«Իշխանությանը ձեռնտու է, երբ քաղաքական գործիչները ոչինչ չեն անում». Արամ Աբրահամյան


«Իշխանությանը ձեռնտու է, երբ քաղաքական գործիչները ոչինչ չեն անում». Արամ Աբրահամյան

  • 02-12-2016 13:55:07   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ըստ ամենայնի, կհայտարարեն առաջիկա ընտրություններում միասնական դաշինքով գնալու մասին: Անկախ ամեն ինչից՝ դա, իմ կարծիքով, դրական փաստ է: Դրական է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կարողացան մոռանալ վերջերս իրենց մեջ բռնկված կիսաանձնական բանավեճը:
 
Քաղաքականությունն իրար սիրելու, իրարից նեղանալու եւ, ի վերջո, «լավ տղա լինելու» տեղը չէ: Քաղաքականությունը ծրագրեր իրականացնելու տեղ է: Դրական է, որ որոշել են մեկտեղել իրենց ռեսուրսները: Դրական է, որ չեն սպասում, թե երբ է քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանը, որպեսզի մտնեն նրա՛ դաշինքի մեջ, իսկ եթե փոքր-ինչ ավելի կոպիտ արտահայտվենք՝ որպեսզի նրանից «փող կպցնեն»: Բնականաբար, այն ընդդիմադիրները, որոնք չեն կարող կամ չեն ուզում միավորվել, կասեն, որ դա «իշխանության պրոյեկտն» է: Չգիտեմ՝ ինչպես ասում են, մոմ չեմ պահել: Բայց ինձ թվում է՝ իշխանությանը շատ ավելի ձեռնտու է, երբ քաղաքական գործիչները ոչինչ չեն անում՝ բացի կախելու, քառատելու եւ վառելու կոչեր հնչեցնելուց:
 
Այո, հասարակության մեծ մասին այդ հռետորաբանությունը դուր է գալիս, բայց դրանք ընդամենը օդի տատանումներ են, որոնցից իշխանությունն ամենեւին չի վախենում, «խուճապի մեջ» չի հայտնվում: Դրանք անատամ տատիկի անեծքներ են, որոնք մեղսունակ մարդու մոտ կարող են միայն ժպիտ առաջացնել: Շատ ավելի հեռանկարային է մանրակրկիտ, ամենօրյա աշխատանքը՝ տեղական կառույցներ ստեղծելով, սեփական ռեսուրսները իրատեսորեն հաշվարկելով, քաղաքականության, հասարակության, կյանքի ընկալման այլընտրանքային ստանդարտներ ներկայացնելով: Արդյոք դա՞ են պատրաստվում անել վերոհիշյալ երեք կուսակցությունները՝ ես դարձյալ չգիտեմ, բայց վաղ թե ուշ քաղաքական ուժերը դրան գալու են: Այո, կուսակցական, նախընտրական դաշինքները Հայաստանում սովորաբար տխուր ճակատագիր ունեն: Ցանկացած հարաբերական անհաջողության դեպքում դրանք փլուզվում են, սկսվում են ներքին գզվռտոցը, փոխադարձ մեղադրանքները եւ այլն: Իհարկե, ոչ մի իրավունք չունեմ կուսակցականներին խորհուրդներ տալու, բայց եթե նրանք կարողացել են հաղթահարել սեփական ամբիցիաները եւ գտնել համագործակցության եզրեր, ապա գուցե ավելի հեռուն գնան եւ երեք կուսակցություններից ստեղծեն մե՞կ կուսակցություն: Բոլոր դեպքերում նախաձեռնությունը հետաքրքիր է, տեսնենք, թե ինչի է այն վերածվելու:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն