Գյուղական համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագիրը շարունակվում է


Գյուղական համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագիրը շարունակվում է

  • 14-12-2016 17:10:26   | Վայոց ձորի մարզ  |  Կազմակերպություններ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակում՝ Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել են բաժանարար հանգույցներ և ճնշման կարգավորիչներ։ Արդյունքում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Եթե նախկինում ջուրը հասանելի էր բնակչության միայն 30 տոկոսին, ընդ որում՝ շաբաթական 2-3 օր, երկուական ժամով, ապա այժմ գործում է ջրամատակարարման շուրջօրյա ռեժիմ:
 
Գյուղի ջրամատակարարման նախկին համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Քայքայված ջրագծերի պատճառով  խմելու ջրին խառնված ցեխաջրերը, ավելացած հոսակորուստները, հաճախակի դարձած վթարները ժամանակին ֆինանսական չնախատեսված ծախսերի պատճառ են դարձել:   Խնդիրների վերացման համար էլ երբեմն գյուղի բյուջետային միջոցները չեն բավարարել: Բնակիչները շաբաթներ շարունակ մնացել են առանց խմելու ջրի պաշարի։ Գյուղական համայնքներում  ջրամատակարարման բարելավմանն ուղղված այս ծրագրով, հնարավոր է դարձել առանց ջրաքանակի ավելացման՝ ապահովել 24-ժամյա ջրամատակարարում։
 
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լևոնյանը և գյուղի բնակիչներ:
 
«Այս գյուղը մեկն է համատեղ ծրագրում ընդգրկվածներից, որտեղ մենք փորձել ենք առկա խնդիրները լուծել քայլ առ քայլ: Մեկ տարի առաջ այստեղ կարգավորվել է տարածքի լուսավորության հարցը, այսօր արդեն՝ խմելու ջրի: Գյուղական ենթակառուցվածքների զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Դա կարևոր է ոչ միայն մեզ համար՝ որպես պատասխանատու մոտեցում որդեգրած կազմակերպություն, այլև՝ բնակիչների, համայնքների ու երկրում զարգացման տեմպեր արձանագրելու համար: Ուրախ եմ տեսնել նաև, որ մեր որդեգրած արժեհամակարգը օրինակ է դարձել այլ կազմակերպությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում 2015թ.-ին գյուղն ապահովվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն:
Հարուստ կենսաբազմազանությամբ Գնիշիկ գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Տարածաշրջանը հատկապես հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է  բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։
 
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play