Երևանում բացվեց չկատարած հանցանքների համար բանտերում երկար տարիներ պատիժ կրած ամերիկացիների ֆոտոցուցահանդեսը. (տեսանյութ և ֆոտոշարք)


Երևանում բացվեց չկատարած հանցանքների համար բանտերում երկար տարիներ պատիժ կրած ամերիկացիների ֆոտոցուցահանդեսը. (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 20-12-2016 22:24:02   | Հայաստան  |  Մշակույթ



«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում այսօր բացված լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, որ անմեղ դատապարտվածներ կան աշխարհի ցանկացած երկրների բանտերում և սա համաշխարհային խնդիր է, որի վրա ուշադրություն են բևեռում ազատության մեջ գտնվող մարդիկ: 
 
«Անմեղ մարդիկ ամերիկյան բանտերից» ցուցահանդեսի նախաձեռնողներից մեկը լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի հիմնադիր Զարուհի Մեջլումյանն է, ով 2013 թվականից միացել է ԱՄՆ-ում ստեղծված «Անմեղության ցանցին» և Հայաստանում սկսել է զբաղվել անմեղ դատապարտյալների խնդրով` հույս ունենալով, որ մի օր Երևանում կցուցադրվեն  դատական սխալ որոշումների հետևանքով դատապարտվածների ֆոտոպատմությունները: 
Զարուհի Մեջլումյանը փաստում է, որ պարբերաբար նամակներ է ստանում հայ դատապարտյալներից, ովքեր պնդում են, որ իրենք դատական սխալների զոհ են: 
16 տարի չկատարած հանցանքի համար ամերիկյան բանտում պատիժ կրած Ջեֆֆերի Դեսկովիչը Հայաստան է եկել ոչ միայն այս ցուցահանդեսին մասնակցելու, այլև սեփական օրինակով կոչ անելու հայաստանյան արդարադատության համակարգի պատասխանատուներին կատարել համապատասխան բարեփոխումներ՝  հնարավորություն ընձեռելով իր նման տուժած դատապարտյալներին ապացուցել սեփական անմեղությունը:  
Բռնաբարության, սպանության և զենքի գործածության մեղադրանքով 1990 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված Ջեֆֆերի Դեսկովիչն արդարացվել է 2006 թվականին, իսկ արդարացման հիմքը եղել է ԴՆԹ թեստը: Բանտում կորցրած 16 տարիների համար պետությունը նրան ֆինանսական փոխհատուցում է տրամադրել:  
«Ուրախ եմ, որ այստեղ քննարկվում է իմ դեպքը, քանի որ այն կարող է օրինակ լինել հայաստանյան արդարադատության համակարգի համարԵս վստահ եմ, որ այստեղ ևս կան անմեղ դատապարտյալներ, որոնց պետք է հնարավորություն տալ սեփական անմեղությունն ապացուցելու համար: Բանտարկության տարիներին ես գտնվում էի հուսահատության մեջ, անգամ երեք անգամ մտածել եմ ինքնասպանության մասին»,- նշեց Ջեֆֆերի Դեսկովիչը՝ հավելելով, որ իրականում ընթերցվող դատավճիռը մղձավանջ է ոչ միայն անմեղ դատապարտյալի, այլև նրա ընտանիքի համար: 
ԱՄՆ-ում հին ժառանգության քրեական գործերի վերաբացման արդյունքում արդարացվել է մոտ 1940 մարդ, որոնցից 350-ը ԴՆԹ փորձաքննության արդյունքների հիման վրա:
 
Էլիզա Զախարյան, Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը՝ «Նոյյան Տապան»-ի
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play