնիշխանությունից պահանջելով նոր մասնաբաժին, ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանության համար նոր սպառնալիքներ են առաջացել, որոնց լավատեղյակ են Մոսկվայում:
 
Ամեն անգամ Սարգսյանը, իր իշխանության պահպանման համար, ՀՀ ինքնիշխանությունից նոր մասնահանում է անում Մոսկվային: ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, այնուամենայնիվ, չի վստահում նրան: Ապրիլյան պատերազմից հետո՝ առավել եւս: Ներհասարակական դժգոհության եւ չմարող զայրույթի այս պայմաններում Սարգսյանի իշխանությունը միշտ էլ մազից է կախված լինելու: Սարգսյանին Մոսկվայի կախվածությունից ազատելու եւ Հայաստանի ինքնիշխանության մնացորդները Մոսկվայից փրկելու ճանապարհներից երկուսը՝ ընտրություններով կամ հեղափոխությամբ նրան իշխանությունից հեռացնելը, դեռ արդյունք չեն տվել: Մնում է երրորդ ճանապարհը՝ Սերժ Սարգսյանից ետ գնել պետությունը: Ինչ գին էլ սահմանի Սերժ Սարգսյանը, այն չի կարող ավելի թանկ լինել, քան Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը: Եվ ես, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ եմ դասախոսական իմ համեստ աշխատավարձից ներդնել համազգային հանգանակության մեջ՝ հանուն Հայաստանի փրկության ետ գնելով մեր պետությունը Սերժ Սարգսյանից:
 
Քաղաքական վերջին տասնօրյակը Հայաստանում մթագնվեց ռուսական շառաչուն նախաձեռնություններից: Ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 12-ին ՌԴ նախագահը հավանություն է տվել «Հայաստանի հետ Զինված ուժերի միացյալ զորամիավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին» ՌԴ կառավարության ներկայացրած առաջարկին՝ հանձնարարելով հայկական կողմի հետ բանակցություններ վարել եւ համաձայնության դեպքում ստորագրել այն: Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ զորախումբը վերահսկելու է Հայաստան-Նախիջեւան սահմանը: Ընդ որում, խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմի ժամանակ՝ ՌԴ Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին:
 
Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը կորցրել է Հայաստանը: Ավելի ճիշտ՝ կորցրել է հայաստանցիների ինքնամոռաց վստահությունն ու նվիրումն առ Ռուսաստան: Սակայն այն, ինչ Մոսկվան արդեն չի կարող ստանալ Հայաստանի հասարակությունից, կարող է ստանալ ՀՀ իշխանություններից: Մոսկվան որոշել է շղթայակապ անել Հայաստանը եւ կցել Ռուսաստանին այնպես, որ Հայաստանը ոչ թե հեռանալու, այլ շարժվելու հնարավորություն իսկ չունենա: Առաջարկվող համաձայնագիրը հենց այդ շղթան է, որ Մոսկվան հիմա ձուլում է Հայաստանի անկախության մետաղաջարդոնից: Խաղաղ ժամանակ Հայաստանի ռազմական թշնամուն մահաբեր զենք մատակարարելով, իսկ պատերազմի ժամանակ՝ արդեն ղեկավարելով ռուս-հայկական միացյալ զորախումբը, որին կարող է տրվել ցանկացած, ընդհուպ՝ զինաթափման հրաման: Ակնհայտ է՝ Ռուսաստանը ՀՀ անվտանգությունը վերածելու է աշխարհաքաղաքական խաղագումարի:
 
«Սա զարգացում է, դրական զարգացում, որովհետեւ պարբերաբար համալրվում է նաեւ մեր ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունը։ Այսինքն` սա լավ նորություն է, եւ մենք աշխատելու ենք այնքան ժամանակ, մինչեւ այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»,- տխրահռչակ Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում շտապում է չհիմնավորված գնահատական տալ Սերժ Սարգսյանը ռուսական այս վտանգավոր նախաձեռնությանը: «Կարելի՞ է արդյոք սպասել նոր ռազմակայանի ստեղծում՝ Գյումրիից բացի»,- կրեմլյան շահերը ոգեւորված առաջ է տանում Կիսելյովը: Սարգսյանը զգուշանում է. «Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա, որովհետեւ ռազմակայանն ունի բոլոր հնարավորությունները՝ ներառելու պահանջված տարրերը։ Ուստի կարծում եմ, որ փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»:
 
Սակայն այն, ինչ անհրաժեշտ չէ այսօր, վաղը կարող է անհրաժեշտությամբ փայլել: Ժամանակի եւ իշխանության հարց է:
 
Ռուսական այս վտանգավոր նախաձեռնությունը յուրաքանչյուր արժանապատիվ իշխանություն ետ կմղեր, սակայն՝ ոչ Սարգսյանը: Երբ քաղաքական նժարին են դրվում իր իշխանությունը եւ Հայաստանի շահերը, նրա իշխանությունը միշտ ծանր է կշռում: 
Հայաստանում դեռ չէին հասցրել սթափվել այս նախաձեռնությունից, երբ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան նոյեմբերի 17-ին հրապարակայնացրեց մոսկովյան առաջիկա ուղեգիծը՝ «Ռուսաստանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ռուսերենը ԽՍՀՄ նախկին պետություններում հռչակվի երկրորդ պետական լեզու»։ Հիշատակելով ՄԱԿ-ի՝ 2015թ․ տվյալները, համաձայն որոնց ԱՊՀ 138 միլիոն բնակչություն ունեցող երկրներում (Ռուսաստանը չհաշված) ռուսերենին տիրապետում է ընդամենը 61 միլիոն մարդ, սույն տիկինն «ահազանգել է». «Մեկ սերունդ հետո մենք կբախվենք այն փաստին, որ մարդիկ կդադարեն ռուսերեն խոսել: Ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավիճակ ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում»,-եզրափակում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
 
«Ախորժակներիդ՝ քացախ»․ ի պատասխան մոսկովյան այս անամոթ պահանջի, նետել է Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Սակայն ախորժակն ուտելիս է բացվում, այն էլ՝ ռուսական ախորժակը: Կայսերական խելացնոր երազների մեջ Մոսկվան կորցրել է իրականության զգացումը: Նա ձգտում է ռուսական հպատակություն պարտադրել… Ռուսաստանից վերջապես ազատագրված պետություններին: 
Թվում է, թե Սերժ Սարգսյանն ամբողջովին խճճվել է Հայաստանի շուրջ իր իսկ մասնակցությամբ հյուսած աշխարհաքաղաքական սարդոստայնում: Սարգսյանին հարկ է օգնել դուրս գալ այդ սարդոստայնից՝ ետ գնելով Հայաստանի պետությունը նրանից եւ կանգնեցնելով ռուսական արշավանքը Հայաստան:
 
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն