Պաշտպանության նախկին նախարարն իրեն չի համարում պատասխանատու, այլ դիտում է քավության նոխազ


Պաշտպանության նախկին նախարարն իրեն չի համարում պատասխանատու, այլ դիտում է քավության նոխազ

  • 19-12-2016 18:24:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կհայտարարի իր ծրագրերի եւ քաղաքականությամբ զբաղվելու մասին:
 
Դալլաքյանը հայտարարել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Օհանյանի հետ, եւ նա մտահոգ է այն հարցերով, ինչով մտահոգություն է հայտնել Դալլաքյանը: Ըստ ամենայնի, մոտ ապագայում իրականություն կդառնա մամուլի այն տեղեկությունները, թե Սեյրան Օհանյանը կգլխավորի Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը:
Փաստորեն, այդ կուսակցության առանցքային դեմքերը կլինեն մարդիկ, որոնք աշխատել են Սերժ Սարգսյանի հետ մի քանի տարի եւ այժմ հեռացել կամ հեռացվել են նրա մերձավոր շրջապատից: Հեռացվել են դե յուրե եւ դե ֆակտո, թե՞ միայն դե յուրե: Այդ հարցը անկասկած կդառնա մամուլի ուշադրության առարկան, քանի որ այդ կուսակցությունը կդիտարկվի որպես ընդդիմություն «գործուղղված» իշխանական հերթական նախագիծ:
Այն, որ այդ նախագիծը միարժեք շահեկան կլինի առաջին հերթին իշխանության համար, աներկբա է, եթե իհարկե Սեյրան Օհանյանը եւ Վիկտոր Դալլաքյանը չանեն իշխանությանն առնչվող աղմկոտ բացահայտումներ:
Օրինակ, ի՞նչ կարող է ասել քաղաքականություն մտնող պաշտպանության նախկին նախարար Օհանյանը ապրիլի պատերազմի, դրանում բացահայտված կոռուպցիոն մի շարք իրողությունների, մարդկային եւ տարածքային կորստի, դրա պատասխանատուների մասին:
Այն, որ Սերժ Սարգսյանը կառավարության փոփոխության շրջանակում հեռացրեց պաշտպանության նախարարին, փաստացի վկայեց, որ Սարգսյանը նրա վրա է դնում ապրիլի պատերազմին հայկական կողմի պատրաստության կամ անպատրաստության պատասխանատվությունը: Սարգսյանը դա արեց մեղմ տարբերակով, Օհանյանին չհեռացնելով անմիջապես, այլ սպասելով կառավարության ավելի լայն փոփոխությանը եւ այսպես ասած տարալուծելով դրա ֆոնին:
Բայց աներկբա է, որ առանցքային հանգամանքը եղել է ապրիլի պատերազմն ու տեղի ունեցած դե ֆակտո բացահայտումները, վիճակը պաշտպանության ոլորտի կառավարման գործում: Սեյրան Օհանյանի հեռացումը այդ վիճակի գնահատական է:
Այժմ, քավության նոխա՞զ է Օհանյանը, թե ոչ: Այդ հարցի պատասխանը տեսական իմաստով Օհանյանի քաղաքականությամբ զբաղվելն է: Այսինքն, եթե նա իշխանությունից հեռացվելուց հետո մտնում է քաղաքականություն եւ հանդես է գալու իշխանությանը ընդդիմադիր դիրքից, ապա նշանակում է, որ Օհանյանն իրեն չի համարում պատասխանատու, այլ դիտում է քավության նոխազ: Այլապես, նախկին նախարարը չէր մտնի քաղաքականություն, իշխանությանը չմղելով արդեն այլ գործողությունների: Որովհետեւ, եթե Սեյրան Օհանյանը իսկապես ձախողել է կարեւոր բաներ, ապա նրա ընդդիմադիր գործունեությունը այլեւս կլինի իշխանության վերահսկողության տակ, նա կլինի իշխանության համար խոցելի, կառավարելի: Դա էլ մյուս հանգամանքն է, որը կարող է կասկած առաջացնել, որ հեռացնելով Օհանյանին, նրան մղում են ընդդիմադիր դաշտ, այնտեղ իշխանության համար նոր բուֆեր ձեւավորելու համար:
Այդ հարցադրումները, հարցերը, նաեւ հնարավոր շահարկումները կանխարգելելու, կամ այդ ամենը փակելու համար նախկին նախարարն ունի մի ճանապարհ` պատասխանել այդ ամենի վերաբերյալ հարցերին՝ հստակ, միարժեք: Իհարկե, այն հարցերին, որոնք չեն պարունակում ռազմական գաղտնիք, քանի որ անկասկած կան այդպիսիք, կամ կարող են լինել:
Սակայն մի բան հստակ է, որ չի կարող գաղտնիք լինել պատասխանատվության խնդիրը, հետեւաբար քաղաքականություն մուտք գործող Սեյրան Օհանյանը պետք է հստակեցնի այդ խնդիրը` պատասխանատվությունը ապրիլին ի հայտ եկած խնդիրների եւ հետեւանքների համար:
Դա կօգնի հանրությանը ձեւավորել Օհանյանի քաղաքական գործունեության հանդեպ համարժեք վերաբերմունք:
Ընդ որում, խնդիրը միայն կոնկրետ անձեր մատնանշելը չէ, այլ նաեւ երեւույթներ, այդ թվում քաղաքական` ներքին ու արտաքին, կապված նաեւ Հայաստանի իշխանության մի շարք որոշումների հետ, որոնք նախորդել են ապրիլի պատերազմին, ուղեկցել այդ չորս օրերին, հաջորդել դրան:
Դրանից է կախված լինելու` քաղաքականության մեջ նախկին նախարարը կծառայի հանրությանն ու պետությա՞նը, թե՞ իշխանությանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն