Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն


Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

  • 12-12-2016 20:11:19   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
 
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության որակը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել  է ԵՄ պատվիրակության իրականացրած դրամաշնորհային ծրագրերով հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի նախաքննությանը։
 
Քննչական կոմիտեում հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնցից մեկով բավարար ապացույցներ են ձեռք բերվել 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակության վերաբերյալ, պարզվել է հափշտակության մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ընդունել է առաջադրված մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը։
 
Երկրորդ քրեական գործով բացահայտվել են հափշտակությունների մի շարք դրվագներ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, ընդ որում՝ նրանցից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական գործով շարունակվում են իրականացվել  մեծածավալ քննչական գործողություններ՝ տվյալ քրեական գործով հափշտակությունների իրական ծավալը, դրանց մասնակցություն ունեցած բոլոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը կարևորել է հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերումը՝ քրեական գործի բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու համար։
 
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակներում աջակցել քննությանը և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով շարունակել քննարկումները։
 
Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։
Նոյյան տապան  -   Իրավունք