Կլուծարվեն չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները


Կլուծարվեն չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները

  • 08-12-2016 19:02:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ:
 
Հարկային մարմնի տվյալներով ներկայում առկա են զգալի թվով կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն վերջին երեք տարվա ընթացքում փաստացի գործունեություն չեն իրականացրել և հարկային մարմին հաշվետվություններ չեն ներկայացրել: ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու, հարկ վճարողների պարտավորությունների հաշվառումն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով վարելու գործընթացը ներդնելու, ինչպես նաև հարկային մարմնի տեղեկատվական համակարգը անհարկի չծանրաբեռնելու և հարկ վճարողների շրջանակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել (հաշվառումից հանել) չգործող և հաշվարկներ չներկայացրած կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին): Օրենքի նախագծով սահմանվում է, որ լուծարվող (հաշվառումից հանվող) հարկ վճարողների ցանկերը մինչև 2017թ. օգոստոսի 1-ը կհրապարակվեն ՀՀ հրապարակային ծանուցումների՝ http://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև պետական ռեգիստրի պաշտոնական` http://www.e-register.am ինտերնետային կայքում: Օրենքի նախագծով սահմանվում է, որ ցանկի հրապարակումից հետո՝ մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը, ցանկում ներառված հարկ վճարողները պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Նշված ժամկետում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում  պետական ռեգիստրը երկամսյա ժամկետում գրանցում է հարկ վճարողի լուծարումը (պետական հաշվառումից հանումը):
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն