Ռուսաստանի «Իմպերիական ամբիցիաները» եւ Հայաստանը


Ռուսաստանի «Իմպերիական ամբիցիաները» եւ Հայաստանը

  • 21-12-2016 17:55:02   | Հայաստան  |  Վերլուծություն
Խորհրդային միության կազմալուծումը Արեւմուտքը փորձում է ներկայացնել որպես 20-րդ դարի վերջին տեղի ունեցած սպասված եւ պոզիտիվ իրադարձություն, բռնապետության կործանում, դեմոկրատիայի եւ արդարության հաղթանակ։
 
Հենց այդպիսի ընկալում կար նաեւ 1991 թ. Հայաստսնի Հանրապետությունում, երբ վերջինս հանրաքվե անցկացնելով հայտարարեց իր անկախությունը։
 
Դրանից հետո սկսվեցին տնտեսական ծանր ու դժվար տարիները, որոնք էլ ավելի էր բարդացնում Ղարաբաղյան պատերազմը։ Սակայն հենց այդ պատերազմն էլ շատերին թույլ չտվեց ընկալել, թե իրականում ինչ է կատարվում, եւ որոնք են տնտեսական դժվարությունների իրական պատճառները․ նոր իշխանությունների անփորձությունը, անհագ ընչաքաղցությունը, կոռուպցիան, նախկին տնտեսական կապերի փլուզումն ու սեփական արտադրանքի ցածր որակը, թե՞ այլ ավելի խորքային ու թաքնված պատճառներ։
 
Այդ ամենի բացատրությունը «Անցումային տարիների» անհրաժեշտությամբ, որոնք կարծես թե անխուսափելի երեւույթ են նման քաղաքական փոփոխությունների պարագայում, եւ ՀՀ-ի տնտեսական ծանր վիճակը դրանցով պատճառաբանելը, ինչը արվում էր անկախության առաջին տարիներին, այլեւս քննադատության չեն դիմանում, քանի որ այդ անցումը արդեն շարունակվում է 25 տարուց ավելի եւ դեռ վերջը չի երեւում։
 
Երկար ժամանակ պահանջվեց, որ Հայաստանում սկսեն հասկանալ, որ այն ուղղորդված ծրագիրը, ինչը կիրառում էր Արեւմուտքը Խորհրդային Միությունը տնտեսապես եւ քաղաքականապես թուլացնելու եւ քայքայելու համար, Խորհրդային Միության փլուզումից հետո չի դադարել գորխել եւ շարունակվում է արդեն ԽՍՀՄ նախկին հանրապետություններում՝ անկախ պետություններում, թուլացնելով նրանց տնտեսությունը, փոշիացնելով արդյունաբերական եւ գիտական ներուժը, դարձնելով նրանց տնտեսապես անմրցունակ, լավագույն դեպքում տուրիստական, գյուղատնտեսական եւ հումքային կցորդ։
 
Հենց այդ ծրագրերի շրջանակներում ՀՀ-ին պարտադրված «վայրի ու անարդար սեփականաշնորհումը» վերջնականապես խարխլեց երկրի տնտեսությունը, ոչնչացրեց նրա արդյունաբերական գործարանները՝ հաստոցները որպես մետաղի ջարդոն վաճառքի հանելով աջ ու ձախ, փակելով գիտական ինստիտուտները, պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ հիմնարկությունները, հանքարյունաբերական օբյեկտերը, հիմնարկներն ու կառույցները, որոնք անցան մասնավորի, իսկ հետո շատ արագ օտարերկրացիների ձեռքը, որոնք սակայն միշտ չէ որ շահագրգռված էին դրանց աշխատանքի շարունակությամբ: ՀՀ-ն բազմաթիվ վարկերի, դրամաշնորհների եւ օգնությունների շրջանակներում դարձավ ամենաաղքատ բնակչություն ունեցող երկրներից մեկը, պաշտոնական տվյալներով աղքատության տոկոսը ՀՀ-ում կազմում է շուրջ 30 %։
 
Կատարվածը կատարված է․ ինչպես ասում են պատությունը եթե-ներ չի ընդունում։
 
Սակայ խնդիրն այն է, որ երբ այժմ էլ, ելնելով տնտեսական նպատակահարմարությունից ու առկա հնարավորություններից փորձ է արվում տնտեսական կապերի վերահաստատմամբ վերականգնել տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության ու ԱՊՀ այլ պետությունների հետ, եւ դուրս գալ պարտադրված այս աղքատության իրավիճակից, տրանսֆերտների հաշվին ապրող, բացասական  սալդո ունեցող պետության կարգավիճակից, ոմանց կողմից կրկին գործի են գցվում ԽՍՀՄ կազմալուծած նույն քայքայիչ քաղաքական եւ տնտեսական ծրագրերի մեխանիզմները, եւ այս անգամ եւս խորամանկ լրատվական – քարոզչության քաղաքականություն իրականացնելու միջոցով առաջ են քաշվում նոր, կեղծ վտանգների մասին զգուշացումներ, նպատակ ունենալով սեպ խրել ՀՀ-ի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ արդեն առկա պայմանագրային հարաբերությունների մեջ, անընդհատ սերմանելով բացասական հասարակական կարծիք Ռուսաստանի եւ ողջ հետխորհրդային տարածքի նկատմամբ։
 
ՀՀ-ի հասարակությանը  հատկապես վախեցնում են Ռուսաստանի "Իմպերիական ամբիցիաներով", նոր միության ստեղծման հեռանկարով, որը լրիվ պիտի ոչնչացնի ՀՀ-ի պետական անկախությունը։ Այս քարոզչությունը տարվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում: Այս քարոզչությունը հատկապես ուժեղացավ վերջին տարիներին, երբ Ռուսաստանը սկսեց ավելի ընդգծված ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։
Ինչ որ առումով հենց այս քարոզչության  հետեւանքն են Ուկրաինական իրադարձությունները, Բելոռուսի նկատմամբ քարոզվող բացասական վերաբերմունքը։ Մինչդեռ հենց Բելոռուսի ժողովուրդն անցումային դժվարություններ գրեթե չունեցավ, քանզի իշխանությունները թույլ չտվեցին երկրի տնտեսական ինֆրաստրուկտուրայի փլուզում։  Իսկ Ուկրաինական իրադարձությունները ցույց են տալիս, որ որդեգրված ընդգծված հակառուսական քաղաքականությունը, ոչ միայն չի լավացնում Ուկրաինայի տնտեսությունը, այլեւ լրիվ ի չիք դարզնելով ուկրաինական տնտեսության դիֆերսիֆիկացիան, վերջինիս տնտեսությունը լրիվ կախվածության մեջ է դնում Արեւմուտքից, որտեղ ինչպես եւ ՀՀ-ի պարագայում, տնտեսապես եւ արդյունաբերական հզոր Ուկրաինա չեն ուզում տեսնել։  Եւ ինչպես ՀՀ-ում 90-ականներին, ժողովուրդն իր տնտեսական դժվարությունների պատճառը տեսնում էր ոչ թե իրական պատճառների, այլ Ղարաբաղյան պատերազմի մեջ, այնպես էլ այժմ Ուկրաինայում ներկա դժվարությունները ավելի շուտ կապում են երկրի արեւելյան շրջաններում ընթացող ռազմական հակամարտության, քան թե Արեւմուտքի կողմից Ուկրաինան տնտեսական մրցակցությունից դուրս մղելու ծրագրերի հետ։
 
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա վերջինիս իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ չնայած երկրի փոքրությանը եւ տնտեսական թուլությանը, ստեղծված իրավիճակի մեջ միակ ճանապարհը սեփական տնտեսության ոտքի հանումն է, գիտահենք տնտեսության վերաստեղծումը, տնտեսական կապերի ուժեղացումը բոլոր հնարավոր տնտեսական խաղացողների, այդ թվում՝ հետխորհրդային երկրների եւ Ռուսաստանի Դաշնության հետ։
 
Դա այն շուկան է, որտեղ ՀՀ-ում արտադրված ապրանքները կարող են լիարժեք տարածվել ու սպառվել, որտեղ ՀՀ-ի ապրանքներին, եթե նույնիսկ չեն էլ սպասում, ապա գոնե վերեւից չեն նայում։  Մնում է, որ ՀՀ-ն առանց դրսի քարոզչության ազդեցության կարողանա կազմակերպել իր տնտեսությունը։
 
21.12.2016 թ.
Նոյյան տապան  -   Վերլուծություն