Գյումրիում անցկացվում է «Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն վիրահայ երիտասարդներին. երիտասարդական համագործակցության զարգացում» ծրագիրը


Գյումրիում անցկացվում է «Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն վիրահայ երիտասարդներին. երիտասարդական համագործակցության զարգացում» ծրագիրը

  • 07-12-2016 14:32:42   | Շիրակի մարզ  |  Սպորտ

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն վիրահայ երիտասարդներին. երիտասարդական համագործակցության զարգացում»  ծրագիրը: 
 
Ծրագրի նպատակն է ուսուցողական, տեղե­կատվական և խորհրդատվական աջակ­ցություն ցուցաբերել վիրահայ երիտասարդներին, նպաստել Հայաստան‑սփյուռք կապերի ընդլայնմանը, ազգային ինքնության պահպանմանը, երիտասարդական համագործակցության զարգացմանը:
 
Ծրագրին մասնակցում է վիրահայ 25 երիտասարդ և 25 երիտասարդ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից:
 
Մասնակիցներին ներկայացվել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, ոլորտում գործող իրավական ակտերը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող հիմնական ծրագրերը, ինչպես նաև երիտասարդության ոլորտում միջպետական, միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը:
 
Ծրագրի մասնակիցներն այցելել են «Մհեր Մկրտչյան» թանգարան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ:
 
Նախատեսվում են նաև հանդիպումներ Գյումրիում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների հետ: Հանդիպումների նպատակն է խթանել գործընկերային կապերի հաստատումը և քննարկել հետագա համագործակցության զարգացման ուղիներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերի և միջոցառումների հնարավորությունը:
 
Ծրագիրը կավարտվի դեկտեմբերի 7-ին: Այդ օրը երիտասարդները կմասնակցեն 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություններին:
 
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի հետ համատեղ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ