«Գալիք» ՍՊԸ –ն, որն Արարատի տարածաշրջանում (Արարատի մարզ) զբաղվում է կրի արտադրությամբ, հիմնադրվել է 1997-ին: Ընկերությունում այսօր աշխատում է 60-75 մարդ, արտադրանքը սպառվում է բացառապես Հայաստանում. ավելի քան 90 տոկոսը հիմնականում օգտագործվում է մետալուրգիայում և հանքարդյունաբերության մեջ:
Նախօրեին Արարատի Օրհուս բնապահպանական- տեղեկատվական կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը հանդիպել է «Գալիք» ՍՊԸ-ի տնօրեն Հակոբ Գրիգորյանի հետ, քննարկել ինչպես արտադրության, այնպես էլ բնապահպանական միջոցառումների հարցեր:
Տնօրեն Գրիգորյանը հայտնել է, որ վերջին տարիներին կան առաջարկներ արտադրանքը՝ կիրը, կիրառելու եկեղեցաշինության մեջ` շատ հստակ պատճառաբանությամբ՝ ցեմենտի կյանքի տևողությունը 100 տարի է, իսկ կրինը` 500:
Կազմակերպությունը REC Caucasus/Armenia հիմնադրամի «Կանաչ ակումբներ»-ի հիմնում ՀՀ քաղաքներում»– RECP ծրագրի անդամ է, և դասընթացների ավարտին նկատելի են որոշակի դրական փոփոխություններ, որոնք կարող են կամ միտված են բարելավել բնապահպանական և տնտեսական ցուցանիշները:
«Փոփոխություններ առաջին հերթին պետք է արվեն մարդկանց ներսում և մտածողության մեջ, ապա նոր միայն տեխնոլոգիական գործընթացներում» ,- նշել է Հակոբ Գրիգորյանը եւ հավելել, որ հենց դա է ուղենիշ կազմակերպության գործունեության համար:
Տնօրենը նաեւ համակարգողին հայտնել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել են հետեւյալ միջոցառումները`
փոփոխվել և տեղադրվել են սակավ ծախսատար շարժիչներ.
կատարվել են տեխնոլոգիական բարեփոխումներ, ջարդիչ սարքը փոփոխվել է, և տեղադրվել է նորագույն, սակավ ծախսերով սարքավորում,
տարածքում մթնոլորտային օդի որակի բարելավման նպատակով իրականացվել է ծառատունկ, որը կլինի շարունակական:
ներկայացվել է նաև այն տարածքը, որտեղ իրականացվել է ծառատունկը, ապահովելով բարձր կպչողականություն: Կազմակերպության տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ պատրաստվում են դիմել Արարատի քաղաքապետարան, հարակից տարածքը, որը համարվում է համայնքային հողատարածք, նույնպես իրենց հանձնվի, հերթական մեծ ծառատունկի և այգու հիմնման նպատակով:
Համակարգողը նաեւ հետաքրքրվել է գործարանի բնապահպանական վճարներով: Պարզվել է, որ բնապահպանական վճարները տարեկան կազմում են 100 հազար դրամ: Ըստ տնօրենի` ձեռնարկությունը օդն ուժեղ աղտոտողներից չէ, քանի որ տեղադրված են փոշի որսացող ֆիլտրեր, որոնք պարբերաբար մաքրվում են, և կուտակված փոշին վերադարձվում է արտադրամասեր` այդպիսով նվազեցնելով և’ աղտոտումը, և’ կորուստները:
Գործարանի արտանետման թույտվությունը տարեկան 5 տոննա է, սակայն, հաշվարկների համաձայն, արտանետվում է 0,5 մինչեւ 1 տոննա (մոտ 4-4,5 տ մաքրման եղանակով վերադարձվում է արտադրություն):