«Ժառանգության» գլխավոր նպատակը՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն է. Արմեն Մարտիրոսյան


«Ժառանգության» գլխավոր նպատակը՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն է. Արմեն Մարտիրոսյան

  • 15-12-2016 16:52:34   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

- Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես բանակցություններ վարո՞ւմ է տարբեր քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելու հարցով՝ հաշվի առնելով, որ նախօրեին Վարդան Օսկանյանը չի հերքել, անգամ հաստատել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկումներ են եղել միասնական դաշինք կազմելու հարցով։ Այս փուլում որքանո՞վ եք իրատեսական համարում նրանց հետ դաշինքը։

 

- Որևէ քննարկման վերաբերյալ այս պահին որևէ տեղեկատվություն չեմ կարող տալ և կարծում եմ՝ ճիշտ էլ չէ։ Այս փուլում որևէ անուն ոչ կհաստատեմ, ոչ կժխտեմ։ Միայն կասեմ հետևյալը. «Ժառանգությունը» ունի խնդիր և այդ խնդիրը ոչ թե այն է, որ «Ժառանգությունը» խորհրդարան անցնի, նման խնդիր չունի մեր կուսակցությունը, այլ որ Հայաստանը վերականգնի իր ինքնիշխանությունը և երկրում տեղի ունենան արմատական բարեփոխումներ։ Այդ բարեփոխումները, բնականաբար, պետք է սկսեն իշխանափոխության գործընթացից։ Հիմա «Ժառանգությունն» ունի նպատակ, որ լայն համախմբմամբ մասնակցենք նմանատիպ պայքարի։ Եթե կլինի նման համախմբում, ուժային կենտրոնի ձևավորում, որը հնարավորություն կտար իշխանափոխության, արմատական բարեփոխումների, ինքնիշխանության վերականգնման համար պայքարել, ապա «Ժառանգությունը» այդպիսի պայքարի մեջ կմտնի։ Հակառակ պարագայում «Ժառանգությունը» շատ հանգիստ կարող է մասնակցել ընտրությունների և նորից խորհրդարանում ներկայացված լինել։

Տարբեր քաղաքական միավորումների, գործիչների հետ մենք հանդիպում ունեցել ենք, ունենում ենք, դեռ կունենանք, բայց քանի դեռ որևէ վերջնական որոշում չունենք, ոչ անուններ կտամ, ոչ էլ կասեմ, թե ինչ թեմաների շուրջ ենք խոսել։ Կարող եմ ասել միայն, թե որն է լինելու մեր գլխավոր նպատակը՝ դա Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն է և արմատական բարեփոխումները։ Այսինքն՝ բոլոր տեսակի քննարկումները, որ իրականացնում է «Ժառանգությունը», լինելու է այդ նպատակների շուրջ։
 
 
- Ստացվո՞ւմ է արդյոք, որ Ձեզ համար գաղափարական հենքն այլևս կարևոր չի լինելու, և եթե ասենք Գագիկ Ծառուկյանը դնի իշխանափոխության խնդիր, դուք կմիանաք նրան։
 
- Իմ նշածից ավելի կարևոր գաղափարական հենք գոյություն չունի Հայաստանում։ Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու և արմատական փոփոխություններից ավելի կարևոր ի՞նչ գաղափարական հենք կա Հայաստանում այսօր։
 
 
- Նկատի ունեմ, որ եթե Օսկանյանը, Ծառուկյանը, մյուսները, որոնք հավակնում են այսօր դաշինքներ ձևավորելու, դնեն իշխանափոխության խնդիր և այն խնդիրը, որ դուք եք ձևակերպում, ապա, ըստ էության, դաշինքը կյանքի կկոչվի՞։
 
 
- Իշխանափոխությունն ընդամենը նախնական քայլ է, նպատակը Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն ու արմատական բարեփոխումներն են։ Եթե որևէ քաղաքական ուժ, քաղաքական գործիչ կողմ կլինի դրան, մենք, բնականաբար, միասին պայքարելու ենք։ «Ժառանգությունը», ինչպես միշտ, պայքարում է ոչ թե անունների համար, այլ նպատակի, խնդիրների և դրան լուծման ուղղությամբ։ Դրա համար մեզ համար կարևոր կետերի շուրջ պատրաստ ենք համագործակցել։
 
- Անգամ այն ուժերի հետ, որոնց հետ նախկինում համագործակցությունը որևէ արդյունք չի՞ տվել, խոսքը մասնավորապես քառյակի, ապա եռյակի մասին է։

 

 

- Տարիներ շարունակ ինչ-որ կոնկրետ մեկի հետ չենք համագործակցել։ Տարբեր ժամանակներում տարբեր քաղաքական ուժերի, տարբեր գործիչների հետ ենք համագործակցել։ Հիմա եթե ստացվեր այդ համագործակցությունը, բնականաբար, Սերժ Սարգսյանն այսօր նախագահ չէր լինի, ՀՀԿ-ն էլ իշխող մեծամասնություն չէր լինի, մենք էլ այսպիսի խայտառակ սոցիալ-տնտեսական, դեմոգրաֆիկ ցուցանիշներ չէինք արձանագրի։ Դրա համար, բոլոր դեպքերում, եթե կա համատեղ պայքարելու հնարավորություն, մենք միշտ կողմ ենք եղել դրան։

 

-Ձեր կուսակցության ներսում կա՞ն տարաձայնություններ այս հարցի հետ կապված՝ հաշվի առնելով, որ Զարուհի Փոստանջյանը դեմ է դաշինքներին։

 

-Շատ լավ է, որ Զարուհի Փոստանջյանը դեմ է դաշինքներին։ Նա և վարչության նիստերի ժամանակ, և խորհրդի նիստերի ժամանակ այդ մասին բարձրաձայնել է։ Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև մյուս բոլոր կուսակցականները ունեն ձայն բարձրացնելու, իրենց տեսակետն արտահայտելու, այն պնդելու իրավունք, որևէ խնդիր չկա։ Շատ նորմալ է, որ Զարուհի Փոստանջյանն էլ դեմ է։ «Ժառանգությունը» բաց կուսակցություն է, և տարբեր ժամանակահատվածներում տարբեր մարդիկ փոքրամասնություն են եղել։ Ես էլ եմ փոքրամասնության մեջ եղել, նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանն է մեկ հարցում փոքրամասնություն եղել։ Որևէ խնդիր այդ առումով չկա։
 
 
- Դուք պատկերացնո՞ւմ եք դաշինք «Լուսավոր Հայաստանի», «Հանրապետության» և ՔՊ-ի հետ։ Էդմոն Մարուքյանը նշել էր, որ չի բացառվում նման բան, որ կան քննարկումներ։
 
 
-Ես պատկերացնում եմ համագործակցություն բոլոր նրանց հետ, որոնք իմ նշած երկու նպատակների հետ կապված նույնականություն ունեն և պատրաստ են այդ նպատակների համար պայքարել։ Դրանից մեծ պայքար, մեծ գաղափար  Հայաստանում գոյություն չունի։ Մեր բոլոր խնդիրները՝ սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և այլն, այս երկուսից են կախված։ Եթե կարողանանք ՀՀ ինքնիշխանությունը վերականգնել և երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել, բնականաբար, այդ խնդիրները լուծվում եմ, այդ թվում նաև քաղբանտարկյալների խնդիրը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ եթե մենք կարողանում ենք այդ երկու խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր իրականացնել՝ սկսելով իշխանափոխությունից, մենք սկսում ենք մեր առջև ծառացած մարտահրավերների, սպառնալիքների ուղղությամբ իրական քայլեր իրականացնել։ Դրա համար անունները այս դեպքում, իսկապես, որքան էլ կարևոր են, բայց երկրորդական են։
 

- Այդ ուժերի հետ դուք ճանապարհ եք անցել, երբ խնդիրները նույնկերպ ձևակերպել են, հետո կեսից հրաժարվել են։

 

- Եթե ես համոզված լինեի, որ «Ժառանգությունը» միայնակ կարող է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել և կարող է վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, ես միանգամից կպատասխանեի, որ որևէ մեկի հետ համատեղ աշխատանք ինձ պետք չէ։ Բայց քանի որ գիտեմ, որ դրա համար համախմբում է պետք, «Ժառանգությունը» միայնակ չի կարող դա իրականացնել, ես ցանկացած դեպքում, երբ կա նպատակի հետ կապված նույնականացում և համատեղ պայքարելու հնարավորություն, ես այդ համատեղ պայքարի ուղղությամբ ընթանում եմ։

 

- Անգամ այն քաղաքական գործիչների հետ, որոնք շատ խոցելի անցյա՞լ ունեն։
 
- Իսկ ով խոցելի չէ։ Միակ քաղաքական միավորը, որ խոցելի անցյալ չունի՝ «Ժառանգությունն» է։ Այդ դեպքում նշանակում է, որ պետք է միայնակ գործենք, բայց քանի որ ես այդ ճոխության իրավունքը չունեմ, ցավոք, ուստի, անկախ նրանից, թե նախկինում ինչ հետագիծ են ունեցել և որը նաև ես եմ քննադատել, եթե համատեղ պայքարի հնարավորություն է ստեղծվում, ես հետ չեմ նայում, համատեղ պայքարում եմ։
 

- Եթե այնպես ստացվի, որ «Ժառանգությունն» այդպես էլ որևէ ուժի հետ դաշինք չկազմի, «Ժառանգությունը» միևնույն է միայնակ մասնակցելո՞ւ է ընտրություններին։

 

- Իհարկե, մասնակցելու է։ «Ժառանգությունը» խորհրդարանում լինելու կարիք չունի, դա ակնհայտ է ոչ միայն իմ, այլև շատ-շատերի համար։ Այս տարիների ընթացքում, «Ժառանգությունը» որևէ մեկի մոտ կասկած չի թողել, որ պայքարող, սկզբունքային կուսակցություն է, որ «Ժառանգությունում» կան բազմաթիվ նվիրյալներ, որոնք պայքարը միշտ տանում են։ Հետևաբար խորհրդարան մտնելու խնդիր չունենք, բայց ունենք խնդիր երկիրը այս աղետալի վիճակից փրկելու համար։

 

- Ե՞րբ պարզ կլինի «Ժառանգության» վերջնական որոշումը՝ մասնակցել ընտրություններին, գնալ դաշինքներով, թե ոչ։

 

- Երբ որ քննարկումներն ավարտվեն, այս պահին քննարկումները շարունակվում են։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ