Մեկնարկել են մարզաձևերի ֆեդերացիաների երիտասարդների և պատանիների հավաքականների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների տարեվերջյան լսումները


Մեկնարկել են մարզաձևերի ֆեդերացիաների երիտասարդների և պատանիների հավաքականների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների տարեվերջյան լսումները

  • 12-12-2016 17:52:57   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների և պատանիների հավաքականների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների տարեվերջյան լսումներին:
 
Նախարարը ոչ բավարար է համարել հայ ազատ ոճի ըմբշամարտիկների ձեռքբերումները: «Հնարավոր է՝ այդ ամենը պատճառ է ոչ ճիշտ աշխատանքի կազմակերպման: Անհրաժեշտ է ուսումնասիրել և ճիշտ ծրագրել բոլոր ուսումնամարզական հավաքների անցկացման ժամանակացույցը: Համատեղ աշխատանքը միշտ էլ տալու է իր դրական արդյունքը, և հուսանք, որ ապագայում մեդալներ կունենանք աշխարհի առաջնությունից»,- ասել է նախարարը:
 
Հաշվետվությամբ հանդես են եկել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: Մարզիչների ներկայացմամբ՝ անցկացվել են ուսումնամարզական հավաքներ, հայ ազատ ոճայինները մասնակցել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 բրոնզե մեդալ, իսկ պատանիների հավաքականը՝ 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ցավոք, աշխարհի առաջնությունից հավաքականներից ոչ մեկը մեդալ չի նվաճել:
 
Հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցության մասին և նշել, որ այս տարի միայն աշխարհի առաջնությունում են մրցանակակիրներ ունեցել՝ 2 բրոնզե մեդալ: Պատանիների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական պատանի ըմբիշները նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում՝ 3 բրոնզե մեդալ:
 
Նախարար Ռոստոմյանի առաջարկով նախարարությունում կկազմակերպվի ընդլայնված քննարկում՝ ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի բոլոր մարզիչների մասնակցությամբ:
 
Լսումներին մասնակցել են նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության աշխատակիցները:
 
 
 
 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play