Պետության կողմից անմարդկային վերաբերմունք է դրսևորվում ամբաստանյալ Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ. փաստաբան (տեսանյութ)


Պետության կողմից անմարդկային վերաբերմունք է դրսևորվում ամբաստանյալ Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ. փաստաբան (տեսանյութ)

  • 20-12-2016 14:24:10   | Հայաստան  |  Իրավունք



Պետության կողմից անմարդկային վերաբերմունք է դրսևորվում ամբաստանյալ Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ: Վերջինիս մահվան դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնելու է պետության վրա:  Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
 
Ըստ նրա` 2015 թվականին փետրվարի 19-ին, երբ Ռազմիկ Ավետիսյանը սեփական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, պատճառ դառնալով երկու մանկահասակ երկվորյակ երեխաների մահվան և 83-ամյա տարեց կնոջ մարմնական ծանր վնասվածքների, ավտոմեքենան վարելիս էպիլեպսիայի նոպա է ունեցել, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը:  
Տ. Հայրապետյանի խոսքերով` մեքենան մի քանի հարյուր մետր ընթացել է վարորդի անգիտակից վիճակի պայմաններում, արդյունքում բախվել է մայթեզրին կանգնած մի խումբ մարդկանց, այդ թվում մանկահասակ երկվորյակներին: 
«Գործն աննախադեպ էր նրանով, որ մեկից ավելի մահ գրանցվեց և մեկից ավելի անձիք ստացան ծանր մարմնական վնասվածքներ. Այս առանձնահատկությունից ելնելով` բնականաբար միանգամից խափանման միջոց ընտրվեց կալանքը, հետագայում գործի քննության ընթացքում դատարանը և քննիչը փորձաքննություն նշանակեցին պարզելու համար, թե վարորդն ըստ էության կարող էր արդյոք կանխել վթարը թե ոչ, սակայն փորձագետի եզրակացություն էր տվել, որ Ռազմիկ Ավետիսյանը մինչև ավտովթարի պահը և մայթեզրին կանգնած մարդկանց բախվելը, կորցրել է գիտակցությունը»,- ասաց նա` հավելելով, որ անգամ շտապ օգնության մեքենայի ժամանելու ընթացքում մեղադրյալը գտնվել է անգիտակից վիճակում: 
Տ. Հայրապետյանի փոխանցմամբ` արդեն 9 ամիս է, ինչ տարբեր պատճառներով դատական նիստերը հետաձգվում են և դատական քննությունը չի ավրատվում: 
«Փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ վերջին 8-9 ամիսների ընթացքում որևէ դատական ակտ չի կայացվում, իսկ այս ընթացքում մեղադրյալի առողջական վիճակը բավականին ծանրացել է, քանի որ 2-3 ինֆարկտ է ստացել, անըդհատ գտնվել է հիվանդանոցներում»,- տեղեկացրեց փաստաբանը` ընդգծելով, որ գործի մյուս առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դեռևս մայիս ամսին, երբ Ռազմիկ Ավետիսյանը դարձյալ գտնվել է մահամերձ վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել վիրահատության և այդ ժամանակ այս գործով պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատավորին կալանավորումը գրավով փոխարինելու մասին և դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է միջնորդությունը` կալանքը փոխարինելով գրավով:
Տ. Հայրապետյանի տեղեկացմամբ` հինգ ամիս ամբաստանյալը գտնվել է ազատության մեջ, սակայն դատախազն այս գործով գրավի դեմ բողոք է ներկայացրել, արդյունքում վերաքննիչ դատարանը քննել է բողոքը, վերացրել է կալանքը, իսկ վճռաբեկ դատարանը թողել է նույն որոշումը, արդյունքում մեղադրյալին կրկին տեղափոխել են կալանավայր, այնտեղից դատապարտյալների հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը վատթարացել է: 
Փաստաբանի պնդմամբ` Ռազմիկ Ավետիսյանի ներկայիս առողջական վիճակն անբուժելի է, ավելին` նման հիվանդությամբ տառապող մարդիկ պարզապես մահանում են կամ արտասահմանում ենթարկվում են վիրահատության` փորձելով ինչ որ կերպ փրկել նման հիվանդի կյանքը: 
«Մենք ունենք բոլոր բժշկական փաստաթղթերը, այսինքն` այս հարցը կասկածի տակ դրվելու չէ, մենք ունենք նաև այդ առումով շատ լավ օրենսդրություն. Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի երկու դրույթներով համապատասխան հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է քրեական վարույթ իրականացնող մարմին և հսկողություն իրականացնող դատախազին հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ, ինչը մեզ մոտ չի արվում»,- նշեց Տ. Հայրապետյանը` հավելելով, որ անձի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությամբ կարող է հանդես գալ նաև քրեակատարողական հիմնարկի պետը: 
Ըստ նրա` օրենքի պահանջը համապատասխան մարմինների կողմից չկատարվելու մասին նամակով դիմել են տարբեր պետական կառույցների, որոնք լղոզված պատասխաններ են տվել` խուսափելով բուն հարցին վերաբերող պատասխանից: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք