Անձնակազմի պատրաստվածության շնորհիվ հնարավոր կլինի 80 տոկոսով կանխել կիբերանվտանգության խոցելիությունը. Գրիգորի Սաղյան (տեսանյութ)


Անձնակազմի պատրաստվածության շնորհիվ հնարավոր կլինի 80 տոկոսով կանխել կիբերանվտանգության խոցելիությունը. Գրիգորի Սաղյան (տեսանյութ)

  • 29-11-2016 14:15:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Անձնակազմի պատրաստվածության շնորհիվ հնարավոր կլինի 80 տոկոսով կանխել կիբերանվտանգության խոցելիությունը»,- նշում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: 
 
Վերջինս տեղեկատվության պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողների ուշադրությունը հրավիրեց տեղեկատվական անվտանգություն և կիբերանվտանգություն հասկացությունների միջև առկա տարբերություններին:
Ըստ նրա` տեղեկատվական անվտանգությունն օգտագործվում է տարբեր իմաստներով և ենթադրում է նաև բովանդակային վերահսկողություն, մինչդեռ կիբերանվտանգությունը դա կիբերտարածքում ամբողջականության, մատչելիության և խորհրդապահության ապահովումն է:
«Կիբերտարածք հասկացությունը ևս ունի երկու մեկնաբանություն. Այն արևմտյան տեսանկյունից չունի սահմաններ և սահմանվում է որպես մի միջավայր, որը գոյություն չունի ֆիզիկապես, սակայն բաղկացած է ինտերնետից և ինտերնետին միացված սարքավորումներից»,- ասաց Գ. Սաղյանը` հավելելով, որ Հայաստանը 2006 թվականին միանալով Բուդապեշտի կոնվեցիային` ընդունել է, որ կիբերտարածքը չունի սահմաններ: 
Նրա խոսքերով, այդպիսով թույլատրվում է կիբերանվտանգությամբ զբաղվող արտասահմանյան գործակալություններին համապատասխան վերապահումներով քննչական գործողություններ կատարել այն կիբերտարածքում, որը գտնվում է Հայաստանում: 
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահի փոխանցմամբ` Ռուսաստանը ևս ժամանակին միացել է այս կոնվեցիային, սակայն մեկ տարի հետո հետ է կանգնել իր ստորագրությունից` համարելով, որ որևէ օտարերկրյա գործակալություն իրավունք չունի իր կիբերտարածքում իրականացնել քննչական գործողություններ հակերներին հայտնաբերելու համար: 
«Ավելի կտրուկ քայլեր է իրականացրել Չինաստանը, որն իր կիբերտարածքը սահմանափակել է չինական պատով. Այստեղ աշխատում են տարբեր գնահատականներով 2-3 մլն մարդիկ, մի քանի միլիոն համակարգիչներ, որոնք ապահովում են Չինաստանի կիբերտարածքի անխոցելիությունը»,- նշեց Գ. Սաղյանը` տեղեկացնելով, որ բացի Չինաստանից, Ռուսաստանը, Իրանը ևս ձգտում են ունենալ առանձին կիբերտարածք: 
Անդրադառնալով հակերային հարձակումներին և Հայաստանում տեղեկատվական անվտանգությանը` մասնագետը նշեց, որ այսօր Հայաստանը հասել է մի վիճակի, երբ ըստ Կասպերսկու լաբորատորիայի` ամեն օր ի հայտ են գալիս շուրջ 319 հազար վիրուսներ: 
Ըստ նրա` վիրուսների տարածման համար հակերներն օգտագործում են սոցիալական ինժեներիան, երբ մարդկանց թուլություններն օգտագործվում են հենց նրանց դեմ:   
«Հայաստանի պաշտպանվածությունը ոչ միայն մեզ է հետաքրքրում ու մտահոգում, այլև մեր կառավարությանը, դա է պատճառը, որ ավելի քան մեկ տարի է, ինչ գործում են մի քանի հանձնաժողովներ, որոնք փորձում են մշակել տեղի կիբերանվտանգության համեմատաբար բարվոք վիճակ»,- ասաց Գ. Սաղյանը` շեշտելով, որ Հայաստանում դեռևս չկա կոնկրետ մոտեցում կիբերանվտանգության և տեղեկատվական անվտանգության կառավարման հարցում: 
Ի դեպ` Հայաստանում խոցելիության առումով համեմատաբար լավ վիճակում է գտնվում բանկային համակարգը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play