«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն կարող է հասարակությանը զերծ պահել 1000-ական դրամը մուծելուց


«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն կարող է հասարակությանը զերծ պահել 1000-ական դրամը մուծելուց

  • 24-11-2016 16:30:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, պատրաստ են կառավարությանը ներկայացնել բարձրաստիճան այն պաշտոնյաների մասնակցությամբ հարուցված քրեական գործերը, որտեղ ապացուցված է, որ նրանք զբաղվել են վաշխառությամբ եւ փողերի լվացմամբ:
 
Կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ծանոթանալով Կառավարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է 1000-ական դրամ հատկացնել հիմնադրամին, որը կոչված է լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները, եւ առաջարկներ ունեն, թե ինչպես կարելի է հավաքել նախատեսված գումարն առանց քաղաքացիների աշխատավարձերից պարտադիր պահումների:
 
«Մենք անդրադառնում ենք ոչ թե նրան, որ հարեւանը հարեւանին 50 հազար դրամ տոկոսով փող է տվել, այլ հիմնականում դրանք խմբեր են, որոնք տուժել են պաշտոնատար անձանցից: Վաշխառությունը մենք դիտարկում ենք որպես խարդախության եւ փողերի լվացման միջոց: Պաշտոնատար անձինք, որ այդ գումարներն ունեցել են՝ 1 միլիոն 500 հազար դոլար եւ այլն, պարզ է, որ նման աշխատավարձ նրանք չէին կարող ստանալ մեր պետությունում: Փաստացի մենք այսօր բացահայտել ենք այն բոլոր դեպքերը, երբ մարդիկ վաշխառության միջոցով փորձել են միանգամից երկու նապաստակ սպանել»,- ասաց մեր զրուցակիցը նշելով, որ այս դեպքում պաշտոնյաները ստացել են ե՛ւ եկամուտ, ե՛ւ տիրացել են այլ անձանց գույքին:
 
«Գումարը, երբ միջնորդնի միջոցով դառնում է գույք, այդ գումարը մաքրվում է, լվացվում է: Հետո նրանք ունենում են, օրինակ՝ 10 հատ գույք, որի մի մասն իր անունով է ձեւակերպել, մի մասը՝ զոքանչի, մի մասը այլ բարեկամի անունով, բայց ըստ էության, դրանք կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված գումարներ են, որոնք վաշխառության միջոցով վերածել են գույքի, որոնք հետագայում կարող են գումար դառնալ»,- նշեց նա:
 
Իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավարը բերում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի օրինակը: «Մենք ունենք նմանատիպ շատ դեպքեր, եթե հնարավորություն լինի մենք ամեն ամիս կարող ենք հասարակությանը զերծ պահել այդ 1000-ական դրամը մուծելուց: Համենայնդեպս, մի քանի ամսի հաստատ կկարողանանք»,- նկատեց հկ-ի ղեկավարը:
 
Հովհաննես Երիցյանը, օրինակ՝ մի դեպքով 900 հազար դոլար գումար է տոկոսով տվել եւ չի մտածել, որ վաշխառություն է անում եւ այդ գումարի պահանջով դատարան է մտել: Այսինքն՝ ինքն ապացուցել է, որ այդ գումարը տոկոսով է տվել, սակայն պնդել է, որ 2 տոկոս տոկոսադրույքով է տվել, որը ՀՀ օրենսդրությամբ չի համարվում վաշխառություն: «Բայց մենք այստեղ ավելի սարսափելի հանցագործություն ենք տեսնում: Մարդը 2 տարի աշխատել է Քաղավիացիայի վարչության պետ, որտեղի՞ց այդքան գումար նրան: 900 հազար դոլար տվել է եւ 1 միլիոն 498 հազար դոլար միայն տոկոս է ստացել, 10 տարի շարունակ ինքն ամեն ամիս 18 հազար դոլար տոկոս է ստացել»,- նկատեց Մարինա Պողոսյանը՝ շեշտելով, որ եթե տվյալ պաշտոնյան հարկեր վճարեր, ապա գոնե որոշակի խնդիրներ պետությունը կկարողանար լուծել աղքատության եւ այլնի ուղղությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը