Ժող. եւ ազգագրական պարերի 1-ին հանրապետական մրցանակաբաշխությանը պատվոգրեր հանձնվեցին նաեւ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերին


Ժող. եւ ազգագրական պարերի 1-ին հանրապետական մրցանակաբաշխությանը պատվոգրեր հանձնվեցին նաեւ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերին

  • 26-12-2016 00:11:16   | Հայաստան  |  Մշակույթ

Սոս Սարգսյանի անվան Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում (Համազգային թատրոն) 
կայացավ  Վահրամ Արիստակեսյանի անվան Ժողովրդական եւ ազգագրական պարերի 1-ին հանրապետական մրցանակաբաշխությունը, որը սկսվեց  մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանք ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված  զինվորների վառ հիշատակի:
Մրցանակաբաշխության ընթացքում  խրախուսական պատվոգրերի արժանացան զոհված հայորդիների մայրերը՝ Արմեն Հովհաննիսյանի, Արամայիս Ոսկանյանի,Պարույր Մելքոնյանի, Նորիկ Գասպարյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ադամ Սահակյանի, Սասուն Մկրտչյանի, Սաշա Գալստյանի, Ժորա Եսայանի, Արամ Աբրահամյանի, Արամայիս Միքայելյանի, Տիգրան Բերակչյանի, Բագրատ Ալեքսանյանի, Գրիգոր Հարությունյանի: Պատվոգրեր ստացան նաեւ    պատերազմից վերադարձած Հարություն Բադալյանը, Շուլի Հակոբյանը, Ռաֆաել Հովհաննիսյանը, Գևորգ Մանուկյանը, Գոռ Դարմանյանը եւ Արման Ավետիսյանը:
 
Մրցանակաբաշխությանը մասնակցում էին Երեւանի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի  ժողովրդական եւ ազգային շուրջ  12  պարային խմբեր, ինչպես նաեւ Մոսկվայի Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Տոլյատիի  6 ժողովրդական պարային անսամբլներ, որոնք  2016 թվականին իրենց բեղուն աշխատանքի, տարբեր մրցույթների
մասնակցության եւ հաղթանակների արժանանալու համար ստացան մրցանակներ: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցին տեղեկացրեց Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ, միջոցառման կազմակերպիչ  Արման Ղուկասյանը, մրցանակաբաշխություն կազմակերպելու մտահղացումը ասոցիացիայի կողմից ծագել է դեռեւս 2 տարի առաջ. «Նման մրցանակաբաշխություն կազմակերպելը, ըստ մեզ, ունի մեկ նպատակ. ժողովրդական պարային լավագույն խմբերը, որոնք մասնակցելով հանրապետական եւ միջազգային բազմաթիվ փառատոների,  միշտ բարձր են պահել Հայաստանի անունն ու լավագույն հորիզոնականները զբաղեցրնելով՝  վերադարձել հայրենիք, իրենց երկրում եւս ստանան մրցանակ»: Ըստ նրա՝  թեեւ Հայաստանում    ժողովրդական ժանրի պարային խմբեր շատ կան, սակայն մրցանակի են արժանացել այն պարային խմբերը, որոնք համագործակցում են Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հետ: 
Ա. Ղուկասյանի փոխանցմամբ,   այս միջոցառման անցկացման համար  պետության կողմից  աջակցություն  չի եղել, մինչդեռ հրավերներ են ուղարկվել ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարություններին, սակայն  վերջիններիս եւ ոչ մի ներկայացուցիչ միջոցառմանը  ներկա չի գտնվել:    Նա տեղեկացրեց նաեւ, որ  այս մրցանակաբաշխությունը կրելու է ամենամյա բնույթ, եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի վերոնշյալ նախարարությունների ներկայացուցիչները ներկա կգտնվեն  եւ կփորձեն ֆինանսապես  աջակցել միջոցառման անցկացմանը, որպեսզի  ժողովրդական պարային խմբերը կարողանան  ավելի շատ մրցույթների մասնակցել  եւ հաղթանակած վերադառնալ հայրենիք:      
 
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Տայք», «Լեռնապար»՝ Կարնո քոչարի,  «Շիրխանի»՝ ազգագրական պարերի շարան, «Անի»՝ Պար Արցախի, «Լուսիլ Դանս» Կիլիկիա,  «Ինսայթ» Սարդարապատ , «ԱԶԴ» ազգագրական պարերի շարան, «Կումարի»՝ Պարմանի, «Վերածնունդ»՝ Մուշ,  «Մարինա  Դանս», «Գոլդ Սթարս» բալենի, «Հուշեր»՝ գյումրվա շորոր, «Նինահար» ազգագրական պարերի կատարումներով, որոնք էլ արժանացան մրցանակների:
 
 
Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play