Աշտարակում նշվեց անվանի մտավորական Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակը. (տեսանյութ)


Աշտարակում նշվեց անվանի մտավորական Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակը. (տեսանյութ)

  • 23-11-2016 22:07:06   | Հայաստան  |  Մշակույթ



Աշտարակում գտնվող Պ. Պռոշյանի  տուն-թանգարանն է: Այստեղ են նշվում ծնունդով աշտարակցի անվանի մտավորականներին նվիրված գրեթե բոլոր միջոցառումները: Նոյեմբերի 22-ին Պ. Պռոշյանի տուն-թանգարանում անցկացված հերթական ցերեկույթը նվիրված էր գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակին:
 
Նման միջոցառում իրականացնելու նախաձեռնությունը Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրինությանն է:
Միջոցառումը մեկնարկեց 20-րդ դարի նշանավոր մտավորականի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսով, որի շրջանակներում հրավիրյալները հնարավորություն ունեցան տեսնել ու ծանոթանալ Երվանդ Շահազիզի ծավալուն պահոցի մի փոքր հատվածին: 
Տասնյակ գրքերի և ուսումնասիրությունների, հարյուրավոր մենագրությունների, մեծ ու փոքր հոդվածների, հուշագրության և գրականության այլ ժանրի ստեղծագործությունների հեղինակը իր ուրույն ավանդն է ունեցել նաև ազգագրության մեջ: Դա է պատճառը, որ ցերեկույթի ընթացքում ցուցադրվեցին «Տերյան» մշակութային կենտրոնի մասնագետների կողմից մշակված հայկական ազգային հագուստի մերօրյա նմուշներ:  
Կարո Վարդանյանը փաստում է. «Մեծանուն աշտարակցին նշանակալի հետք է թողել հայագիտության բոլոր ասպարեզներում: Նրա թողած հարուստ ժառանգությունից օգտվել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, Ստեփանոս Նազարյանցը, Պերճ Պռոշյանը, Հովհաննես Այվազովսկին և այլոք»: 
Ծնունդով աշտարակցի մեկ այլ բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի բնութագրմամբ` Երվանդ Շահազիզը բազմաշնորհ և բազմատաղանդ անձնավորություն է եղել, ով առաջին հերթին նաև մեծ հայրենասեր էր: Մարդ, ով մեծ սեր է տածել մարդկության, ազգային մշակույթի ու արժեքների նկատմամբ, և իր գործունեությամբ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի գալիք սերունդներին կրթելու և դաստիարակելու համար ոչինչ չպակասի: 
Արվեստագետը ցավով ընդգծում է, որ այսօր Ե. Շահազիզի նման մեծությունը գնահատված չէ: Պատճառն ըստ նրա` ժամանակակից աշխարհի որդեգրած արժեքներն են: «Այսօր գովազդվում է անարժեքությունը, որն ունի գունավոր ու գեղեցիկ փաթեթավորում, մինչդեռ արժեքավորը գովազդի կարիք չունի, հետևաբար համամարդկային այս մոլորությունը երկար չի տևելու և գալու է ժամանակը, երբ հոգևոր արժեքները լայն տարածում կգտնեն»,- ասում է Արևշատ Ավագյանը` ընդգծելով, որ Երվանդ Շահազիզի նման նվիրյալներին հաճախ է պետք հիշել:  
Ցերեկույթի ընթացքում ներկաներն ունկնդրեցին Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաների հայկական նվագարանների կատարումները, ընթերցվեցին բանաստեղծություններ: 
           
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play