Երևանում բացվեց միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես, որը նվիրված է ՀՀ անկախության 25 ամյակին: Այն բաղկացած է 18 մրցութային և 9 արտամրցութային, ինչպես նաև Արցախից ու ԱՄՆ-ից ժամանած ֆիլատելիստների կողմից ներկայացված հավաքածուներից:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Վերջինիս փոխանցմամբ` մրցութային հավաքածուն անմիջական կապ ունի այն խորագրի հետ, որը կրում է ցուցահանդեսը, իսկ արտամրցութայինը` ոչ այդքան:
Հ. Մուսայելյանի գնահատմամբ` նմանատիպ ցուցահանդեսներն առանձնակի կարևորություն ունեն երկրի պատմության, մշակույթի ու գիտության ճանաչողության համար, քանի որ ֆիլատելիստների տասնյակ հազարավոր նամականիշերը տարածվում են ամբողջ աշխարհում և բարձրացնում են երկրի ճանաչելիությունը:
Ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի համոզմամբ` ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի ազգային ֆիլատելիայով հետաքրքվող հայ հանրության շրջանում:
Ցուցահանդեսի հյուրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ` շրջեցին ճեմասրահով և ծանոթացան ցուցահանդեսի ներկայացված հավաքածուներին:
Եռօրյա միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին բացի նշյալ հավաքածուներից, ներկայացված էին նաև1918-1920 թվականների առաջին հանրապետության նամականիշները, իսկ հատուկ ցուցահանդեսի առթիվ տեղի ունեցավ «Հայփոստ»-ի կողմից թողարկված բացիկի մարման արարողություն:
Ցուցահանդեսի լուսանկարներն
այստեղ
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»