Արագածավանի ներառական «Իմ թատրոնը» Երևանում


Արագածավանի ներառական «Իմ թատրոնը» Երևանում

  • 06-12-2016 17:01:45   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներառական «Իմ թատրոն Արագածավան» թատերախմբի սաները ելույթ ունեցան երևանյան հանդիսատեսի առջև։ 
 
Երևանի պետական կամերային թատրոնում առաջին անգամ բեմ բարձրացած «Օզի հրաշագործը» բեմադրությունը (ըստ Լայմա Ֆրենք Բաումի) նվիրված էր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ 
 
Հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիրը հոգեբանական թատրոնը կիրառում է որպես այլընտրանքային հոգեթերապևտիկ  միջոց՝ անդրադառնալով գյուղաբնակ երեխաների հիմնախնդիրներին։ 
 
Արհեստավարժ բեմադրիչ Մարինե Ասատրյանի ուղղորդմամբ թատերախմբեր են գործել Արմավիրի մարզի Քարակերտ, Գետաշեն և Արագածոտնի մարզի Արագածավան համայնքներում։ Վերջինիս «Իմ թատրոն» թատերախումբը գործում է 2016 թ. մարտից և համախմբում է համայնքի 20 երեխաների և պատանիների։ 
 
«Ընտրության հիմնական չափորոշիչ է թատերախմբում երեխայի ներգրավված լինելու ցանկութունը, բայց Հիմնադրամը հաշվի է առնում նաև հոգեբանական խնդիրների, շփման դժվարությունների, հաշմանդամության կարգավիճակի առկայությունը։ Թատրոնն այլընտրանքային եղանակ է ինքնադրսևորման, բարդույթներից ազատվելու, դժվարություններ հաղթահարելու համար։ Թատերախմբի գործունեությունը խթանում է համայնքի ներառականությունը և բնակիչների փոխհարգանքը»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսսա Գրիգորյանը։ 
 
Արտթերապևտիկ այս ուղղության առանձնահատկությունը այն է, որ երեխաներն անմիջականորեն մասնակցում են ներկայացման պատրաստման ողջ ընթացքին՝ անդրադառնալով սեփական զգացմունքներին, ապրումներին, խնդիրներին, միջանձնային հարաբերութուններին և այլն։  Փորձերի  ընթացքում երեխաները հանդես են գալիս իրենց համար նոր դերերում, ավելի լավ են ճանաչում իրենց հնարավորությունները, դառնում են ավելի ճկուն, սովորում են տարբեր իրավիճակներից արդյունավետ դուրս գալու միջոցներ, ազատվում են հրապարակայնորեն ելույթ ունենալու բարդույթից: Նրանք դառնում են ավելի համբերատար, հարգալից և հաստատակամ։ 
 
Յուրաքանչյուր համայնքում Հիմնադրամի «Իմ թատրոնի» ղեկավարին օժանդակում է ծրագրի օգնականը, ով հենց այդ համայնքից է։ Սա խթանում է համայնքում մասնագետների պատրաստումը, ովքեր հետագայում ինքնուրույն կարող են շարունակել թատերախմբի աշխատանքները ։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն