Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացի վերջնաժամկետ կսահմանվի 2018 թ. հունվարի 1-ը
08-12-2016 19:04:06 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017թ. հունվարի 1-ից հետաձգել մինչև 2018թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն իրականացնել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացը:
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում` համապատասխան տարողությամբ ակցիզային դրոշմանիշեր չլինելու պարագայում փոխարինող տարողություններով դրոշմանիշերի տրամադրման անհրաժեշտություն չի առաջանա: Ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերի՝ էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը հնարավորություն կտա հարկ վճարողներին մինչև ալկոհոլային խմիչքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարել գրանցումներ (ստացված ակցիզային դրոշմանիշերը ըստ սերիա-համարների վերագրել իրացվող ապրանքներին), իսկ անհրաժեշտության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով կատարել ճշգրտումներ այդ գրանցումներում: Միաժամանակ նախատեսվում է, որ ներկայում կիրառության մեջ գտնվող և համապատասխան տեղեկությունները տեսանելի դարձնելու հնարավորություն չապահովող դրոշմանիշերը կօգտագործվեն մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որից հետո ակցիզային դրոշմանիշերին և դրոշմապիտակներին առնչվող հարցերը կկարգավորվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Կարևորելով հարկային արտոնությունների վերաբերյալ օրինագծերի ընդունումը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է հանրությանը հնարավորինս իրազեկել նախատեսվող փոփոխությունների մասին: