Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման վերաբերյալ


Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման վերաբերյալ

  • 14-12-2016 12:47:48   | Հայաստան  |  Իրավունք

2016 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ  Ա. Սարգսյանն ունի առողջական խնդիրներ:
 
Նույն օրը Պաշտպանի հանձնարարությամբ Արագ արձագանքման խումբն այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել Ա. Սարգսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ առանձնազրույց ունեցել նրա հետ:
 
Բողոքում բարձրացված հարցերի եւ այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համապարփակ ուսումնասիրությունից հետո անհրաժեշտություն  է առաջացել կրկնակի այց կատարել՝ այցելություն իրականացնող խմբում ներգրավվելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ մասնագետին: Դեկտեմբերի 13-ին կատարված կրկնակի այցելության արդյունքներն ամփոփելով` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել Ա. Սարգսյանի փաստաբանի բողոքը քննարկման ընդունելու մասին: Արդարադատության նախարարությունից պահանջվել են պարզաբանումներ՝  կապված Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման հետ:
 
Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական եւ ամենօրյա ուշադրության ներքո:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք