Ավարտվել է Արտակ Գալստյանի («Վանոյի Արտակ») վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը


Ավարտվել է Արտակ Գալստյանի («Վանոյի Արտակ») վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

  • 08-12-2016 18:53:44   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ «analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակելու համար: Այդ նպատակով Ա.Հովհաննիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանին ս.թ. մայիսի 4-ին և 5-ին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին՝ Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու, հետագայում նաև նրան մեղսագրված արարքը վերաորակելու համար:
 
Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է կաշառք տալ, որի պատճառով Արտակ Գալստյանին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունները:
 
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
 
Բացի վերը նշված հանցագործության դեպքերից, կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արտակ Գալստյանը կատարել է նաև հանցավոր այլ արարքներ, որոնք նախկինում բացահայտված չեն եղել և վերջինիս հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից: Հիմնավորվել է, որ Ա.Գալստյանը 2008 թվականի ընթացքում որպես արհեստ կատարել է վաշխառություն. մի շարք քաղաքացիների պարտք տված դրամի դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ:
 
Մասնավորապես, Արտակ Գալստյանը Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ասատրյանին, Վ.Գրիգորյանին, Ա.Հակոբյանին, Ա.Գրիգորյանին, Ս.Արմենակյանին, Ա.Ղշյանին պարտք տված գումարների դիմաց որպես գումարի վերադարձման և տոկոսագումարների վճարման երաշխիք նրանց հետ կնքել է առուվաճառքի շինծու պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ քաղաքացիներին պատկանող բնակարանները գրանցվել են իր անունով:
 
Ա.Գալստյանը պարտքով տված գումարների դիմաց որպես տոկոսավճարներ հիշյալ քաղաքացիներից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսագումարներ և միայն մայր գումարներն ու տոկոսագումարներն ամբողջությամբ ստանալուց հետո վերադարձրել է բնակարանները՝ դրանք շինծու պայմանագրերով վերավաճառելով իրական սեփականատերերին:
 
Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով Ա.Գալստյանը պարտքով գումարներ է տվել նաև  Երևան քաղաքի բնակիչներ Հ.Պետրոսյանին և Հ.Մկրտչյանին, սակայն վերջիններս չեն կարողացել վճարել մայր գումարներն ու տոկոսավճարները: Այդ պատճառով Ա.Գալստյանն իր անվամբ գրանցված վերջիններիս բնակարանները վաճառել է այլ անձանց՝ ստացված գումարները պահել որպես պարտքի մարում, փաստացի զրկելով սեփականատերերին իրենց բնակարաններն ազատ տնօրինելու իրավունքից:
 
Քրեական գործով նախաքննության ընթացքում Արտակ Գալստյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով, որ չի առարկում վաշխառության 7 դրվագներով՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չիրականացնելու դեմ:
 
Հաշվի առնելով, որ լրացել են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որոշում է կայացվել վաշխառության դրվագներով Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույն քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արտակ Գալստյանին առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու նոր դեպքեր, որոնց առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության:
 
Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք տալու նախապատրաստության և խոշոր չափի խարդախության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
 
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
 
լրատվական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play