«Ինչի համար է պետք որեւէ գործչի քաղաքականություն վերադառնալը թատերականացնել անճաշակ, հակաէսթետիկ, քարանձավային ծեսերով». Արամ Աբրահամյան
06-12-2016 13:32:46 | Հայաստան | Վերլուծություն
aravot.am Գագիկ Ծառուկյանը, իհարկե, ինքը կորոշի` վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ չվերադառնալ:
Որպես գործարար եւ բարեգործ՝ նա բազմաթիվ լավ գործեր է արել Հայաստանի համար: Քաղաքականության մեջ նա նույնպես կարող է օգտակար լինել, քանի որ իշխանությունից դուրս գտնվող (կամ գուցե` մասամբ դուրս գտնվող) միակ օլիգարխն է եւ, հետեւաբար, փողի աղբյուրը: Եկեք անկեղծ եւ իրատես լինենք. այսօր խոսքն այն մասին չէ, որ 2017 թվականի ընտրություններում հաղթի որեւէ այլ կուսակցություն, քան իշխանության կուսակցությունը: Խոսքն այն մասին է, որ երկրորդ տեղը գրաված ուժը լինի քիչ թե շատ ծանրակշիռ եւ ազդեցիկ, կարողանա ինչ-որ չափով այլընտրանքային լուծումներ առաջարկել: Ավելացնեմ նաեւ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի` հավաքարար լինի, թե օլիգարխ, իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, եւ նրա «զբաղվելու» գնահատականը պետք է տան քաղաքացիները, ընտրողները: Բայց ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք որեւէ գործչի քաղաքականություն գալը կամ վերադառնալը թատերականացնել, ընդ որում` անճաշակ, հակաէսթետիկ, քարանձավային ծեսերով:
Գնալ, տան մոտ կանգնել, աղաչել-պաղատել, «ազգովի խնդրելու» հանրահավաքներ անել` սա ո՞ր դարն է: Ճորտատիրության ժամանակն արդեն վաղուց անցել է, պարոնայք իմիջմեյքերներ եւ քաղտեխնոլոգներ: Հավանաբար, այդ գեղջկական թատրոնը որոշակի ազդեցություն թողնում է դեռեւս ֆեոդալական մտածողություն ունեցող մեր հասարակության մի մասի վրա: Բայց դուք ուզում եք ավելի առաջադեմ ու զարգացած երեւալ, եւ որ ձեր կազմակերպած միջոցառումները տարբերվեն ՀՀԿ 16-րդ համագումարից, այդպես չէ՞: Թե՞ ցանկանում եք «ավելի միջնադարյան» եւ «ավելի կռապաշտ» լինել: Ընդհանրապես, ինձ թվում է՝ մենք շատ ենք սիրում հետ նայել` առաջ նայելու փոխարեն: «Կոմունիստներ, վերադարձե՛ք» (1990-ականներին), այնուհետեւ «Լեւոն, վերադարձի՛ր», «Քոչարյան, վերադարձի՛ր», ավելի լայն իմաստով` «Փոքր Մհեր, դո՛ւրս արի Ագռավաքարից», «Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա», «Ելի՛ր, դաշնակ Դրո»: Լավ է, վերջին երեքի տների մոտ չպիտի ազգովի գնանք` չոքենք: Պարզ է, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ է իր վիճակից, բայց նրանց, կարծում եմ, պետք է առաջարկել ապագայի տեսլական, ոչ թե փրկիչ սուպերհերոսներ, առավել եւս` անցյալից:
Հասկանում եմ նաեւ, որ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը նույնպես նեղության մեջ է եւ նյութական ռեսուրսներ է փնտրում` ընտրություններին ավելի արդյունավետ մասնակցելու համար: Դա նորմալ է, դրանից պետք չէ ամաչել: Պարզապես այս բնական ձգտումը չարժե քողարկել «նավթալինոտ» ձեւակերպումներով: