Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին չի դիտարկում մեկ թիմի կամ փաթեթի շրջանակում


Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին չի դիտարկում մեկ թիմի կամ փաթեթի շրջանակում

  • 15-12-2016 16:25:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Խորհրդարանը դեկտեմբերի 15-ին միաձայն քվեարկել է 1000 դրամի հայտնի նախաձեռնության օգտին, դրան տալով օրենքի ուժ:
 
Այդ նախաձեռնությունը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փաստացի առաջին ծավալուն նախաձեռնությունն էր, ուղղված սոցիալական խնդրի լուծման, բայց իր բնույթով՝ տնտեսա-քաղաքական նշանակության:
Ինչպես հայտնի է, ձեւավորվելու է հիմնադրամ, որին մուծում է անելու յուրաքանչյուր աշխատող քաղաքացի` 1000-ական դրամ: Այդ հիմնադրամի նպատակն է լուծել զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրը, էապես բարձրացնելով հատկացվող վճարները: Նախաձեռնությունն ունի մի ուշագրավ հանգամանք` այն վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ վիրավոր զինծառայողներին: Եվ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ` հիմնադրամի փողը կարող է օգտագործվել հավելյալ եկամուտ ստանալու համար, իհարկե այդ եկամուտն էլ մնում է հիմնադրամին:
Այդպիսով, ամեն ամիս հավաքագրվում է իքս ծավալի փող, այդ փողը օտտագործվելու անհրաժեշտություն չունենալու դեպքում` եվ տա Աստված, որ չլինի այդ անհրաժեշտությունը երբեք, կարող է դրվել այլ շրջանառության մեջ եւ այդպիսով կառավարվելով ապահովել հավելյալ տոկոս, ավելանալ: Խոսքը ամսական մի քանի միլիոն դոլարի մասին է:
Այդպիսով, եթե իշխանության նախաձեռնությունը թելադրված չէ այն սպասումով, որ առաջիկայում կարող են լինել մարտական թեժ գործողություններ եւ զոհեր ու վիրավորներ` հետեւաբար նրանց ընտանիքներին օժանդակության անհրաժեշտություն, եւ եթե իսկապես այդպիսի թեժ զարգացումներ չլինեն, ապա ստացվում է, որ իշխանությունը նոր նախաձեռնությամբ ստանում է ֆինանսական շոշափելի ամսական հոսք, այսպես ասած ազատ փող: Իսկ փողի խնդիրը Հայաստանի իշխանության համար դարձել է լրջագույն խնդիր, այդ թվում խորքային քաղաքական կամ ներիշխանական մետաստազներով:
Այդ իրավիճակի ֆոնին արժե հիշել նախաձեռնության դեռեւս սաղմնային վիճակում խորհրդարանական հանձնաժողովում քննարկմանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի արած մի հայտարարություն, որով նա արձագանքում էր քաղաքացիներից փող հավաքելու փոխարեն կոռումպացված պաշտոնյաներից այն վերցնելու մասին հարցադրումներին:
«Ես կարծում եմ, որ հասարակությունը կոռուպցիան վերացնելուն զուգահեռ պետք է նվազեցնի եւ վերացնի իր կախվածությունը էն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ չունի վստահություն», խորհրդարանում հայտարարեց Վիգեն Սարգսյանը:
Դժվար է ասել, թե ինչքանով է 1000 դրամների նախաձեռնությամբ նվազելու հասարակության կախվածությունը կոռումպացված պաշտոնյաներից, բայց Վիգեն Սարգսյանն այդպիսով կարծես թե լուծեց իր կախվածության նվազեցման խնդիրը, իհարկե լուծեց Սերժ Սարգսյանի օգնությամբ: Այսինքն, Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը առնվազն հանգանակվող փողի ծավալով լուծեցին «կոռումպացված պաշտոնյաներից» իրենց կախվածության խնդիրը:
Տվյալ պարագայում «կոռումպացված պաշտոնյան» նրանք են, որոնցից պատրաստվում է հրաժարվել Սերժ Սարգսյանը` դրա շնորհիվ ակնկալելով փոխել իշխանության դեմքը եւ բնույթը որոշակիորեն, զուգահեռ ստանալ իշխանության շարունակության հանրային եթե ոչ քվե, ապա անուղղակի վստահություն կամ վարկ, կամ գոնե անվստահության շեշտակի նվազում:
Հայաստանի իշխանական համակարգում կա այդ խնդիրը` այսպես ասած փոփոխությունների գնի հարցը, եթե խոսքն էվոլյուցիոն պրոցեսի մասին է: Իսկ իշխանությունը բնականաբար չի կարող գնալ ռեվոլյուցիոն ճանապարհով: Այդպիսով, հանրությունը վճարում է մի շարք օդիոզ, հեռացման ենթակա` նոր իշխանության նկարագրում եւ ծրագրերում չտեղավորվող դեմքերից Վիգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի «կախվածությյան» նվազեցման համար:
Իհարկե, մեծ հարց է, թե արդյոք Վիգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը իրենց հետագա գործունեությամբ հանրությանը կվերադարձնեն այդ «պարտքը»: Այսինքն, թուլացնելով այդ կախվածությունը եւ իրենց կաշկանդվածությունը, Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը անելու՞ են իրական բարեփոխում` քրեա-օլիգարխիկ կոռումպացված համակարգն իրապես ապամոնտաժելու ուղղությամբ:
Մեկ այլ հարց է նաեւ այն, թե արդյոք այդ նախաձեռնությունն առնչվելու է նաեւ նոր վարչապետ Կարեն Կարապետյանին, այսինքն նա ունի՞ այդ գործում «կախվածության թուլացման» իր մասնաբաժինը: Աներկբա է, որ խնդիրը Կարեն Կարապետյանն ունի, եւ նա էլ այն լուծել կարող է միմիայն հավելյալ փող գտնելու եւ այդպիսով կախվածությունը թուլացնելու ճաապարհով:
1000 դրամի նախաձեռնությանը Կարեն Կարապետյանը կարծես թե չառնչվեց, եղան նաեւ ոչ պաշտոնական տեղեկություններ, թե նույնիսկ անպատեհ է համարել նախաձեռնությունը:
Արդյոք դա նշանակում է, որ հարցը լուծվել է Վիգեն Սարգսյանի համար, եւ Կարեն Կարապետյանը չունի «կախվածության թուլացման» բաժին այդ լուծումից, քանի որ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին չի դիտարկում մեկ թիմի կամ փաթեթի շրջանակում, եւ Կարեն Կարապետյանը պետք է իր ֆինանսական «անկախության» խնդիրը լուծի իր ուժերով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն