Ո՞ւմ հովանու տակ կհայտնվի տարածաշրջանը


Ո՞ւմ հովանու տակ կհայտնվի տարածաշրջանը

  • 25-11-2016 17:45:08   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը ողջ աշխարհում փոփոխությունների սպասում առաջացրեց, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասի երկրներում: Ճիշտ է, ոչ ոք չգիտի, թե որ ուղղությամբ է զարգանալու աշխարհի միակ գերտերության քաղաքականությունը, ինչպես ԱՄՆ-ն անվանեց Վլադիմիր Պուտինը:
 
Սպասումներ կան նաև ղարաբաղյան կարգավորման առումով, չնայած որ շատ փորձագետներ ընդունում են, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն ավելի գլոբալ տրանսֆորմացիաների համատեքստում, մասնավորապես Մերձավոր Արևելքում դիմակայության հանգուցալուծման համատեքստում: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Մերձավոր Արևելքում սամաններն անփոփոխ կմնան, թե նոր համաշխարհային պայմանագիր կկնքվի, որը չի կարող նաև Հարավային Կովկասի և Թուրքիայի կողքով անցնել:
Իսկ մինչ այդ ղարաբաղյան հակամարտության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն արտահայտվեց ոչ այնքան նշանակալից փաստով. ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ուղիներ գտնելու հարցով Մինսկի խմբի ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին: Նա մտադիր է դառնալ Վաշինգտոնում տեղակայված ռուսական խոշոր ընկերության խորհրդատու:
Ուորլիքի հեռանալը կարող է կարգավորման տրամաբանության փոփոխության զկիբ դնել: Ջեյմս Ուորլիքը ՄԽ համանախագահ է դարձել 2013թ-ին, և այդ պահից բանակցությունների հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի քննության ինչ-որ մեխանիզմներ ներդնելու ամերիկյան նախաձեռնությունը: Ոչ ոք հստակ չգիտի, թե դա ինչ է ենթադրում:
Խոսում են մոնիթորինգային սարքավորման մասին, սակայն չի նշվում, թե որ երկրի արտադրանք պետք է լինի այդ սարքավորումը, արդյո՞ք այն կապված կլինի «կենտրոնի» հետ որևէ մայրաքաղաքում: Մի խոսքով, անհասկանալի է, թե ով է վերահսկելու Ադրբեջանի հետ Ղարաբաղի սահմանը և ում «անձրևանոցի», այսինքն ու հովանու տակ կհայտնվի տարածաշրջանը:
Հայաստանն ընդունել է ԱՄՆ առաջարկը, միաժամանակ Երևանն ավելի շատ է ամրապնդում իր ռազմական-տեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Մասնավորապես, գրեթե ավարտված է հայ-ռուսական համատեղ ՀՕՊ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացումը: Այժմ խոսքը գնում է ցամաքային Միավորված խմբավորման ստեղծման մասին, որում կներառվեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայկական բանակի ստորաբաժանումներից մեկը: Տեղեկություններ կան նույնիսկ, որ այդ խմբավորման մաս կարող են կազմել հատուկ ծառայությունների ուժերը:
Հայաստանը նաև վերջերս ցուցադրեց Իսկանդեր օպերատիվ-մարտավարական համալիրներ, որոնք ռուսական օդային «անձրևանոցի» մաս են կազմում: Բացի այդ, հայկական կողմը հայտարարում է սահմանի ամրապնդման ինքնուրույն աշխատանքների, ջերմային տեսախցիկների և այլ մոնիթորինգային սարքավորումների տեղակայման մասին, որոնք, պաշտպանության փոխնախարարի խոսքով, թույլ են տալիս տեսնել հակառակորդի գործողությունները «խորը թիկունքում»:
Այս քայլերը խոսում են այն մասին, որ հայկական կողմը մտադիր չէ զիջել ներկա սահմանները, որոնք որոշվել են 1994թ-ի մայիսին կնքած հրադադարից հետո և ճշգրտվել 2016թ-ի ապրիլի 1-4-ը այսպես կոչված Ապրիլյան պատերազմի ժամանակ: Հայկական կողմը ընդունել է ապրիլին 800 հա հողի կորուստը՝ հարավում և հյուսիսում: Սակայն մնացած բոլոր հողերը Հայաստանը մտադիր է պաշտպանել ցանկացած գնով:
«Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բոլորովին վերջերս հայտարարել է, որ 2011թ-ի Կազանի բանակցությունների ժամանակ պատրաստ էր Ադրբեջանին զիջել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության հարակից շրջանները, «որոնք Ադրբեջանն օկուպացված է անվանում»: Խոսքը գնում է 5-7 շրջանի մասին, որոնք անցել են ղարաբաղի վերահսկողության տակ պատերազմի ընթացքում:
Սերժ Սարգսյանը դրանք անվտանգության գոտի է անվանում՝ հայտարարելով, որ հայկական կողմը պատրաստ էր դուրս բերել իր զորքերն այդ տարածքներից Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման և կապի վերականգնման դիմաց: Սակայն 2011թ-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք նոր պահանջներ առաջ քաշեց և հրաժարվեց Կազանի պլանից:
Այնքան էլ պարզ չէ՝ արդյոք Ալիևն այժմ հրաժարվում է այդ պլանից, որը փորձում է առաջ տանել Ռուսաստանը: Ալիևը վերջերս հայտարարել է, որ պատրատ է դիտակել Ղարաբաղի ինքնավարությունը, սակայն բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ալիևը ուժեղացրել է նաև ռազմական հռետորաբանությունը՝ մասշտաբային զորավարժություններ անցկացնելով և նոր զենքի ձեռքբերման մասին հայտտարարելով: Ադրբեջանը պատրաստվում է նաև 63%-ով ավելացնել ռազմական ծախսերը 2017թ-ին:
Փորձագետները պնդում են, որ հիմա Կազանի պլանից հրաժարվում է Սերժ Սարգսյանը: Սակայն ակնհայտ է, որ միջնորդները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիան նույնպես կողմ են ներկայիս ստատուս քվոյի պահպանմանը, այլ ոչ թե Կազանի պլանին, որը ներկա սահմանների փոփոխություն է ենթադրում և հղի է տարածաշրջանում ապակայունության վտանգով:
Ադրբեջանն ամեն կերպ ձգտում է փոխել այդ թրենդը և բանակցությունները վերադարձնել դեպի Կազանի առաջարկների հուն: Այդ նպատակով Ադրբեջանը փորձում է օգտագործել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Ակնարկելով ռուսամետ Եվրասիական միություն մտնելու հավանականության մասին՝ Ադրբեջանը «ղալիմ» է պահանջում Մոսկվայից գոնե մի քանի ղարաբաղյան շրջանների տեսքով:
Այս գործում ներգրավված է նաև Թուրքիան, որը ղարաբաղյան կարգավորմամբ է պայմանավորում Հայաստաննի հետ սահմանի բացումը: Այդ սահմանը Եվրոպայի խորհրդի երկրների միակ փակ սահմանն է, սակայն Թուրքիան համառորեն չի բացում այն՝ հայտարարելով, որ կանի դա, երբ Հայաստանը զորքերը դուրս կբերի Ղարաբաղի հարակից շրջաններից: Ընդ որում, շրջանների քանակը տատանվում է՝ 7-ից, 5-ից մինչև 3: Իսկ վերջերս թուրք պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ Հայաստանը չհամաձայնեց զորքերը դուրս բերել գոնե մեկ շրջանից, չնայած որ Թուրքիան հենց դա էր առաջարկում:
Այս ֆոնին դժվար է ենթադրել, թե ինչպիսին կլինի ղարաբաղյան կարգավորման զարգացումների ուղղվածությունը: Այնուամենայնիվ, Հայաստանը նախընտրական փուլ է թևակոխում, և մինչև հաջորդ տարվա կեսերը հազիվ թե կարելի լինի ակտիվ զարգացումների սպասել:
Այնուամենայնիվ որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Բարաք Օբաման կփորձի օգտագործել նախագահության իր վերջին երկու ամիսները Մերձավոր Արևելքում մեծ համաձայնագիր կնքելու համար: Դա կարող է բազմամակարդակ համաձայնագիր լինել, որի մասնակիցները կարող են լինել Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Եվ այդ համաձայնագիրը չի կարող շրջանցել Հարավային Կովկասը, որն այդ երկրների հարևանությամբ է գտնվում:
Եթե նման համաձայնագիր չլինի, ապա ներկայիս իրավիճակն ու իրերի դասավորությունը Հարավային Կովկասում կսառեցվեն: Ադրբեջանը պարբերաբար կփորձի փոխել այդ իրավիճակը, որպեսզի ստատուս քվոն միջազգայնորեն ճանաչված իրողություն չդառնա: Սակայն Հայաստանն, ըստ ամենայնի, վերջնականապես կորցրել է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» կամ «տարածքներ՝ հաղորդակցության վերականգնման և ռազմական գործողություններից հրաժարվելու դիմաց» սկզբունքով կարգավորման մոտիվացիան:
«Սպուտնիկին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Իլհամ Ալիևի հետ, սակայն միայն վստահության միջոցների և հաշտության ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիր ստորագրելու համար: Կազանի պլանի մասին հավանաբար ստիպված ենք մոռանալ:
 
http://armenian-community.ge/News/2198
 
Նաիրա Հայրումյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն