Տեղեկություն է տարածվել, թե Գլխավոր դատախազությունը ՊԵԿ-ից տեղեկություն է պահանջել բանանի ներկրումը խոչընդոտած «անհայտ անձանց» պատմության վերաբերյալ:
Մի քանի օր առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, թե ինչ որ գործարար փորձել է բանան ներկրել, իսկ «անհայտ անձինք» էլ փորձել են խոչընդոտել նրան: ՊԵԿ հաղորդագրությունը նշում էր, որ կառույցի օժանդակությամբ գործարարը կարողացել է իրականացնել ներկրումն ու վաճառքը:
Պատմությունը, համենայն դեպս դրա հրապարակային մասը, այդքանով ավարտվում է: Բայց, այդքանով ավարտվում է նաեւ պետությունը, եթե չեն հայտնաբերվում այն «անհայտ անձինք», որոնք խոչընդոտում են տնտեսվարողին իրականացնել իր գործունեությունը, ինչ բնույթի էլ լինի այն:
Վարչապետ Կարեն Կարապետյանն իր նշանակումից հետո հայտարարեց, թե Հայաստանում բոլորը կարող են ազատորեն զբաղվել բիզնեսով: Կարապետյանն իհարկե պաշտոնավարման մոտ երկու ամիսների ընթացքում չէր կարող հասցնել ապամոնտաժել մենաշնորհների եւ օլիգոպոլիաների ամբողջ համակարգը, եթե նույնիսկ շատ ցանկանար: Սակայն, այդ ապամոնտաժումը թեեւ պահանջում է ժամանակ, այդուհանդերձ՝ նաեւ կոնկրետ քայլեր:
Եվ եթե օրինակ «անհայտ անձինք» խոչընդոտում են որեւէ գործարարի, այդ անհայտ անձանց բացահայտումը հանդիսանում է հենց ժամանակի ու տարածության մեջ մենաշնորհները եւ օլիգոպոլիաները հաղթահարելու շատ կոնկրետ քայլ: Դրա կեսն արվել է` ՊԵԿ-ը օժանդակություն է ցուցաբերվել գործարարին, որը կարողացել է ներկրել եւ իրացնել ապրանքը: Բայց առաջանում է հարց` ՊԵԿ-ը «պատվո պահակախմբե՞ր» է տրամադրելու գործարարներին, որպեսզի նրանք չենթարկվեն «անհայտ» ոտնձգությունների:
Այդ կառույցն այդպիսի լիազորություն կարծես թե չունի: Փոխարենը, Հայաստանը ունի կառույցներ, որոնք լիազորված են բացահայտել պետության դեմ գործվող հանցանքները: Իսկ գործարարին բիզնեսով զբաղվելուն խոչընդոտելը հանցանք է թե մարդու, թե հանրության, թե պետության դեմ: Այդպիսով, ՊԵԿ հաղորդագրությունն «անհայտ անձանց» մասին պետք է հուզի այն կառույցներին, որոնք կոչված են պայքարել այդ հանցագործությունների դեմ:
Ժողովուրդ թերթի հարցմանն այդ կառույցներից մեկը՝ Գլխավոր դատախազությունը պատասխանել է, թե դիմել են ՊԵԿ եւ պահանջել գործի վերաբերյալ տեղեկություն:
Հարց է առաջանում, թե քանի՞ ամիս է պահանջվելու, որպեսզի զարգանա պատմության շարունակությունն ու պարզ դառնա, թե ովքեր են եղել խոչընդոտող անհայտ անձինք, ում շահն են նրանք ներկայացրել կամ ում պատվերն են կատարել: Ի վերջո, անձինք անհայտ են, սակայն մամուլից հայտնի է վիճակագրություն, թե բանանի շուկայում ինչ ընկերություն է զբաղեցնում գերիշխող կամ պարզապես մոնոպոլ դիրք, ում է պատկանում այդ ընկերությունը: Իսկ երբ տեղի է ունենում որեւէ հանցանք, առաջինը հիշվում է հայտնի բանաձեւը` փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը:
Ի վերջո, գուցե «անհայտ անձինք» տնտեսական դիվերսանտներ են, որոնք ներդրվել են Հայաստանում գործարար միջավայրը կաթվածահար անելու համար: Կարող է լինել հազար ու մեկ վարկած, դրա համար է իրավապահ համակարգը, որպեսզի բացահայտի հանցագործներին, ինչը կլինի նախադեպ եւ ուսանելի դաս բոլոր նրանց համար, ովքեր կմտածեն մրցակցությունից հանցավոր կերպով ազատվելու մասին:
Դա պահանջում է պետական օրգանիզմի կենսագործունեության տրամաբանությունը: Որովհետեւ, եթե տվյալ գործարարը դիմել է պետությանը օգնության համար, մեկ ուրիշը կարող է չդիմել, կամ պարզապես չհասցնել դիմել:
Ինչ խոսք, քիչ հույս կա, որ Հայաստանում կարող է բացահայտվել եւ պատժվել մրցակցին սպառնացող որեւէ մոնոպոլիստ կամ օլիգոպոլիստ: Որքան բացահայտվում ու պատժվում են ընտրակեղծարարները, այդքան էլ կբացահայտվեն ու կպատժվեն մոնոպոլիստները:
Առավել եւս այն բանից հետո, երբ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի մակարդակով ՀՀԿ-ականներին, հետեւաբար նաեւ այդ շարքերում ներառված մոնոպոլիստներին տրվել է հստակ երաշխիք, որ «դանդաղ են շտապելու»: Պարզապես նրանց համար Սերժ Սարգսյանը հավանաբար կսահմանի որոշակի «սպասելավարձ», կամ կբարձրացնի «սպասելավարձը», այսինքն իշխանության «չշտապելու»` սպասելու գինը: