Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են բնապահպանության ոլորտի արդիական մի շարք հարցեր


Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են բնապահպանության ոլորտի արդիական մի շարք հարցեր

  • 07-12-2016 18:38:19   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել  նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերից բացի նիստում քննարկվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր: 
   Հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, օրակարգային առաջին հարցով ներկայացվել է Խորհրդի նախորդ նիստում հնչած առաջարկների և ընդունված որոշումների կատարման վերաբերյալ հաշվետվություն: Խորհրդի անդամներին տեղեկացվել է, որ ընդունված որոշումների և առաջարկների ուղղությամբ կատարվել են գործնական քայլեր, տրվել լուծումներ: 
 
ՀՀ բնապահապանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական  կենտրոն›› ՊՈԱԿ-ի փորձագետ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մեթոդաբանության խնդիրները: Բանախոսը  մատուցել է իրավական ակտերի շրջանակը, որոնցով իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթացը: Դրանք են`  ՀՀ կառավարության 2014 թվականի արձանագրային որոշմամբ ընդունված ընդերքի  ոլորտին վերաբերող  մեթոդիկան, միջազգային համաձայնագրերը, պայմանագրերը և Եվրոպական դիրեկտիվները և այլն: Հասարակական խորհրդի անդամներին տեղեկացվել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքից բխող  5 ենթաօրենսդրական ակտից  4-ը ընդունվել է վերջին երկու տարվա ընթացքում: Վերջինը` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկան, դեռևս մշակված չէ: 
Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել մեթոդիկայի հրատապ մշակումը և հայտնել, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ այդ աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: Հասարակական խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունն աջակցել վերոհիշյալ գործընթացին: Մասնավորապես Civil Voices հասարակական կազմակերպությունն առաջարկել է իր փորձագիտական խմբին ներգրավել աշխատանքներին, ինչը նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է:
 
«Հայկական էկոտուրիստական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը հանդես է եկել  բնության հատուկ պահպանվող տարածքներում /ԲՀՊՏ/  էկոտուրիզմի  զարգացման հայեցակարգով: Մասնավորապես կարևորվել է էկոտուրիզմի ռազմավարության, ենթակառուցվածքների և  բարձրագույն ուսումնական հաստատություններում էկոտուրիզմի մասնագետների պատրաստման հարցերը:
 
Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ ոլորտն ունի ռազմավարական պլանավորման և ծրագրավորման անհրաժեշտություն, որից պետք է բխեն  բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարեփոխումները:
 Ըստ նախարարի, Էկոտուրիզմը պետք է արտացոլվի ԲՀՊՏ-ների զարգացման հայեցակարգերում: Նախարարը կարևորել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմների ուժեղացումը, ինչպես նաև դրանց`  որպես  կապիտալի դիտարկումը: Մասնավորապես շեշտվել է նաև բնության հուշարձանները կոնսեսիոն կառավարմամբ մասնավոր ընկերություններին հանձնելու տարբերակը:
     Օրակարգային հարցերից բացի հասարակական խորհուրդը քննարկել է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ չգտնվող քարանձավների` մասնավորին կառավարման հանձնելու նախաձեռնած  գործընթացում բնապահպանական խնդիրների առաջնային դիտարկման անհրաժեշտության հարցերը: 
    Հասարակական խորհրդի անդամները բարձրացրել են նաև «Գեոթիմ» ՓԲԸ-ին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացության վերանայման վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հրապարակած հիմնավորումների հարցը և առաջարկել ձևավորել աշխատանքային խումբ` հարցը քննարկելու համար: Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ վերոհիշյալ դիտարկումները նախարարությունը ստացել է, ուսումնասիրում է և  հավուր պատշաճի, իրավաբանական հիմնավորումներով կպատասխանի ու  կհրապարակի պատասխանը: Եթե հասարակական կազմակերպությունները դրանից հետո գտնեն խմբի ստեղծման անհրաժեշտություն ` նախարարությունը բաց աշխատաոճի կողմնակից է և պատրաստ է նաև խումբ ձևավորել հարցը քննարկելու նպատակով:
   Անդրադարձ է կատարվել Հայաստանում կայուն զարգացման սկզբունքների տեղայնացման գործընթացին, մասնավորապես առանձնացվել է նրա հիմնական բաղադրիչներից մեկի` բնապահպանականի իրագործման առաջնահերթությունը: 
Հասարակական խորհուրդը քննարկել է նաև ապօրինի անտառհատումների կանխարգելման միջոցներին` վերահսկողության արդի տեխնոլոգիաների կիրառմանը և ոչ աշխատանքային ժամերին և օրերին վերահսկում իրականացնելու հնարավորություններին: Նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ տեսչական բարեփոխումների շրջանակում նախատեսվում է լուծել  ոչ աշխատանքային ժամերին և օրերին վերահսկողություն իրականացնելու խնդիրը, իսկ ՀԿ-ների մյուս մոտեցումներն առաջարկել է ներկայացնել բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ առաջիկայում նախատեսված առանձին քննարկման ժամանակ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play