Ներկայիս տրամաբանությամբ շարժվելու դեպքում տարին հնարավոր կլինի փակել հազիվ 1 տոկոս տնտեսական աճով. Գագիկ Մակարյան (տեսանյութ)


Ներկայիս տրամաբանությամբ շարժվելու դեպքում տարին հնարավոր կլինի փակել հազիվ 1 տոկոս տնտեսական աճով. Գագիկ Մակարյան (տեսանյութ)

  • 29-11-2016 15:48:09   | Հայաստան  |  Տնտեսություն



«Ներկայիս տրամաբանությամբ շարժվելու պարագայում տարին հնարավոր կլինի փակել հազիվ 1 տոկոս տնտեսական աճով»,- կարծում է Հայաստանի Գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը:  
 
Ըստ նրա` վերջին 10 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսությում արձանագրված 0,4 տոկոս աճը թույլ է տալիս ենթադրելու, որ մինչ օրս Վիճակագրական ծառայության կողմից ներկայացված տնտեսական ցուցանիշները պարզապես ուրճացված են եղել: 
Գ. Մակարյանի կարծիքով` Հայաստանի տնտեսության ներկայիս ծանր վիճակը կարելի է կարճ ժամկետներում շտկել, եթե Տարածքային կառավարման, Գյուղատնտեսության և Էկոնոմիկայի նախարարություններն աշխատեն համատեղ և ներդաշնակ: 
«Այսօր Հայաստանի էկոնոմիկան վերածվել է մի բուրգերի, որի վրա գունավոր կրեմ է քսված, մինչդեռ ներսից այն փտում ու քայքայվում է. ստացվեց այնպես, որ բացվեց այդ վարագույրը և իրավիճակը պարզվեց, սակայն կարծում եմ սարսափելի ոչինչ չկա, քանի որ երկրի տնտեսության փոքրությունն ու ճկունությունը կարող են թույլ տալ շատ արագ հաղթահարել ներկայիս իրավիճակը»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանի տնտեսության ամենամեծ թշնամին շարունակում է մնալ կոռուպցիան: 
Բանախոսի համոզմամբ` տնտեսական էական ցուցանիշներ արձանագրելու համար ստվերը պետք է կրճատվի, մինչդեռ տարիների ցուցանիշները փաստում են, որ դա տեղի չի ունենում: 
Գ. Մակարյանի մոտ տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանում կանխատեսումների մեղանիզմը չի աշխատում, իսկ համապատասխան պետական պաշտոնյաները պրոֆեսիոնալ չեն: 
«Ես սկսել եմ անհանգստանալ էկոնոմիկայի նախարարության վիճակով. Ինձ թվում էր, թե նախարարի փոխվելով այնտեղ էական փոփոխություններ տեղի կունենան, բայց նկատում եմ, որ տնտեսության հետ անմիջապես կապ ունեցող վեց վարչությունները համապատասխան քաղաքականություն տանող չեն, երբեք չեն ցանկանում հանդիպել մասնավոր սեկտորի հետ և հասկանալ, թե խնդիրները որտեղ են գտնվում»,- ընդգծեց ՀԳՀՄ նախագահը: 
Վերջինս հույս ունի, որ նոր կառավարությունը` ի դեմս վարչապետի, ցանկանում է էականորեն փոխել երկրի տնտեսության ներկայիս վիճակը. «Այստեղ շատ մեծ դերակատարություն ունեն մի քանի տեսչական մարմիններ, որոնք միավորվելով կկարողանան իրենց պարտականություններն ազնվորեն կատարել»: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Տնտեսություն