«Վտանգը հաղթանակի գիծն է». Վարուժան Ավետիսյան


«Վտանգը հաղթանակի գիծն է». Վարուժան Ավետիսյան

  • 15-12-2016 12:19:01   | Հայաստան  |  Վերլուծություն

«Վտանգը հաղթանակի գիծն է» սահմանումը «ճգնաժամը նաև հնարավորություն է» ճշմարտության՝ ազգային ոգու գիտակցության հասած կամային ժողովրդի լավատեսական ըմբռնումն է և նույնպես ճշմարիտ է: Այն ձևակերպել է հայ մեծ մտածող և գործիչ Հայկ Ասատրյանը՝ ոգու տրամաբանության իրերի տրամաբանությունը և ըստ այդմ պատմության ընթացքը փոխելու հնարավորությունն ու ճանապարհը տեսանելի դարձնելու համար:
 
Մենք նույնպես՝ սրտում և մտքում ամուր պահելով այդ ճշմարտությունը, ներկայացնում ենք մեզ սպառնացող վտանգը, որը կարող է, պետք է և, մեր համոզմամբ՝ դառնալու է հայության հաղթանակի գիծն ու վերածննդի անցումը:
 
Պետք է հաշվի առնենք նաև, որ մեր ժողովուրդն ունի մի համակարգաստեղծ առանձնահատկություն: Նա համոզված է, որ ինքը հավերժ է: «Այս աշխարհում ամեն բան կմեռնի, բայց հայը չի մեռնի», – գրել է Մեծ Եղեռնից մազապուրծ մի տարագիր հայ իրեն Հայրենիքից հեռացնող նավակի կողամասին: Հայը Մհեր ունի Քարի մեջ պահված: Այլ հարց է, որ Մհերին դեռ պետք է հանել, ակտիվացնել մեր քարացած ներաշխարհում: Եվ այդ հարցը լուծելուն միտված մի համեստ ու փոքր ջանք է մեզ սպառնացող վտանգն ու դրա լրջությունը բացահայտող սույն վերլուծությունը: Փոքր վտանգները հավերժին չեն անհանգստացնում, այլ միայն մեծերը: Եվ վտանգն իսկապես մեծ է, իսկապես գոյութենական:
 
Բուն վտանգը
Հայաստանը որպես գաղութ-կայազոր ունենալու շնորհիվ Ռուսաստանը օգտագործելով նաև Կովկասյան լեռնաշղթայի հարավային փեշին ձեռք բերած պլացդարմները (Աբխազիա և Հարավային Օսեթիա) և, ըստ էության՝ լեռնաշղթայի անցումների նկատմամբ երկկողմանի ու ամբողջական վերահսկողությունը, Սևծովյան նավատորմի և Կասպիական նավատորմիղի կարողությունները, ինչպես նաև հենվելով հեռահար ու զանգվածային խոցման իր ներուժի վրա, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ փաստացի շարունակում է Այսրկովկասը ռազմական-ռազմավարական առումով ներկալված պահել որպես իր ներքին տարածք:
 
Այս հանգամանքի շնորհիվ է, որ Ռուսաստանը շարունակում է ցամաքային կապ ունենալ Հարավ-արևմտյան Ասիայի (Մեծ Մերձավոր Արևելք) գերկարևոր տարածաշրջանի հետ և ակտիվ կերպով գործել Հյուսիս-Հարավ առանցքով: Ռուսաստանը փաստացի կորցրել է գլոբալ դերակատար լինելու մյուս հնարավորությունները և միայն Եվրասիական Հյուսիս-Հարավ առանցքը իր համար գլխավոր՝ Արևելք-Արևմուտք առանցքի հետ համադրելով է կարողանում գոյատևել որպես աշխարհաքաղաքական համալիր և, դրանով իսկ՝ աշխարհաքաղաքական գերուժ: Հայաստան գաղութ-կայազոր ունենալու շնորհիվ է, որ նա կարողանում է ամբողջացնել և Հարավ-արևմտյան տարածաշրջան հասցնել Արևմուտքի դեմ ստեղծած իր ռազմավարական գոտին (Բալթյան նավատորմ-Կալինինգրադի մարզ-Բելոռուս-Ղրիմ-Սևծովյան նավատորմ-Աբխազիա-Հայաստան) և այդպիսով լուրջ հավակնություններ ներկայացնել այս տարածաշրջանում: Պատահական չէ նաև, որ Ռուսաստանը հարձակողական սպառազինություն է տեղակայել իր արևմտյան և հարավային էքսկլավ-կայազորներում՝ Կալինինգրադի մարզում և Հայաստանում: Ի դեպ՝ Ռուսաստանը Հայաստանում իր ռազմական համակարգը ձևավորում է ճիշտ Կալինինգրադի մարզի տարբերակով, պարզապես ձևականորեն «հաշվի է առնում» այն հանգամանքը, որ Հայաստանն, այնուամենայնիվ, միջազգային իրավունքի սուբյեկտ է: Այդ հանգամանքը միայն որոշակիորեն բարդացնում է նրա գործը միջազգային-իրավական ընթացակարգերի միջոցով աշխատելու և արտաքուստ դրանք պահպանելու պարտավորության տեսակետից, սակայն ոչ ավելին: Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստան գաղութ-կայազորը, ապա Այսրկովկասը ռազմական-ռազմավարական առումով նրա համար կդառնա արտաքին տարածք, կկտրվի նրա ցամաքային կապը Հարավ-արևմտյան Ասիայի հետ, կկրճատվի ու այդ տարածաշրջանից դուրս կգա նաև Արևմուտքի դեմ ձևավորած նրա ռազմավարական գոտին, ինչի հետևանքով էապես կթուլանա և շատ առումներով պարզապես չի գործի նրա Հյուսիս-Հարավ առանցքը: Իսկ դրա հետևանքով արդեն Ռուսաստանը կքայքայվի որպես Եվրասիական մայրցամաքի չորս կողմերի վրա արդյունավետ կերպով գործելու ունակ աշխարհաքաղաքական համալիր և կդադարի լինել աշխարհաքաղաքական գերուժ:
 
Հայաստանը որպես գաղութ-կայազոր ունենալու այսպիսի կենսական կարևորությունը Ռուսաստանին թելադրում է արմատախիլ անել Հայաստանի որևէ այլընտրանքի հեռանկար: Ուստի նա պետք է ամեն առումով ուժազրկի և անապատացնի մեր երկիրը:
Այդ նպատակի երեք փոխպայմանավորված հիմնական թիրախներն են.
 
1) Հայոց ազգային ոգին՝ դրա գոյությունն ու արդյունքն ապահովող մարդկային ներուժի անհրաժեշտ քանակով և որակով,
2) ֆիզիկական պաշտպանության կարողությունները,
3)աշխարհաքաղաքական գործոն դառնալու համար անհրաժեշտ Կուր-Արաքսյան տարածքը, սկզբի համար՝ առնվազն այսօրվա Արցախը (իր սահմանադրական տարածքով) և Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողությունը:
Ըստ այդմ՝ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ և հիմնականում հայաստանյան գաղութային վարչակազմի ձեռքով փորձ է արվում լուծելու հետևյալ երեք խնդիրները.
1)Հոգևոր-մշակութային քայքայման ու կլանման և սոցիալ-տնտեսական ու իրավական կեղեքման միջոցով մեր ժողովրդին զրկել ազգային քաղաքական ինքնությունից և հնարավորինս մարդաթափ անել երկիրը,
2)Ռուսաստանին հանձնել Հայկական բանակի՝ իրեն անհրաժեշտ մասի (ՀՕՊ, Թուրքիայի և Նախիջևանի ուղղությամբ տեղակայված զորամիավորումներ, շուտով հավանական է՝ կառավարման, կապի, հետախուզության և այլ կարևոր բաղադրիչներ) ռազմավարական կառավարումը: Հայկական բանակի մյուս զորամիավորումներն ու բաղադրիչները, ենթադրաբար՝ որոշակի կրճատմամբ ու վերակազմավորմամբ, նախատեսվում է Ռուսաստանի ռազմավարական կառավարման ներքո վերցնել Արցախում ռուսական ռազմական ներկայություն ապահովելուն և մեր պարտության ու կենսական շահերի հաշվին Շիրակ-Արցախ ռազմավարական աղեղի վրա զույգ ոտքերով Ռուսաստանի հաստատվելուն զուգահեռաբար կամ այդ գործընթացի ավարտին:
 
Ի դեպ՝ Ռուսաստանի այս նկրտումները սկզբնական շրջանում՝ 2000-ականների առաջին կեսին, եղել են բոլոր ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նկատմամբ, սակայն մոսկովյան հրամանատարությունից կառավարվող նորօրյա «Վարշավյան պայմանագիր» ձևավորելու նրա ախորժակը փակեցին այդ կազմակերպության մյուս անդամները, և միայն Հայաստանը եղավ հլու-հնազանդ: Անշուշտ, խանգարեց նաև այդ արհեստական կազմակերպության անդամների միջև հաճախ արմատական հակասություններ առաջանալու հանգամանքը: Այդ պատճառով Ռուսաստանը թեև վկայակոչում է ՀԱՊԿ ձևաչափը, սակայն իրականում աշխատում է առանձին:
 
3)Արցախի տարածքի մեծ մասը, առաջին հերթին՝ ազատագրված տարածքները, հանձնել Ադրբեջանին, նրան հանձնել նաև նախկին ԼՂԻՄ տարածքի մի մասը (հավանաբար այն մասը, որը 1991-92թթ. ռուսները տեղահանում էին, Մարտակերտը և Հադրութը՝ մասամբ կամ ամբողջությամբ), նաև այն նպատակով, որ հակամարտությունն ավելի խճճվի և այս անգամ արդեն հայկական կողմը պահանջատեր դառնա՝ ինչը է՛լ ավելի պետք է մեծացնի Ռուսաստանի միջնորդական դերը: Իսկ Ստեփանակերտ (օդանավակայանը ներառյալ)-Շուշի-Լաչինի միջանցք գիծն ամփոփող որոշակի տարածք նախատեսվում է զբաղեցնել ռուսական ռազմական ուժով՝ ձևավորելով վերը նշված Շիրակ-Արցախ ռազմավարական աղեղը և ամբողջացնելով Ռուսաստանի Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական առանցքի ռազմական առաջադիրք-կայազորը:
 
Բնականաբար, թխվածքաբլիթի և մտրակի այս զույգ լծակների միջոցով ենթադրվում է Ադրբեջանին վերադարձնել Ռուսաստանի գիրկը, իսկ եթե չստացվի՝ էական ազդեցություն ձեռք բերել նրա նկատմամբ:
 
Զուգահեռաբար՝ Ռուսաստանը փակում է Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատելու մեր հեռանկարը: Միևնույն ժամանակ՝ Հայաստանը դարձնելով գաղութ-կայազորի կարգավիճակ ունեցող օբյեկտ, ինչպես նաև ներառելով Արևմուտք-Հայաստան, ՆԱՏՕ-Ռուսաստան և Թուրքիա-Ռուսաստան մրցակցությունների մեջ որպես իր առաջադիրք ու գործիք, մեզ ոչ միայն զրկում է սուբյեկտ լինելու, գործընկերներ ու արտաքին քաղաքական այլընտրանք ունենալու հնարավորությունից, այլև ներքաշում է այդ մրցակցությունների մեջ, ինչի հետևանքով մենք թիրախ ենք դառնում նրա հակառակորդների համար և ենթարկվում բախման թատերաբեմ դառնալու վտանգին:
 
Դառնալով Արցախին, հարկ է փաստել, որ նրա մասով ռուսական այս ծրագիրը նախատեսում է, ինչպես արդեն նշվեց, Հայկական բանակի պարտություն և, զուգահեռաբար՝ տարածքների հանձնում ու հայ բնակչության տեղահանում, ինչն էլ իր հերթին ենթադրում է ցեղասպանություն ու ավերածություն: Սա ծրագրի կարևոր մաս է, քանի որ ռուսական ռազմական ներկայություն հնարավոր է ապահովել միայն մեր բանակի պարտության և տարածքային ու մարդկային այնպիսի կորուստների դեպքում, երբ մեր դիմադրողունակությունը կոտրվի և կարիք ունենանք ռուսական «փրկարար օգնության»:
Արցախի համար այս վտանգն իրապես շատ հավանական և ռեալ է: Արցախյան հակամարտությունը, այսօր արդեն փաստացի միակը ռազմական-ռազմավարական առումով Ռուսաստանի համար ներքին Այսրկովկասյան տարածքում, ըստ էության տեղադրված է ռուսական մատրիցայի վրա և ենթարկվում է նրա տրամաբանությանը, որքան էլ Արևմուտքի և այլ գործոններն ազդեցիկ լինեն այս հակամարտության մեջ: Քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի գաղութ-կայազոր է, այս վտանգն ավելի ռեալ ու մոտիկ կդառնա և, ընդհակառակը, կչեզոքանա, եթե Հայաստանն ազատագրվի, դուրս գա Այսրկովկասյան փակուղուց և դառնա Հարավ-արևմտյան Ասիայի միավոր, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ:
 
Եվ այս անլուր դավաճանության դիմաց հայաստանյան քաղաքական վերնախավը, առաջին հերթին ու գլխավորապես՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող «զորիբալայանական» կլանը, մտածում է մնալ և արդեն որևէ հեռանկարից զուրկ երկրի մնացորդային ռեսուրսները թալանելու դիմաց կառավարել մեռնող Հայաստան-մարզը: Իր հերթին՝ «ընդդիմություն» կոչվածը կամ անմեղսունակ է, կամ ինքն է մատուցում իրեն որպես կառավարող կլանից ավելի էժան գնով Հայրենիքը հանձնելու պատրաստ ուժի, կամ էլ, գիտակցելով տեղի ունեցողը, մտածում է իր գոյությունը շարունակել կլանի կերակրամանի մնացորդների հաշվին: Որոշ «խելոքներ» էլ մտադիր են իրենց աստեղային ժամին սպասել և ջրի վրա մնալ՝ մինչև զարգացումների առարկայական ընթացքի բերմամբ թուլացող Ռուսաստանը կհեռանա Այսրկովկասից: Թե ինչպիսի ահռելի և անդառնալի կորուստներ կկրենք այդ ընթացքում, կամ այդքանից հետո կկարողանա՞նք արդյոք դիմակայել տարածաշրջանում ահագնացող մարտահրավերներին, նրանց փաստորեն չի հուզում:
 
Ամփոփում
 
Հարկ ենք համարում ընդգծել, որ օտարի և յուրային դավաճանի այս ծրագիրը կազմված է իրերի տրամաբանությամբ:
Մինչդեռ ելքը և աղետը կանխելն ու վտանգը հաղթանակի գիծ և վերածննդի անցում դարձնելը կախված է մեզանից:
Կկարողանա՞նք արդյոք մտածել ու գործել ոգու տրամաբանությամբ և փոխել իրերի դրությունն ու պատմության ընթացքը:
Բազմիցս այդպես արել ենք:
Միայն վերջին հարյուրամյակում այդպես ենք արել Սարդարապատ-Բաշ Ապարան-Ղարաքիլիսայում, Սյունիքի հերոսամարտում, փետրվարյան ապստամբության ժամանակ և Արցախն ազատագրելիս: Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր»-ը ցույց տվեցին, որ այսօր էլ ունենք ոգու տրամաբանությամբ մտածելու և գործելու կարողություն: Ավելին՝ այս վերջին երկուսը ժողովրդի ընկալումները հերթական անգամ հաստատուն կերպով դրեցին ոգու տրամաբանության ռելսերի վրա՝ յուրօրինակ նախադուռ բացելով ապագայի համար:
Լավատեսություն է ներշնչում նաև ոգու տրամաբանությամբ կազմված ազգային-քաղաքական ծրագրի՝ ներկայիս ՀՀ և Արցախի սահմանադրական միացյալ տարածքի վրա (Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատելու հեռանկարով) «Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզ»-ի առկայությունը ինչը հնարավորություն է տալիս առաջիկա պոռթկումը պահել կազմակերպական հունի մեջ և ավարտել ցանկալի քաղաքական արդյունքով:
Հայաստանի (Արցախը ներառյալ) պետական կառավարման համակարգն էլ, որպես գաղութային վարչակազմ, այլևս կորցրել է սուտ ասելու հաշվին գոյատևելու ռեսուրսը և արդեն տեսանելի կերպով կորցնում է նաև իր ուժն ու ամբողջականությունը: Բացահայտվող դավաճանությունը նորանոր ճաքեր է առաջացնում նրա ներսում, իսկ պետածառայողական դասի, այդ թվում և, առաջին հերթին՝ զինվորականության մեծ մասը որոշել է կամ որոշելու է, որ վճռական պահին լինելու է իր ժողովրդի հետ: «Զորիբալայանական» կլանի շատ անդամներ ևս, ովքեր դավաճանության դիտավորությամբ չեն հայտնվել դրա կազմում և ծնունդով Արցախից են (ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ էշելոնում), սկսում են հասկանալ, որ ինքնախաբեության մեջ են եղել, մտածելով, թե Ռուսաստանը կհովանավորի Արցախին ու կպահպանի այն ամբողջական վիճակում: Մեկ խոսքով՝ համակարգը չի կարողանալու մարսել և յուրացնել դավաճանությունը, ուստի փլուզվելու է:
Կարծես թե այս անգամ Սարդարապատը նաև և նախ՝ ներքին է լինելու:
Վտանգը, որ հաղթանակի գիծն է, մոտենում է:
 
Վարուժան Ավետիսյան
14 դեկտեմբերի 2016թ.
«Արմավիր» ՔԿՀ
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն