Երեք կալանավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց.ՀՔԾ


Երեք կալանավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց.ՀՔԾ

  • 13-12-2016 16:32:46   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ն, ոստիկաններ Արամայիս Ա.-ն և Սարո Բ.-ն նախօրոք պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակից Անուշավան Բ.-ի հետ այն մասին, որ 2016թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, երբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից իրենք ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեն 3 կալանավորներին, կանգնեն ճանապարհի պայմանավորված հատվածում և թույլ տան Անուշավան Բ.-ին, որպեսզի նա դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածը իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխի հիշյալ կալանավորներին՝ ճանապարհին վերջիններիս հետ զրուցելու նպատակով:
 
Պայմանավորվածության համաձայն՝ ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել են կալանավորված անձանց համար հարմարեցված ծառայողական մեքենան և թույլ են տվել Անուշավան Բ.-ին, որ վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի 3 կալանավորներին, իսկ իրենք՝ ուղեկցող ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով շարժվել են նրանց հետևից:
 
Ոստիկանության ծառայող Անուշավան Բ.-ն, կալանավորներին տեղափոխելու ճանապարհին, իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես ոստիկան Անուշավան Բ.-ն, այնպես էլ՝ երեք կալանավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
 
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները:
 
 Հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Պարույր Գ.-ն և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներին տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ն ձերբակալվել են:
 
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը ոստիկանության հիշյալ ստորաբաժանման 4 ոստիկաններին էլ մեղադրանքներ է առաջադրել, այդ թվում՝ 3 ոստիկանների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ավտովթարի ենթարկված ոստիկան Անուշավան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա մյուս 3 ոստիկաններին դրդել է, որ չարաշահեն իրենց պաշտոնեական լիազորությունները: 
 
Քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը մեղադրյալներ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գ.-ի և իր անձնական ավտոմեքենայով կալանավորներին ապօրինի տեղափոխող ոստիկան Անուշավան Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն մեղադրյալ ոստիկանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով:
 
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
 
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Իրավունք