Սերժ Սարգսյանն ի՞նչ ապագա է տեսնում իր համար


Սերժ Սարգսյանն ի՞նչ ապագա է տեսնում իր համար

  • 07-12-2016 16:44:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե ինչ է երազում, ասել է, որ կցանկանար հաջողությամբ ավարտել կարիերան ու ճանապարհորդել: Պուտինը հաճախ չի խոսում կարիերայի ավարտի մասին, սակայն ակնհայտ է, որ այդ մասին ի վերջո մտածում է իր կարիերայի գագաթնակետին հասած ցանկացած քաղաքական գործիչ:
 
Պուտինն իզուր չի խոսում կարիերայի «հաջող ավարտի» մասին. Ռուսաստանի պես երկրներում, որտեղ ժողովրդավարորեն ընտրված նախագահից անձի պաշտամունք մեկ քայլ է, դժվար է հաջողությամբ, առանց ցնցումների ավարտել կարիերան: Այդպիսի երկրներում հաճախ անհնար է «լուռ հեռանալ»:
Սերժ Սարգսյանը հավանաբար նույնպես մտածում է, թե ինչով է զբաղվելու 2018 թվականին նախագահական ժամկետի ավարտից հետո: Հանրային դիսկուրսում տարբեր վարկածներ են քննարկվում: Հանրության մի մասը վստահ է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ չէ թողնել իշխանությունը, եւ 2018 թվականին մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ Կարեն Կարապետյանը զուտ «տեղապահ» է:
Ուրիշները նկատում են, որ Սարգսյանը հանրային գործիչ չէ իր էությամբ: Նա ավելի շուտ «գորշ կարդինալ» է, որը գերադասում է կուլիսների հետեւից կառավարել իր հյուսած ցանցը: Ելնելով դրանից՝ կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը կարող է իր համար «կարդինալական պաշտոն» մտածել՝ նախապես իր համակարգ-ցանցը ստեղծելով եւ անձնական անվտանգության երաշխիքներ ապահովելով՝ թե ներքին, թե արտաքին:
Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սերժ Սարգսյանն ի՞նչ ապագա է տեսնում իր համար: Դատելով ՀՀԿ համագումարում նրա ելույթից, որի մի զգալի մասը նվիրված էր սփյուռքի հետ հարաբերություններին, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր ապագան տեսնում է ավելի լայն համատեքստում: Չնայած պարզ չէ, թե ինչ ինստիտուցիոնալ լուծումներ կառաջարկվեն, սակայն կարելի է կանխատեսել ինչ-որ վերպետական մարմնի ստեղծումը: Այդ ինստիտուտը «փորձարկվել է» ի դեմս Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստության ազգային հանձնաժողովի: Փորձն էլ հաջող է համարվել:
Արդեն կարելի է սփյուռքի որոշ կազմակերպությունների տեսնել, որոնք կարող են «ազգ-պետության» պլատֆորմ դառնալ: Դա նախեւառաջ ՀԲԸՄ-ն է, որն այս օրերին տոնում է հիմնադրման 110-ամյակը: ՀԲԸՄ-ն Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ աննախադեպ համաձայնագիր է ստորագրել Հայաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցելու վերաբերյալ: Նախագծի նպատակներից է սփյուռքից փորձագետների ներգրավել հայաստանյան քննարկումներին ու քաղաքացիական գործընթացներին:
Էլ չասած ՀՅԴ մասին, որն ըստ էության ազգային ցանցային կուսակցություն է եւ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է որպես ինստիտուցիոնալ պլատֆորմ առավել լայն ազգային ակտվության համար: Կան սփյուռքի այլ շերտեր, որոնք պատրաստ են համազգային ցանցի մաս դառնալ՝ միգուցե զբաղեցնելով դրա ընդդիմադիր բեւեռը: Երեկ կայացել է հայտնի սփյուռքահայեր Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի ասուլիսը, որոնք հայտարարել են Հայաստանի քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին: Նրանք ապրիլի ընտրություններին դիտորդ են լինելու:
Այդ մասնակցությունն ինչ-որ կերպ պետք է ձեւակերպվի, որովհետեւ այլ պետությունների քաղաքացիները, այդ թվում՝ հայերը, իրավունք չունեն միջամտել Հայաստանի ներքին կյանքին: Սերժ Թանկյանը խոսել է իրավական մեխանիզմների ու ինստիտուտների մասին, որոնք թույլ կտային սփյուռքի հայերին մասնակցել Հայաստանի քաղաքական գործընթացներին:
Կստեղծվի՞ այդպիսի ինստիտուտ եւ դրա հետ ի՞նչ կապ կունենա Սերժ Սարգսյանը: Հայաստանի «ազգայնացումը» երկիրն ավելի բարձր, վերպետական մակարդակի դուրս բերելու միջոց է: Այդ միջոցը կարող է հղի լինել նաեւ ինքնիշխանության կորստով եւ երկիրն ինչ-որ ցանցային կառույցի «կոնցեսիոն կառավարման» հանձնելով:
Սերժ Սարգսյանն իր համար տե՞ղ է պատրաստում ապագայի Ազգային խորհրդում: Դա՞ կլինի նրա կարիերայի «հաջող ավարտը»: Թե՞ Սերժ Սարգսյանը կնախընտրի առավել փորձված ճանապարհը եւ կդառնա կամ խորհրդարանի խոսնակ, կամ էլ վարչապետ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play