«Կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը մարդու իրավունքների խախտում է».ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


«Կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը մարդու իրավունքների խախտում է».ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

  • 24-11-2016 18:13:31   |   |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի   ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ.
Նոյեմբերի 25, 2016 թ.
 
Վերջապես աշխարհում տարածվում է այն գիտակցությունը, որ կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը մարդու իրավունքների խախտում է, հանրային առողջությանը սպառնացող համավարակ և կայուն զարգացման լուրջ խոչընդոտ։ Այդուհանդերձ, դեռևս շատ ավելին կարող ենք անել և պետք է անենք, որպեսզի այս գիտակցությունը վերածվի բռնությունների կանխարգելման ու դրանց արձագանքման բովանդակային գործողությունների։
 
 
Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը ծանր է արժենում ընտանիքների, համայնքների և տնտեսությունների համար։ Երբ բռնության հետևանքով կանայք զրկվում են աշխատելու հնարավորությունից, վտանգվում է նրանց զբաղվածությունը, հետևաբար՝ այնքան անհրաժեշտ եկամուտը, ինքնուրույնությունը և բռնի հարաբերություններին վերջ դնելու կարողությունը: Բացի այդ, կանանց հանդեպ բռնությունների հետևանքով տուժում է ձեռնարկությունների արտադրողականությունը, և վատնվում են սոցիալական ծառայությունների, արդարադատության համակարգի ու առողջապահական գործակալությունների ռեսուրսները։ Ընտանեկան և զուգընկերոջ կողմից բռնությունը շարունակում է մեծապես տարածված լինել, իսկ անպատժելիությունն ավելի է բարդացնում իրավիճակը։ Վերջնարդյունքում ունենում ենք ահռելի տառապանք և հասարակությունում իրենց լիարժեք ու լիիրավ դերը կատարելու հնարավորությունից զուրկ կանայք։
 
 
Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ այդ գինը։ Կանայք և աղջիկները չեն կարող և չպետք է իրենց թույլ տան դա։ Եվ այդուհանդերձ, այդօրինակ բռնությունը համառորեն շարունակում է իր գոյությունն ամեն օր, աշխարհով մեկ։ Իսկ այս մարտահրավերի դիմակայման ջանքերը, չնայած քաղաքական կամքի առկայությանը, շարունակում են զուրկ լինել բավարար ֆինանսավորումից։
 
 
2008 թվականից ի վեր ես առաջնորդում եմ կանանց նկատմամբ բռնություններին վերջ դնելու UNiTE քարոզարշավը, որը կոչ է անում համաշխարհային գործողության՝ մեծացնելու ռեսուրսներն ու խթանելու լուծումները։ Կառավարություններին կոչ եմ անում իրենց պատրաստակամությունը ցույց տալ էապես մեծացնելով ծախսերը բոլոր համապատասխան ոլորտներում, այդ թվում՝ ի աջակցություն կանանց շարժումներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Աշխարհի առաջնորդներին նաև խրախուսում եմ ֆինանսապես աջակցել «ՄԱԿ-Կանայք» կառույցին և Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի նպատակային հիմնադրամին: Մեր հայացքն ուղղում ենք նաև մասնավոր հատվածին, բարերարներին և մտահոգ քաղաքացիներին՝ ակնկալելով նրանց մասնակցությունը ևս:
 
Այսօր մենք ականատես ենք, թե ինչպես է աշխարհը ողողվել նարնջագույնով, որը խորհրդանշում է պայծառ ապագա կանանց և աղջիկների համար: Նպատակաուղղված ներդրումներով մենք կարո՛ղ ենք այդ լույսերը վառ պահել, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնովին վերացնել կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play