Արտակ Ասատրյանը մասնակցել է խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովին


Արտակ Ասատրյանը մասնակցել է խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովին

  • 08-12-2016 18:51:29   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում իրականացվող խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովին:
 
Միջոցառման նպատակն էր գործնականում բացահայտել լրատվամիջոցների և խոսքի ազատության պաշտպանության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի երաշխիքները, որը Հայաստանը վավերացրել է 2002 թվականին և մի շարք փոփոխություններ կատարել ազգային օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում:
Աշխատաժողովին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շվեդիայի արդարադատության նախարարության Ոստիկանության հարցերով բաժնի տնօրեն Նիլս Հաննինգերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձագետներ և այլք:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և նշել, որ մեր հասարակությունում տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի, ինչպես նաև մեդիա ոլորտի ամենօրյա զարգացմանը զուգընթաց խոսքի և մամուլի ազատության իրավունքը ձեռք է բերում նոր կարևորություն և որակ: 
Արտակ Ասատրյանը հավելել է, որ պետության խնդիրը, որպես հասարակական կյանքի կազմակերպման յուրահատուկ մեխանիզմ, ազատ արտահայտվելու իրավունքի համար նպաստավոր պայմաններ ապահովելն ու, անհրաժեշտության դեպքում, համաչափ  սահմանափակումներ կիրառելն է:      
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների ընթացքում ազատ արտահայտվելու իրավունքի հետ կապված նոր և առավել հստակ երաշխիքներին և դրանց սահմանափակման սպառիչ հիմքերին՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր էր այդ ոլորտը կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավիճակի հստակեցումը, դրա անդամների ընտրության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև նրանց ներկայացվող առավել խիստ պայմանների սահմանումը: 
Փոխնախարարն իր խոսքում կարևորել է աշխատաժողովի անցկացումը՝ նկատի ունենալով, որ այն բավական լավ հնարավորություն և հարթակ է ոլորտում առկա բացերը վեր հանելու, թերությունների վերացման ուղղությամբ մտքեր փոխանակելու և ի վերջո այս ոլորտի մարտահրավերների հաղթահարման համար օրենսդրական և պրակտիկ հետագա աշխատանքներն ուրվագծելու համար:
ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Բագրատ Ղազինյանն անդրադարձել է Հայաստանում խոսքի և մամուլի ազատության չափանիշներին և ներկայացրել այդ բնագավառում տեղի ունեցած հիմնական իրավական զարգացումները: Մասնավորապես՝ նա կարևորել է զանգվածային լրատվության, ինչպես նաև տեղեկատվական այլ միջոցների ազատության երաշխավորման վերաբերյալ սահմանադրաիրավական կարգավորումները, որոնց շրջանակներում սահմանադրական ամրագրում է ստացել նաև կարգավորում իրականացնող պետական մարմնի կարգավիճակը՝ դրան բնորոշ հիմնական հարցադրումներով: Բագրատ Ղազինյանի գնահատմամբ, այս բնագավառում կատարված փոփոխություններն իրենց լրջագույն ազդեցությունը կունենան բնագավառի նկատմամբ՝ երաշխավորելով ՀՀ Սահմանադրության դրույթների լիարժեք իրացումը:   
Միջոցառման ընթացքում ներկաներն անդրադարձել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում խոսքի և մամուլի ազատության եվրոպական չափանիշների ներառմանը, պահպանմանն ու այլ հարցերի:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք