Կբարելավվի երկրի ներդրումային և գործարար միջավայրը


Կբարելավվի երկրի ներդրումային և գործարար միջավայրը

  • 08-12-2016 19:00:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներին: Ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության իրական ոլորտի մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման երկարաժամկետ հեռանկարի ապահովմանը, այլև մեծ շուկաների միջև ներդրումային հոսքերի համար հարմարավետ և գրավիչ հանգույցի ստեղծմանը։ «Հայաստանի իրավազորություն» (Jurisdiction Armenia) ծրագրի գաղափարախոսությունն է` համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը գրավիչ կդարձնի օտարերկրյա ընկերությունների համար և կստեղծի խթաններ ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան վերաուղղելու համար: Ծրագրի կարգախոսն է՝ «անվտանգ, բարենպաստ և հասանելի»։
 
Կառավարությունն ընդունել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին որոշում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրով: Որոշման նպատակն է հիմքեր նախատեսել Հայաստանում ռեդոմիցիլացիայի գործընթացն իրականացնելու համար. մի երկրի կազմակերպությանը հնարավորություն է տրվում տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը։ Այդ գործընթացն ապահովելու համար նախատեսված է ստեղծել ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կառավարման հիմնադրամ, որը կաջակցիծրագրի շահառուներին՝ տարբեր բնագավառներում օրենսդրական և ենթակառուցվածքային լուծումներ առաջարկելու, Հայաստանի կազմակերպություններում մարդկային ռեսուրսների և կառավարման տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, ինչպես նաև ՀՀ արտասահմանյան ֆինանսական միջոցներ ներգրավելու միջոցով` արդյունքում նպաստելով երկրի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը։ Հիմնադրամի գույքը հիմնականում կձևավորվի հիմնադրամի ներդրումներից, դրամաշնորհներից, հիմնադրամի և իր կողմից ստեղծված կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:  Բացի այդ, հաստատվել է ստեղծվելիք հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն