Թե՛ դեպի Եվրասիա եւ թե՛ դեպի Եվրոպա. Շահան Գանտահարյան


Թե՛ դեպի Եվրասիա եւ թե՛ դեպի Եվրոպա. Շահան Գանտահարյան

  • 25-12-2016 22:14:31   | Լիբանան  |  Վերլուծություն

 
Իրանյան բարձրագույն մակարդակով մեր երկիր կատարված այցելությունը ինչպես քաղաքական, այնպես նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ բնականաբար չի սահմանափակվում արձանագրային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումների ճշտած օրինաչափություններում:
 
Խորքում ապամեկուսացման ճամփան բռնած Իրանի առաջին կարեւոր դրսեւորումն էր սա, որ որքան Իրան-Հայաստանի Հանրապետություն, նույնքան եւ ավելի Իրանի` դեպի արտաքին աշխարհ եւ Արեւմուտք նոր ուղղությունների նվաճման նախադրյալներն է պարփակում:
Ապամեկուսացվող Իրանի առաջին դուռն է ՀՀ-ն, ոչ անպայման միայն դեպի ԵՏՄ. փաստորեն Ռուհանիի այցելության երկրորդ եւ երրորդ հանգրվաններն են Ղազախստանն ու Ղրղզստանը: Սա նշանակում է, որ դեպի ԵՏՄ նախադուռը Իրանի համար աշխարհագրականորեն եւ տարանցիկ հանգամանքի բոլոր հատկանիշերով մեր հանրապետությունը իր դիրքով նոր կարգավիճակ ստանալու տվյալները սկսում է ամբողջացնել:
Այս հանգամանքը հավանաբար մեկուսացման վիճակում գտնված պահին էլ կարող է աշխատել եւ որոշ առավելություններ ձեռք բերել ինչպես Իրանի, այնպես նաեւ ՀՀ-ի համար:
Խնդիրը ավելի հեռահար է ու հեռանկարային` նաեւ հետեւյալ բացատրությամբ: Իրանը ցամաքային առումով դեպի Սեւ ծով դուրս գալու եւ այնտեղից նաեւ դեպի Եվրոպա դարձյալ առաջին դուռը, որից պիտի մուտք գործի, անմիջականորեն տեսնում է ՀՀ-ը: Հայաստանյան այս տարանցիկությունը եզակի հանգամանք է Իրանի իրողական ապամեկուսացման գործընթացում: 
Հայաստանի Հանրապետությունը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ցամաքային կամուրջ է եւ իբրեւ այդպիսին իրանյան ապրանքաշրջանառության դեպի Արեւմուտք հունավորման անշրջանցելի ուղի  է հանդիսանում:
Հայկական լրատվադաշտում որոշ հիմնավորումներով նկատելի դարձան ռուսական գործոնի բացասական ազդեցության մասին տեսակետներ Իրան-ՀՀ հարաբերությունների սերտացման թափը կասեցնելու կամ դանդաղեցնելու առումով:
Բնականաբար չի բացառվում, որ հատկապես գազի մատակարարման ուղղությամբ ռուսական գործոնը աշխատած լինի իրանյան գազատար խողովակների տրամաչափերի սահմանափակման համար: Այսուհանդերձ չափազանցված պիտի լինի ներկայացնելը այն, որ ռուսական ճնշումով եւ հայկական կողմի մեղքով է, որ նման բարձր մակարդակի այցելությունը ձգձգվել է եւ միայն այսօր է, որ տեղի է ունենում:
Միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն նպաստավոր կլինեն եւ դրանց մակարդակների աստիճանի բարձրացումները քաղաքական համատեղ նպաստավոր պահի ընտրության հետ առնչվել են սերտորեն:
Իրանը պետք է սպասեր ապամեկուսացման միջազգային որոշումներին (թեկուզ պարանաձգվող եւ դանդաղող), որպեսզի իմաստ ունենար մեր երկրի վրայով հասնելու Սեւ ծով եւ դուրս գալու դեպի Եւրոպա: Պատժամիջոցների ենթարկված եւ դեպի Եւրոպա ելքը արգելված Իրանի համար նախապես այդքան նշանակություն պիտի չունենար Հայաստանի տարանցիկությունը:
Ամենայն հավանականությամբ այդքան անարգել պիտի չլինի Իրանի ապրանքաշրջանառությունը Հայաստանի վրայով դեպի Եվրոպա ուղղորդելը: Բայց միտումները հստակ են, եւ Իրանը ապամեկուսացման ընթացքի մեջ է, որի  համար էլ հետզհետե շեշտվում է ՀՀ-ի նշանակությունը իբրեւ կարեւորագույն, անշրջանցելի կամուրջ:
Ի դեպ, նրանք, ովքեր հետեւում էին հայ-իրանական հարաբերությունների ընթացքին, նկատած պիտի լինեին, թե պատժամիջոցների մեղմացումից հետո հայկական կողմը որքա՛ն աշխուժորեն ձեռնամուխ եղավ տնտեսական (թե տնտեսաքաղաքական) հարաբերությունների աշխուժացմանը: Մի շարք հայ պաշտոնատարներ իրար հետեւից մեկնեցին Թեհրան: Պետք է նշել, որ այս երեւույթում նկատելի էր նաեւ Իրանում ՀՀ դեսպանի ներդրումը: Անշուշտ համարժեք է եղել նաեւ Իրանի իշխանությունների արձագանքը:
Եւ ահա ականատես ենք կատարված աշխույժ աշխատանքի արդյունքին:
Միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն ընկալելի շարժառիթներով կաշխատեն, կզարգանան եւ կհասնեն բարձրագույն մակարդակների: Հիմա Իրանի ապամեկուսացման եւ ՀՀ-ի կարեւոր կամուրջի դեր ստանալու հանգամանքի ստանձնման նախապատրաստությունն է:
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն