Հատում ենք 2016 թվականը՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Հատում ենք 2016 թվականը՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

  • 25-12-2016 22:45:56   | Նիդեռլանդներ  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի հայրենակից բարեկամնե'ր , նիդերլանդահայ համայնքի թանկագին քույրեր և եղբայրներ, ահա և մոտեցավ ևս մեկ ժամանակաշրջանի ավարտ՝  հատում ենք 2016 թվականի վերջնագիծը:  Չնայած մեզ պարտադրված մարտահրավերներին, այն հատկանշական էր մեր երկու պետությունների՝  Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հոբելյանական 25-ամյա տարեթվերով, որը մեր ազատ ապրելու, արարելու դարերի իղձն  էր:
 
Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպություններն այս անգամ ևս փաստեցին Հայրենիքի կողքին լինելու անսահման սերն ու նվիրվածությունը: Դրա ապացույցն էր ապրիլի սկզբներին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հանդես բերած մեր միասնությունն ու համախմբվածությունը: Սա նպաստեց, որպեսզի բռունցքվենք ու աշխարհով մեկ բարձրաձայնենք 21-րդ դարում տեղի ունեցող վայրագությունները,  այն կանխելու համար հանդես գանք անգամ հայատյաց կոչերը դատապարտելու նախաձեռնություններով:
Հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան, լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ:  Որպես լավատեսական ցանկություն կուզեինք, որ մեր հպարտ ժողովուրդն ապրեր արժանավայել՝   լիահույս ապագայի հանդեպ ունեցած հավատի սպասելիքներով, Թող, որ զինվորի մայրը ուրախ սրտով ու ժպիտով ճանապարհի ու տուն ընունի  իր զավակին՝ Հայրենիքի զինվորին:
Թող 2017 թվականը բոլորիս համար հաջողությունների, բարօրության և նոր ձեռքբերումների տարի լինի:
 
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծննունդ:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն