«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» մասնագետները դեմ են 1 լաբորատոր փորձաքննության արդյունքներով որևէ սննդամթերք վատ որակելուն (տեսանյութ)


«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» մասնագետները դեմ են 1 լաբորատոր փորձաքննության արդյունքներով որևէ սննդամթերք վատ որակելուն (տեսանյութ)

  • 28-11-2016 15:35:48   | Հայաստան  |  Հասարակություն



«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա»-ի մասնագետները դեմ են մեկ լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա որևէ սննդամթերք կամ մսամթերք վատ որակելուն: Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանը և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: 
 
Շուրջ 25 տարի հայ սպառողների կողքին գնտվող «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահի փոխանցմամբ` 2016 թվականի ապրիլ ամսից իրենք այցելություններ են իրականացրել տեղական 40-ից ավելի արտադրամասեր և ոչ մի լուրջ խախտում չեն հայտնաբերել: 
Ըստ նրա` որոշ ԶԼՄ-ներ ոչ ճիշտ տեղեկություններ են հայտնում հայաստանյան կաթնամթերք, մսամթերք և սննդի այլ տեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունների մասին, այդպիսով մոլորության մեջ գցելով սպառողներին: 
«Ճիշտ է շուկայում կան անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքներ, սակայն մենք դրանց մասին անպայման բարձրաձայնում ենք` դիմելով, թե կառավարությանը, թե Սննդի անվտանգության տեսչությանը և լրացուցիչ այլ պատկան մարմիններին»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում հաճախակի է խախտվում լաբորատոր հետազոտության մեթոդաբանությունը: 
Մ. Հակոբյանի պնդմամբ` մսամթերքի, կաթնամթերքի կամ սննդի այլ տեսակի որակը ստուգելու, հետազոտության ճիշտ և օբյեկտիվ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 3 լաբորատորիաների միաժամանակյա փորձարկումների արդյունքները:  
Ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի խոսքերով`  իրեն ամբողջ շուկան վերահսկել չենք կարող, սակայն սպառողների կողմից առավել շատ օգտագործվող ոլորտներում իրականացնում են խորացված մոնիթորինգ և լավագույնս տիրապետում են  առկա իրավիճակին: 
«ՀՀ-ում կաթնամթերքի շուկան կայացած է, տարիների ընթացքում հասել ենք մի իրավիճակի, երբ կաթնամթերքի տեղական արտադրության մեջ միայն 10 տոկոս բաղադրիչներն են ներկրվում, դա խտացրած և չոր կաթերն են: Նույնը մսամթերքի արտադրության ոլորտում է. այստեղ մոտ 90 տոկոսը տեղական արտադրության է, միայն հումքն է ներկրված այն էլ բարձր որակի»,- ընդգծեց Ռ. Հայթյանը` հավելելով, որ կան անբարեխիղճ ԶԼՄ-ներ, որոնք առանց հիմնավորելու հրապարակում են նյութեր` որոշ ընկերությունների արտադրանքը որակելով վատ: 
Բանախոսների պնդմամբ` իրենք պատրաստ են վիճարկել «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի փորձաքննության արդյունքները, որոնց հիման վրա վերջերս մամուլում շրջանառվել են մի շարք ընկերությունների անուններ` իբրև վատ սնունդ արտադրողներ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն