2017 թվականին հայաստանյան շուկան կհամալրվի հայրենական արտադրության հատապտղային թեյերի և չրերի նոր տեսականիով (Տեսանյութ և ֆոտոշարք)


2017 թվականին հայաստանյան շուկան կհամալրվի հայրենական արտադրության հատապտղային թեյերի և չրերի նոր տեսականիով (Տեսանյութ և ֆոտոշարք)

  • 24-11-2016 17:40:41   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն



Կոտայքի մարզի Գեղարդ համանքում օրերս բացվեց «Ռիտարտ Գրուպ» գյուղատնտեսական կոպերատիվի չրի և խոտաբույսերի արտադրամասը: Այն ստեղծվել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում` Եվրամության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: 
 
Ինչպես  «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Ritea» ընկերության տնօրեն Ռիտա Մարտիրոսյանը, արտադրամասը զինված է մոտ 10 հազար եվրո արժողությամբ նորագույն սարքավորումներով, որոնք արագացրել են խոտաբույսերի  ու հատապտուղների չորացման ընթացքը:
Նրա խոսքերով, եթե կոոպերատիվի անդամ հինգ կանայք երեք տարի առաջ նկուղներում կամ տնային պայմաններում խոտաբույսեր էին չորացնում, ապա այսօր նրանք ներկայացնում են իրենց արտադրանքը` յուրահատուկ, հետաքրքիր լուծումներով ու փաթեթավորմամբ:
«Խոտաբույսերի հավաքման, չորացման ու վերամշակման պրոցեսն իրականացվում է միայն բնական եղանակով` առանց քիմիական միջամտության, ինչն էլ ապահովում է արտադրանքի  հաճելի համը, օգտակարությունն ու գրավիչ տեսքը »,- ասաց նա` հավելելով, որ խոտաբույսերի յուրօրինակ խառնուրդներով թեյերը հնարավոր է գտնել միայն պրեմիում դասի սուպերկարկետներում և սրճարաններում: 
Ռ, Մարտիրոսյանի փոխանցմամբ` Կոտայքի մարզում նման արտադրամաս ստեղծելու նպատակն է ոչ միայն տեղի բնակչությանն ապահովվել աշխատատեղերով, այլև ներկայացնել իրենց արտադրանքը Հայաստանում և արտերկրում: 
Անդրադառնալով հետագա ծրագրերին, նա նշեց, որ կոոպերատիվը 2017թվականին պատրաստվում է շուկա ներկայանալ հատապտղային թեյերի և չրերի տեսականիով: 
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի փոխանցմամբ` ծրագրի մեկնարկը տալուց դեռ երեք տարի առաջ գյուղնախը բանակցություններ է վարել Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալություննների հետ: 
Նրա պնդմամբ` ծրագրի հիմքում դրված է արևելյան համագործակցության շրջանակներում գյուղի և գյուղատնտեսության զարգացման նախաձեռնությունը, իսկ իրականացնողներն  առաջին հերթին գյուղացիներն են և գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպությունները: 
«Մենք դեռևս 2015 թվականի վերջին ընդունեցինք նոր օրենսդրություն գյուղացիական տնտեսությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների մասին, որը հուս ունենք կդառնա այն կարևոր նախաձեռնությունը, ինչն էլ կհամախմբի գյուղացիներին և գյուղատնտեսությամբ  զբաղվողներին»,- նշեց Ա. Հարությունյանը:
ENPARD ծրագրի չրերի, չոր մթերքի և խոտաբույսերի արժեշղթայի համակարգող Էլզա Ստեփանյանի տեղեկացմամբ` Հայաստանում կոոպերատիվներ ստեղծելու գործընթացը սկսվել է 2015 թվականի հունվարից, այս ընթացքում բացվածներն արդեն  գրանցված են որպես գյուղատնտեսական կոոպերատիվներ: 
Ըստ նրա` փոքր արտադրամասերի ստեղծմանը ENPARD ծրագիրը նպաստում է էլեկտրական չորանոցների, փաթեթավորման սարքերի, աշխատալվացարանների, սեղանների, ինչպես նաև հաշվապահական խորացված թրեյնինգների տրամադրմամբ:  
Է. Ստեփանյանի խոսքերով, նման ծրագրի նպատակն է հզորացնել գյուղմթերք արտադրող խմբերին, նրանց ներգրավել արժեշղթաների զարգացման մեջ, ամրապնդել բարձրորակ և մատչելի արտադրանքի արժեշղթաները, նպաստել գյուղական վայրերի զարգացմանը, ընդլայնել տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները,  Հայաստանում ներդնել գյուղատնտեսական արտադրության և մշակման լավագույն փորձը:
Նշենք, որ կոոպերատիվների մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2015 թվականին: Այս ընթացքում հանրապետության 7 մարզերում բացվել և գործում է 53 կոոպերատիվ: Համագործակցելով եվրամիության հետ` կառավարությունը փորձում է նման փոքր տնտեսությունների համար ներդրումներ բերել: 
 
Տեսանյութն ու լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի 
 
Մերի Հունանյան,  «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play